Ի՞նչն է խանգարում Միքայել Միանսյանին իրականացնել իր երազանքը՝ «ծառայել հայ ժողովրդին». Հրանուշ Խառատյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը գրել է.

«Ի՞նչն է խանգարում Միքայել Միանսյանին իրականացնել իր երազանքը՝ «ծառայել հայ ժողովրդին»:

Նա «ազնվորեն», ինչպես ինքն է ասում, հայտրարում է, որ իր խիղճը մաքուր է՝ «չի գողացել, չի թալանել, ձեռքը չի մտցրել Հայաստանի բյուջեյի մեջ»: Պարզապես, ինչպես հանրությունն է կարծում, լինելով բարձրաստիճան, մասնավոր առանձնաշնորհյալ պետական պաշտոնյա, բյուջեն ինքն է եկել մտել նրա ձեռքը: Ոչ, դա կոռուպցիա չէ, դա օլիգարխիա չէ, Հայաստանի նման երկրներում պետական բյուջեներն այդպիսի խասյաթ ունեն՝ պետական պաշտոնյաներին հնարավորություն տալ հանրային ռեսուրսներից առավելագույնս օգտվել և պետական բյուջեյի ձևավորումից առավելագույնս անտեսանելի գտնվել:

Նա, հավանաբար, չէր կարող դիմադրել պետական բյուջեյի խասյաթին: Հիմա նա ամեն ինչ ունի՝ միջազգային և մասնավոր կառույցների գայթակղիչ աշխատանքային առաջարկներ, փող, անշարժ գույք, եկամտաբեր գործունեություն և, ինչպես ինքն է ասում, կարող է «երջանիկ և հանգիստ կյանք ունենալ»:

Նա չի ուզում, ինչպես ինքն է ասում՝ «ղեկավարել, իշխել, լիդեր լինել», նա, ինչպես ինքն է ասում, հասկանում է, որ Հայաստանը կառավարելը «խաչ» կրել է նշանակում (լավ է՝ չի ասում «փշե պսակ», լավ է՝ չի ասում «խաչն ու փշե պսակը Գողգոթա բարձրացնել», շնորհակալություն, որ չի ասում «խնկարկենք Հայաստանում կառավարում իրականացրածներին՝ խաչ կրած իշխանություններին»), նա, ինչպես ինքն է ասում, ունի իր «դրդապատճառը»՝ ծառայել հայ ժողովրդին: Ծառայել իր կապերով, իր փորձով, գիտելիքով:

Քանի որ պարոն Միքայել Մինասյանը, ինչպես ինքն ասաց, ազնիվ հաղորդումների շարք է սկսում՝ թերևս կարող է անդրադառնալ նաև հարցերի, ինչպես

– Ի՞նչ էր իր արածը 2008-2018թթ. ընթացքում՝ ծառայությու՞ն հայ ժողովրդին, Հայաստանին,

– Եթե այն ծառայություն էր Հայաստանին, հայ ժողովրդին, հենց նու՞յն ծառայությունն է ուզում շարունակել, թե՞ փոփոխությունների անհրաժեշտություն է տեսնում: Եթե տեսնում է՝ ի՞նչ կարգի փոփոխությունների, համակարգայի՞ն, կադրայի՞ն,

– Այդ տաս տարիներին Հայաստանին, հայ ժողովոդին ծառայելու ընթացքում ինքն անձամբ ի՞նչ է շահել՝ փորձ, կապեր, հայաստանյան և միջազգային ռեսուրսներ, նյութական ռեսուրսներ, և, իր գնահատակով, ով է ում պարտք մնացել՝ ի՞նքը հայ ժողովրդին, Հայաստանին, թե՞ հայ ժողովուրդը, Հայաստանը՝ իրեն, կամ, գուցե, պարտք ու պահանջը մոռանանք և գնահատենք ժողովրդին ծառայելու երջանկության ինքնաբավարաման հնարավորությամբ,

– Ինչե՞ս է գնահատում այդ տարիների իր ծառայության արդյունավետությունը, որքա՞ն շահեց հայ ժողովուրդն իր ծառայությունից, և որքա՞ն շահեց ինքն անձամբ,

– Ինչպե՞ս է գնահատում այդ տաս տարիների Հայաստանի իշխանության կառավարման որակը պարոն Միքայել Մինասյանը, այդ որակը իրեն ավելի շատ խանագարե՞լ, թե՞ օգնել է հայ ժողովրդին ծառայել: Այլ կերպ ասած, եթե ինքը «չի գողացել, չի թալանել, ձեռքը չի մտցրել Հայաստանի բյուջեյի մեջ», պետական համակարգի իր գործընկերնեի մասի՞ն էլ կարող է նույնը ասել՝ «չեն գողացել, չեն թալանել, ձեռքը չեն մտցրել Հայաստանի բյուջեյի մեջ»,

– «Հայ ժողովրդին ծառայելու դրդապատճառը» խանգարու՞մ է իրեն հանգիստ ու երջանիկ ապրել, և եթե այո

-Ի՞նչ է նշանակում ծառայել հայ ժողովրդին, և ինչու՞ հիմա չի ծառայում: Ի՞նչն է նրան խանգարում հիմա ծառայել կամ, իր տրամաբանությամբ՝ շարունակել ծառայել: Հայ ժողովրդւին ծառայելու համար հատուկ թույլտվությու՞ն է պետք:

«Հայ ժողովրդին ծառայելու» միայն մե՞կ միջոց կա՝ առավելագույնս մոտ լինել հայկական և հայաստանյան քաղաքական, հասարակական, նյութական ռեսուրսներին»: