«Դատախազներ կան, որ դե՞մ են Ձեր բարեփոխումներին». Ամերիկահայ գործարարը դիմել է գլխավոր դատախազին

«Դատախազներ կան, որ դե՞մ են Ձեր բարեփոխումներին». Ամերիկահայ գործարարը դիմել է գլխավոր դատախազին
«Դատախազներ կան, որ դե՞մ են Ձեր բարեփոխումներին». Ամերիկահայ գործարարը դիմել է գլխավոր դատախազին

Ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի հայաստանյան ներդրումների հետ կապված 2 քրեական գործերի մանրամասները ներկայացնելու կարիքը թեև չկա, քանի որ շուրջ 3 տարի է ինչ լրատվական կայքերով պարբերաբար հրապարակումներ են լինում այդ գործերի ընթացքի վերաբերյալ, ու թեև նշված գործերի հետ կապված գործարարի և նրա փաստաբանների կողմից ՀՀ գլխավոր դատախազություն բազմաթիվ դիմումներ են ներկայացվել, որոնց մի մասին համապատասխան ընթացք չի տրվել,   գործարարը ևս մեկ անգամ դրանց մասով դիմել է դատախազություն՝ այս անգամ նորանշանակ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին:

Իր դիմումով գործարար Էդմոնդ Խուդյանը նորանշանակ դատախազի ուշադրությունն է հրավիրել ներկայումս Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի վարույթում գտնվող գործի վրա, որով առ այսօր դատախազների կողմից հովանավորչություն է իրականացվում Ղևոնդ Ղալումյանի նկատմամբ:  

Խոսքը վերաբերում է ինչպես այս գործով ի սկզբանե հսկող դատախազ հանդիսացած Արման Հակոբյանին, այնպես էլ՝ դատական փուլում վերջինիս փոխարինած դատախազ Լևոն Չարխիֆալակյանին:

Նրանց գործողությունների արդյունքում, ճիշտ այնպես, ինչպես շուրջ մեկ տարի առաջ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նշեց հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, հանցանք կատարած մի քանի անձինք մեղադրյալի փոխարեն վկայի կարգավիճակում մնացին, իսկ գործարար Էդմոնդ Խուդյանի /վկա/ անունը անհիմն դրվեց կեղծ մեղադրանքի կողքին, թեև  նրան մեղադրանք չի առաջադրվել:

Գործարարը բազմիցս նշել է, որ այս շինծու մեղադրանքի տեքստում ի սկզբանե մի միտում կա. դատախազությունն ամեն գնով հովանավորում է խարդախ գործարքի իրական հասցեատերերին և«Էդուարդ Եսայանը գործել է Էդմոնդ Խուդյանի օգտին» զրպարտիչ փաստի արձանագրմամբ դատավճիռ կկայացվի, իսկ այնուհետև այն կօգտագործվի Գյուլխասյանին և Մաշտոցի 33-ի այլ խաբված գնորդներին իր դեմ ուղղելու համար:

«2013թ. սեպտեմբերի 30-ին ուշադրությամբ հետևում եմ ՀՀ ազգային ժողովում Ձեր համոզիչ ելույթին և հայտարությանը որ. «ԿՈՌՈՒՊՑԻԱՆ ՊԵՏՔ Է ՏԵՂԻ ՉՈՒՆԵՆԱ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՈՒՄ, ԱՅՆ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է»այնուհետև տեղեկանում եմ ՀՀ ազգային ժողովի կողմից Ձեզ տրված բարձր վստահության քվեի մասին, Ձեր հետագա համարձակ կադրային քաղաքականության մասին:

Այդ ամենն ինձ վստահություն է ներշնչում, որ դատախազական համակարգը վերածնունդ է ապրում և նշածս քրեական գործով մեղադրող դատախազ Լևոն Չարխիֆալակյանի վարքագծում և դիրքորոշման մեջ դրական փոփոխություն կլինի ու գործին օրինական ընթացք կտրվի:

Սակայն քրեական գործով 21.10.2013թ.-ի դատական նիստի ժամանակ, դատախազ Արման Հակոբյանի ցուցումի հիման վրա կազմած, դատախազ Լևոն Չարխիֆալակյանի ճառը փաստեց այն մասին, որ այդ դատախազը կամ` դեմ է Ձեր բարեփոխումներին և չի ցանկանում իր պարտականությունները պատշաճ իրականացնել կամ` շարունակում է իր նախորդ դատախազ Արման Հակոբյանին հանձնարարված պատվերը կատարելը կամ` էլ դատախազական համակարգ համար այս անցումային շրջանում փորձում է կոծկել եղելությունը, այն հաշվով, որ` դատախազ Արման Հակոբյանի 21.11.2012թ.-ի ցուցումը «ջրի երես դուրս չգա»:

Ստացվում է, որ դատարանում իրական մեղադրանք պաշտանելու փոխարեն դատախազ Լևոն Չարխիֆալակյանը «դատախազ Արման Հակոբյանի 21.11.2012թ.-ի ցուցում»-ն է պաշտպանում»,-դատախազին ուղարկված դիմումում նշում է գործարար Էդմոնդ Խուդյանը:

Գործարարն իր դիմումում նշում է, որ քրեական գործով դատաքննության ժամանակ, ինչպես նաև իր փաստաբանների և լրատվամիջոցների ջանքերով, նորանոր հանգամանքներ են ի հայտ գալիս, նոր վկաներ են հարցաքննվում և պարզվում է, որ Լուսինե Գյուլխասյանին հանձնման ենթակա բնակարանը թվով 3 շինծու գործարքներով, կեղծ գնորդների միջոցով տնօրինել են Վլադիսլավ Մանգասարյանը, այնուհետև Սևակ Արզարունին, որից հետո` Արմեն Գալստյանը:

Նրանցից առաջինն, ըստ էության ընդունեց այդ բնակարանին տիրելու փաստը, երկրորդն այդպես էլ դատարան չներկայացավ և դատարանը միջոցներ չձեռնարկեց բերման ենթարկելու համար, քանի որ իր ընկերությունից ավելի քան 2 մլն ԱՄՆ դոլար արժեքով գույքեր հափշտակած այդ անձը հովանավորչություն է վայելում և անգամ գործարարի մյուս քրեական գործով չի հարցաքննվել, իսկ Արմեն Գալստյանը հակասական ցուցմունքներ է տվել դատարանում:

Մինչդեռ այս ամենից հետո մեղադրող դատախազ Լևոն Չարխիֆալակյանի մոտ անգամ տարական հետաքրքրություն չի առաջանում դատաքննությամբ պարզված նոր հանգամանքներն ի մի բերելու, գնահատելու հարցում:

«Պարոն Կոստանյան, Դուք 2004թ.-ից ի վեր ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչն եք հանդիսանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում և վստահ եմ, որ Ձեզ համար սկզբունք է այն, որ` մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները, ազատությունները բարձրագույն արժեքներ են և պետությունը պարտավոր է միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան ապահովել այդ իրավունքների պաշտպանությունը: Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:

Ստեղծված իրավիճակում, դատախազ Արման Հակոբյանի ապօրինի ցուցումի արդյունքում` այլոց ապօրինությունները կոծկող և ինձ զրպատող մեղադրանք է շարադրվել, ինչը հանրության, մասնավորապես տվյալ գործով տուժող Գյուլխասյանի մոտ տպավորություն է ստեղծում, թե իբր ես հանցակից եմ այդ հանցագործությանը և պարտավոր եմ հատուցել տուժողի կրած վնասները և դա այն դեպքում, երբ` սույն դիմումում հիմնավորումներ ներկայացրի, որ ես և իմ ընկերությունը նույնպես տուժել ենք այդ խարդախության արդյունքում: Իմ իրավունքների պաշտպանության այլ միջոց չունեմ, քան դիմել Ձեզ, որպեսզի գոնե դատախազության կողմից հստակեցում մտցվի տեղի ունեցածի գնահատման հարցում: Ի դեպ, 21.10.2013թ.-ի դատական նիստի ժամանակ տուժող կողմը նույնպես միջնորդեց` դատախազ Լևոն Չարխիֆալակյանին հորդորեց, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի հոդված 309.1-ի 1-ին մասով սահմանված համապատասխան միջնորդությամբ հանդես գա»,- դիմումը եզրափակում է ամերիկահայ գործարարը:

Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խումբ