Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև.
«Օրերս ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օդային սահմանի անցման կետերի և էլեկտրոնային առևտրի օպերատիվ հսկողության բաժին տվյալներ էին ստացվել, որ Հայաստանում գրանցված տնտեսվարող սուբյեկտը պատրաստվում է մաքսային հսկողությունից թաքցնելու միջոցով, «Կարգո» բեռնային համալիրով, դեպի ԱՄՆ արտահանել խոշոր խմբաքանակի ծխախոտային արտադրանք։ Իրացնելով օպերատիվ տվյալները՝ հսկողություն է սահմանվել տնտեսվարող սուբյեկտի կողմից արտահանվող բեռների նկատմամբ։
Իրականացվող հսկողության շրջանակում «Կարգո» բեռնային համալիրում մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները մաքսային զննման են ենթարկել ԱՄՆ արտահանվող լամինատե դռները: Այդ դռներից յուրաքանչյուրի քաշը երկու անգամ ավելի մեծ էր, քան նույն նյութից պատրաստված սովորական դռներինը։ Մաքսային զննման ընթացքում կազմաքանդվել են արտահանվող բոլոր դռները:
Արդյունքում հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 37․900 տուփ առանց ակցիզային դրոշմանիշերի տարբեր երկրների արտադրության ծխախոտային արտադրանք։ Փաստի առթիվ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրությունը, և նյութերը փոխանցվել են ՊԵԿ իրավաբանական վարչություն։ ՀՀ ՊԵԿ-ը հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին պահպանել մաքսային օրենսդրության պահանջները և զերծ մնալ մաքսային հսկողությունից ապրանքները տեղափոխելու փորձերից»։



















