ՀՀ-ն ներկայացնող մարզական լրագրողները Եվրո-2020 հավատարմագրման մերժումից հետո դիմել են ՈՒԵՖԱ-ին

Հայաստանը ներկայացնող մարզական լրագրողները դիմել են միջազգային ֆուտբոլային կառույցներին՝ Եվրո-2020-ի հավատարմագրման մերժման պատճառով: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց մարզական լրագրող Կարեն Ռաֆայելյանը՝ հայտնելով, որ ի սկզբանե ՈՒԵՖԱ-ից նամակ է ստացել, ըստ որի ինքը հավատարմագրում ունի, սակայն այն պետք է հաստատվի հյուրընկալող երկրներին իրավապահ մարմինների կողմից:

«Նախօրեին նամակ ստացա, որ ընդունող երկրներից մեկի իրավապահ մարմինների որոշմամբ ես այլևս հավատարմագրված չեմ: Նրանք, իհարկե, չեն նշում, թե որ երկիրն է մերժել: Բայց ամեն ինչ հասկանալի է դառնում, երբ նույն նամակից ստացել է իմ գործընկերներից  Դավիթ Եղիազարյանը»,-ասաց Ռաֆայելյանը:

Վերջինիս խոսքով` իրենց մոտ նույն իրավիճակն է, ինչ տեղի ունեցավ ռուսական «Матч ТВ» հեռուստաալիքի հայազգի ֆուտբոլային մեկնաբան Նոբել Առուստամյանի հետ:

Ռաֆայելյանը փաստեց, որ արդեն իսկ նամակով դիմել են ՈՒԵՖԱ-ին՝ հասկանալու համար պատճառները:

Կարեն Ռաֆայելյանը լուսաբանել է ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության խաղերը:

News.sport.am կայքի մարզական լրագրող Դավիթ Եղիազարյանը այն երկու լրագրողների մեկն է, ով մերժում է ստացել մրցաշարի համար:

Եղիազարյանն առանձնացրեց, որ Եվրո-2020-ի խաղերը լուսաբանելու համար ՈւԵՖԱ-ին դիմել էր դեռ նախորդ տարի, ինչպես ընթացակարգն է պահանջում:

«Մայիսի 20-ին ՈւԵՖԱ-ն պաշտոնական գրությամբ հաստատել էր, որ ես հավատարմագրվել եմ Եվրո-2020-ի խաղերը լուսաբանելու համար և ուղարկել նաև Սանկտ Պետերբուրգում նախատեսված հանդիպումներին հավատարմագրվելու համար հղումները։ Սակայն Եվրոպայի առաջնության մեկնարկից 2 օր անց՝ հունիսի 13-ի ուշ երեկոյան, ՈւԵՖԱ-ից հայտնեցին, որ հավատարմագրումը չի հաստատվել կազմակերպիչ երկրներից մեկի ոստիկանության որոշմամբ։ Ենթադրաբար դա եղել է Բաքվի կազմկոմիտեի միջամտությամբ։ ՈւԵՖԱ-ն միշտ ընդգծում է, որ ֆուտբոլը պետք է հեռու պահել քաղաքականությունից, սակայն ստացվում է, որ աչք է փակում այդպիսի երևույթների վրա։ Ստացվում է, որ Ադրբեջանի պետական մարմիններն արգելում են հայ լրագրողներին ներկա լինել Ռուսաստանում կայանալիք խաղերին։ Դա, իհարկե, անընդունելի է, և սպորտը քաղաքականացնելու վառ դրսևորում է։ Հիմա սպասում ենք ՈւԵՖԱ-ի պատասխանին։ Հուսով եմ՝ խնդիրը կլուծվի»,-ասաց նա:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ևս նամակներով դիմել է համապատասխան կառույցներին՝ իրավիճակում պարզություն մտցնելու համար: Հարցով հետաքրքրված է նաև Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը: