Սերժի «կոստյումն» ու Նիկոլի «դիետան»

Վահրամ Թոքմաջյան

Նախընտրական քարոզարշավը, ըստ էության և բովանդակության, սկսված է։ Պարտության ճշմարտացիության համոզվածությունը մտքում, աննախադեպության սինդրոմը թևերին ու մի հովիկաղազարյան կրծքի տակ՝ Նիկոլ Փաշինյանն Արագածոտնի մարզում էր։

Եկեք ընդունենք, որ մեր բոլորի մեջ էլ միշտ կա մի փոքրիկ հովիկաղազարյան, բայց մարդկային մտավոր զարգացման հանգրվանի առհավատչյա է այդ փոքրիկ սինդրոմը ճնշելը։ Չէինք ծանրանա այդ սինդրոմի վրա, եթե նախընտրական սպասվող թոհուբոհում այն գերակա չլիներ։ 

Իսկ գերակա լինելու է, քանի որ մենք մսխել են հեղափոխության ընձեռած բացառիկ շանսը՝ ունենալ ինտելեկտուալների, մտքերի, գաղափարների բանավեճ։ Հեղափոխությունից առաջ և հետո շատ էր խոսվում Սերժի «հագով կարված կոստյումի», այն է՝ Սահմանադրության և այլ օրենքների մասին։

Բոլորը, այդ թվում՝ իշխող քաղաքական թիմը, խոսում էին փոփոխությունների անհրաժեշտության մասին։ Ժամանակին ՀՀԿ-ն ունեցավ անշրջահայացություն՝ դեմ քվեարկելու Ընտրական օրենսգրքին, ինչի արդյունքում չհայտնվեց 2018-ի ձևավորած խորհրդարանում (փոփոխություններով անցողիկ շեմը 5 տոկոս էր, իսկ ՀՀԿ-ն ստացել էր 4-ից մի փոքր ավելի, բայց ոչ 5 տոկոս ձայն)։ 

Ընտրական օրենսգրքի, ռեյտինգային համակարգի բացասական կողմերի, վարչական և այլ ռեսուրսների դեմ պայքարի ոչ բավարար գործիքակազմի մասին բազմիցս է խոսվել։

Բոլոր ուժերը, այդ թվում՝ այս օրենսգրքով ընտրություններ հաղթած ՀՀԿ-ն ու «Իմ քայլը» դաշինքը, համաձայնել են առկա խնդրահարույց կետերի և դրանց փոփոխելիության հրամայականի հետ։

Մյուս ուժերի զգալի մասն այն օգտագործել և օգտագործում են ըստ պահի հաճախականության։ Ասել կուզի, զբաղված են ոչ թե պետականությանը միտված քաղաքական օրակարգով, այլ ըստ պատեհության՝ օձ խուզելով։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի վարքագիծը ձեզ օրինակ։ Սակայն նրանք բոլորը չեն հասկանում կամ չհասկանալու են տալիս, որ այս Ընտրական օրենսգրքով ընտրությունների անցկացումը ու դրանց արդյունքները շուռ են գալու հենց իրենց դեմ։ Իրենք դեռ ջհանդամ, մի կերպ կդիմանանք, բայց պետությունն է մեղք։ Իսկ այդ պետությունը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացին է։ 

Ընտրական օրենսգիրքն այս առումով խորհրդանշական է։ Այն ամփոփում է օրենսդրական դաշտն ամբողջությամբ, որի՝ իր հագով ստեղծման մեջ մեղադրում էին Սերժ Սարգսյանին։

Այն ամփոփում է բոլոր վարքագծային, մշակութաբանական և քաղաքական կոդերը, որոնցից երազել ենք ազատվել տարիներ շարունակ՝ ռեսուրսների պայքար, սեփական թիմակիցների և հակառակորդների նկատմամբ կոմպրոմատներ, անձնավորված կռիվներ՝ գաղափարների իսպառ բացակայությամբ, փող, ծեծ, բռնություն, քուչի խուժանի ու «տասովչիկների» ընդգծված դերակատարություն, օլիգարխիայի միախառնում և քաղաքական պարտքեր։

Պարտքեր բոլորին՝ փող բերողին, ձեն բերողին, տասովչիկին, օլիգարխին, գողականին։ Ու այս արատավոր շղթայի վերջը չկա։ Ու չի լինելու, քանի դեռ որևէ իշխանություն, այդ թվում՝ ներկայիս իշխանությունը, չունի տարրական կամք, սեփական «ես»-ը մեկ միլիմետր ստորադասելու և պետության մասին մտածելու։

Մենք նորից գնում ենք նույն արատավոր շղթայով՝ հայտնվելով սատանայի տեղապտույտի մեջ։ Մյուս կողմից էլ՝ այս ամենը սպասելի էր։ Ավելին ակնկալել հասունացման փուլում խանգարումներ ստացած վեշտասնամյա պատանուց՝ լուրջ չէր լինի։

Ստացվում է, որ ժամանակին Սերժի հագով կարված կոստյումը, մի փոքր դիետայի պարագայում, լավ էլ Նիկոլի հագով եղավ։ Ու սրանում առավել քան կհամոզվենք, եթե ներկայիս քաղաքական թիմը իրեն ոչ բնորոշ խոհեմություն չդրսևորի ու որոշի շարունակել արատավոր շղթան՝ Հայաստանն էլ ավելի խորն անդունդը նետելով։

Իսկ մեզ մնում է ցինիկաբար հայտարարել, որ քուչի ընտրակեղծարարները ողջունում են արտահերթ ընտրություններ անցկացնելու գաղափարը։

Վահրամ Թոքմաջյան

MediaLab.am