Նախկին իշխանությանը պատկանող հեռուստաընկերությունները մեր համար եթերը փակել են, պատկերացրեք, որ գան իշխանության, ինչ կանեն. Էդմոն Մարուքյան

Իմ ասածներում ոչինչ չի փոխվել, և ինչ ասել եմ, ուժի մեջ է. եթե նախկին իշխանությունները մեծ ցանկություն և օրակարգ ունեն, որ իշխանափոխություն լինի Հայաստանում, ապա պետք է պրոցեսից դուրս գան: Այդ մասին այսօր ԱԺ ճեպազրույցներում հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, արտախորհրդարանական ընդդիմության, որը նույն նախկին իշխանության ներկայացուցիչներն են, աջակցության մասին տեղեկատվությունը ուռճացվում է:

Ըստ Մարուքյանի, այդ ուռճացման գործում մեծ դեր ունի նաև իշխանությունը: «Իշխանությունը նախկիններով վախեցնում է, ասում է՝ նրանք գալիս են, եկեք մեզ ընտրեք: Եվ եթե նախկիններով կազմված ընդդիմությունը շատ ակտիվանա ու սրի իրավիճակը՝ հայտարարելով, թե ընտրությունները երկբևեռ են լինելու, այդ իմաստով դա աջակցություն կլինի Նիկոլ Փաշինյանին», -հավելեց պատգամավորը:

Իրականում, ըստ նրա, ընտրություններում մասնակիցները պետք է կարևորեն ծրագիրը՝ ինչ են առաջարկում ժողովրդին:

«Վերջին հաշվով 2018-ին հեղափոխությունը որ եղել է, հո չի եղել Սերժ Սարգսյանի դեմ: Այն եղել է համակարգի դեմ: Հիմա եթե այդ համակարգի մի մասը մտածում է, թե դա համակարգի դեմ չի եղել, այլ եղել է Սերժ Սարգսյանի դեմ, սխալ է: Հիմա մի հետաքրքիր բան ասեմ՝ նախկին իշխանության ներկայացուցիչների հեռուստաընկերությունները արդեն մեկ տարի է, քաղաքական հաղորդումների չեն հրավիրում: Հիմա արդեն իշխանության չեկած իմ դեմ եթերը փակել են, բա որ գան իշխանության, ի՞նչ են անելու: Բայց պարզ է, որ իշխանության չեն գա», -հայտարարեց Մարուքյանը: