Նախնական գնահատականով՝ սպիտակ արագիլների աղտոտման հիմնական աղբյուրը հայտնաբերված է

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի գլխավորությամբ նախաձեռնվել է ընդգրկուն ամփոփիչ հանդիպում-քննարկում սպիտակ արագիլների աղտոտման հիմնախնդրի շուրջ:

Քննարկմանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքերի նախարարի տեղակալ Վ․ Տերտերյանը, Շրջակա միջավայրի նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ, նախարարի իրավախորհրդատուներ, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հ․ Մարտիրոսյանը, Արմավիրի և Արարատի մարզպետարանների ներկայացուցիչներ, շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ և Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչներ:

Ամփոփվել են թռչունների աղտոտման հիմնական հիպոթեզները: Նախարարը գործընկերնեին է ներկայացրել է այս ամիսների ընթացքում Շրջակա միջավայրի նախարարության կողմից խնդրի լուծմամբ շահագրգիռ գերատեսչություններ ուղարկված գրությունները, իրականացված ստուգումներն ու այդ ստուգումների արդյունքում վերհանված տեղեկատվությունը։

«Կարող ենք ասել, որ ամիսներ տևած ուսումնասիրությունների և իրականացված աշխատանքների արդյունքում բավականին փաստեր են վերհանվել։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ջանքով ընդգրկուն գործողություններ են իրականացվել, պատվիրակված ստուգումներ, որոշակի փաստերի համադրում է իրականացվել, և հանգել ենք մի իրավիճակի, որ արդեն ուրվագծվել են բնապահպանական այս խնդրի հիմքում ընկած հիմնական պատճառները: Թեև NABU-ն դեռ ուսումնասիրություններ է անցկացնում, բայց արդեն իսկ առկա են բավականաչափ փաստական տվյալներ ու ապացույցներ, որոնք թույլ են տալիս խիստ նախնական գնահատական հնչեցնել, որ աղտոտման հիմնական աղբյուրը հայտնաբերված է։ Կարծես թե այդ ձեռնարկությունների թափոնների և նաև ձկնաբուծարանների գործունեության ու թափոնների սխալ կառավարման, այդ թվում ձկնաբուծարաններում գոյացող օրգանական, կենդանական թափոնների՝ Մասիսի քաղաքային աղբավայրում սխալ տեղադրման արդյունք է այս աղտոտումը։

Գործ ունենք մասնավորապես համայնքային աղբավայրերի սանիտարական նորմերի պահպանման և հստակ կանոնների, գործող իրավակարգավորումների խիստ վերահսկողության բացակայության արդյունքում ծնված խնդրի հետ։ Պետք է որքան հնարավոր է արագ մեկնարկի այն չեզոքացնելու գործընթացը՝ զուգորդված խիստ վարչարարությամբ։ Բնականաբար, կարճ ժամանակում հնարավոր չէ աղբավայրերի խնդիրը կարգավորել, բայց կարելի է խիստ վարչարարության կիրառման միջոցով կարգավորել ձկնաբուծարանների կողմից Մասիսի աղբավայրում ձկնամթերքի թափոնների ճիշտ տեղադրման ու կառավարման խնդիրը։ Տեսչական մարմինը պետք է գործընթացներ մեկնարկի տնտեսվարողների գործունեության ապօրինությունները բացահայտելու, իսկ տարածքային ինքնակառավարման մարմինները համայնքային աղբավայրերում աղբահանության սահմանված կարգը պատշաճ իրականացնելու նպատակով»,-իր խոսքում նշել է Շրջակա միջավայրի նախարարը։

Ելույթներով հանդես են եկել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալը, Շրջակա միջավայրի նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետը, նախարարի իրավախորհրդատուները, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարը, ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ողնաշարավոր կենդանիների կենդանաբանության լաբորատորիայի վարիչը և Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչը։ Պետք է ամենատեսանելի ապագայում հատու միջոցներով այս խնդիրը լուծել։