«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը
– Տիկի՛ն Հայրապետյան, վերջին շրջանում հայ ռազմագերիների հարցերով զբաղվող իրավապաշտպաններն ահազանգում են, որ հատկապես Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ադրբեջանական գրասենյակի փակումից հետո մեր ռազմագերիների վիճակն էլ ավելի է բարդացել, քանի որ գտնվում են տոտալ տեղեկատվական բլոկադայի մեջ: Ադրբեջանական կողմում ի՞նչ արձագանքներ կան այս ամենի վերաբերյալ, դուք ինչպե՞ս եք գնահատում կատարվողը:
– Կարծում եմ՝ օգոստոսի 8-ից՝ Վաշինգտոնում տեղի ունեցած քննարկումից, հռչակագրի ստորագրումից ու խաղաղության համաձայնագիր անունը կրող տեքստի նախաստորագրումից հետո այդ խնդրի լուծումը շատ հրատապ է դարձել, որովհետև եթե խոսում ենք հնարավոր խաղաղությունից, ապա մեր գերիների հետ կապված շինծու դատական գործընթացները գերազանցապես գործում են ատելության հետագա քարոզչության համար:
Եթե բացեք դրան նախորդող շրջանում ընթացող բավականին ինտենսիվ դատավարությունները, գրեթե ամեն օր մեր 15 ռազմագերիների կամ Ռուբեն Վարդանյանի հետ կապված հրապարակումներ արվում են: Նյութերը գերազանցապես պաշտոնապես են արվում, այսինքն՝ բացի պաշտոնական լրատվամիջոցից այլ աղբյուր գոյություն չունի, որոշ ընդդիմադիր լրագրողներ նաև փորձել են մտնել դատական նիստերին, բայց նրանց թույլ չեն տվել, միջազգայինները ևս որևէ հասանելիություն չունեն, այսինքն՝ ամբողջական տեղեկատվական բլոկադա է: Միակ հնարավորությունը Կարմիր խաչի այցերն էին, որոնք փաստացի այլևս չեն լինելու, դրան էլ փոխարինող որևէ կառույց չկա, որ մենք իմանանանք, թե այդ մարդիկ ինչ իրավիճակում են գտնվում:
Հայկական կողմը շատ լուրջ լծակ ուներ, եթե ադրբեջանական կողմը պահանջում է միջազգային ատյաններից իր դեմ ներկայացված դատական հայցերը հետ կանչել, ապա դա նշանակում է, որ այն, ինչ անում է ադրբեջանական կողմը, շինծու է, որովհետև եթե դա իրական լիներ, ապա այդ ամենը ցույց տալու լավագույն տեղը հենց միջազգային դատարանն էր: Բայց Ադրբեջանի պահանջը՝ հետ վերցնել հայցերը, ցույց է տալիս, որ Ադրբեջանը չունի փաստական որևէ հիմք, դա ընդամենը գործընթաց է, որն օգտագործվում է Հայաստանի դեմ, ու որի կարևոր խնդիրներից մեկն էլ ատելության, թշնամանքի քարոզչության շարունակականությունն ապահովելն է:
– Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ռազմագերիների հարցն առանձին են քննարկում, արդյունավետությունը որքա՞ն եք գնահատում:
– Շատ վտանգավոր է, երբ դա դրվում է երկկողմ քննարկման հարթակ, որովհետև այդ հարթակում լուծում չի կարող ստանալ՝ հաշվի առնելով այս ամենի քաղաքական բնույթը ու այն, որ հայկական կողմը փաստացի Ադրբեջանին զիջեց դիվերսանտների, որոնք նաև սպանություն էին կատարել, իսկ Հայաստանը տարավ այդ մարդկանց առանց որևէ բանի հանձնեց Ադրբեջանին:
Հիմա Հայաստանը որևէ լծակ չունի, այդ մարդկանց վերադարձնելու միակ լծակը մնացել է միջազգային հանրության ներգրավվածությունը, հատկապես երբ Վաշինգտոնում Թրամփը խոսեց այդ մասին: Ես չեմ հասկանում, թե ինչո՛ւ հայկական կողմը չի օգտագործում այդ առիթը հարցի հրատապ լուծման հասնելու համար, ինչո՛ւ ամբողջությամբ արհեստական շոու ծրագիր կազմակերպել խաղաղության հետ կապված, բայց իրական որևէ քայլ չանել դրա հետ կապված, որը կլիներ որպես առաջնահերթ քայլ՝ գերիների ազատ արձակումը:
– Տիկի՛ն Հայրապետյան, այսինքն՝ Հայաստանի կողմից տարվող աշխատանքը արդյունավետ չե՞ք համարում:
– Եթե արդյունավետ աշխատանք տարվեր, ապա այդ հարցը լուծում կստանար, հաշվի առնելով այն, որ տարբեր շահագրգիռ կողմեր այդ թեման նաև Սպիտակ տանը մատուցել են. եթե Սպիտակ տանը այդ մասին խոսվում է, ապա նշանակում է, որ այդ թեման արծարծվել է:
Ինչպե՞ս կարելի է այնտեղից վերադառնալ՝ առանց այդ հարցը լուծելու, ինչպե՞ս է ստացվում, որ Ադրբեջանն իր համար բոլոր կարևորագույն հարցերի ամրագրումը ստանում է թղթի վրա, իսկ հայկական կողմը չի կարողանում լուծում տալ այդ կարևորագույն հումանիտար խնդրին:
– Այս դեպքում ի՞նչ է սպասում հայ ռազմագերիներին:
– Հաշվի առնելով թեմայի նրբությունը ու այս մարդկանց հարազատների զգացմունքները՝ չեմ ուզում ավելորդ բառեր կիրառել, բայց կարծում եմ, որ նրանց անվտանգության, կյանքի հետ կապված ռիսկերը մեծանում են, դրա մասին նաև արդարացիորեն ու փաստական ահազանգում են այդ գործերով զբաղվող իրավապաշտպանները: Հետևաբար, ես կարծում եմ, որ պետք է շատ ավելի ինտենսիվորեն աշխատել միջազգային հանրության հետ, որպեսզի խնդրին լուծում տրվի, քանի դեռ մենք շատ ավելի վտանգավոր իրավիճակներ չենք ունեցել այդ մարդկանց կյանքի ու առողջության հետ կապված:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am

















