Ամարասի վրայից իջեցվել, ապա հետ է տեղադրվել Արցախի դրոշը. Մաճկալաշենի գյուղապետ․ Factor.am

Այսօր ցերեկը հայտնի դարձավ, որ Արցախում՝ Ամարասի վանական համալիրի վրայից իջեցվել է Արցախի պետական դրոշը։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում հայտնեց վանքին մոտ գտնվող Մաճկալաշեն համայնքի ղեկավար Լեռնիկ Ավանեսյանը, սակայն վերջինս նշեց, որ ավելի ուշ դրոշը հետ է տեղադրվել։

Ի՞նչն է եղել դրոշի իջեցման պատճառը՝ Ավանեսյանն ասաց. «Ռուսների միջամտությամբ է դա եղել։ Ռուսները եկել, իջեցրել են։ Դրոշին վերաբերող հարցերի հետ ես կապ չունեմ։ Բայց այսօր նորից տեղադրվել է, ես տեսել եմ»։ Համայնքապետը հավելեց՝ արտասովոր ոչինչ չկա, սա ոչ առաջին դեպքն է, ոչ՝ վերջինը։ Նշենք, որ նախկինում վանքում Արցախի դրոշ տեղադրված չի եղել, սակայն 44-օրյա պատերազմից հետո, երբ շփման գիծը մոտեցել է Ամարասի տարածքին և այժմ մոտ 1000 մետր հեռավորության վրա է, որոշում է կայացվել դրոշ տեղադրել։