Սահմանը պահպանելու համար չկրակելու հրամանը կլինի ուղիղ պետական դավաճանություն. Նիկոլ Փաշինյան

Ի բնե հնարավոր չի այնպիսի բան, որ Հայաստանի Հանրապետության սահմանների պահպանության վերաբերյալ տրվի չկրակելու կամ սահմանը չպաշտպանելու հրաման: Այդ մասին այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դա կլինի ուղիղ պետական դավաճանություն: Ի՞նչ է նշանակում եղել է չկրակելու հրաման: Էդպիսի բան չի կարող լինել: Նախ՝ չկրակելու բանավոր-գրավոր հրաման տվողը պետական դավաճանություն է գործում», -հայտարարեց վարչապետը:

Ինչ վերաբերում է նոյեմբերի 16-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից հայ գերիներ վերցնելուն, Փաշինյանն ասաց, որ ժամանակն է գերեվարման յուրաքանչյուր դեպքը հետաքննվի իրավապահների կողմից:

«Հայաստանի Հանրապետության ԶՈՒ-ում ծառայության անցնող յուրաքանչյուր անձ ունի պարտականություններ և պետք է հստակ բոլոր դեպքերով քննություն կատարել: Ի՞նչ է նշանակում գերի ընկնել, ի՞նչ հանգամանքներում», -նշեց նա: