«Պայթյուն», որը ցնցեց իշխանություններին. արդյոք Հայաստանում զարգանո՞ւմ է քաղաքացիական հասարակությունը

«Պայթյուն», որը ցնցեց իշխանություններին. արդյոք Հայաստանում զարգանո՞ւմ է քաղաքացիական հասարակությունը
«Պայթյուն», որը ցնցեց իշխանություններին. արդյոք Հայաստանում զարգանո՞ւմ է քաղաքացիական հասարակությունը

Այն, ինչ տեղի ունեցավ Երևանում անցյալ շաբաթ, երբ քաղաքացիներին հաջողվեց օրեր շարունակ բողոքի ակցիաներով ստիպել իշխանություններին վերանայել իրենց որոշումը և տրանսպորտի ուղեվարձը նվազեցնել, ըստ քաղաքական վերլուծաբանների` «պայթյուն» էր, որը ցնցեց իշխանություններին և ստիպեց շատերին հավատալու սեփական ուժերին և երկրում փոփոխությունների հնարավորությանը:

«Սա միանշանակ հաղթանակ է, հասարակությունը միանգամից հասկացրեց իշխանություններին, որ այսուհետ թույլ չի տա իր հետ նման լեզվով խոսել, կողոպտել, ոտնահարել իր շահերը»,- «Մեդիալաբին» ասում է «Ժառանգություն» կուսակցության քարտուղար անդամ Ստեփան Սաֆարյանը: – Եթե նույնիսկ չասենք, որ Հայաստանում քաղաքացիական հասարակություն է ձևավորվել, հստակ կարող ենք ասել, որ հասարակությունն իմաստնացել է»:

«Ավտոբուսային հեղափոխությունը» ձևավորվեց քաղաքային իշխանությունների կողմից մայրաքաղաքում տրանսպորտի ուղեվարձն առնվազն 50 տոկոսով բարձրացնելու որոշումն ի կատար ածելու օրվանից` հուլիսի 20-ից:

Բազմաթիվ բողոքավորներ, մեծ մասամբ երիտասարդ, դուրս եկան փողոցներ` արտահայտելու իրենց ցասումը:  Հայտնի մարդկանց գլխավորությամբ սկիզբ դրվեց «Free car» ակցիային, երբ տարբեր երթուղիներով մարդկանց սկսեցին սեփական մեքենաներով տեղափոխել քաղաքի տարբեր ուղղություններով:  Թղթերով և «Վճարում ենք 100 դրամ» կարգախոսով, մայրաքաղաքի տարբեր կանգառներում երիտասարդները հորդորում էին ուղևորներին չդառնալ իշխանությունների խաղալիքը և վճարել ոչ թե բարձրացված 150, այլ 100 դրամ:

 «Ինչքա՞ն կարելի է մարդկանց համբերության բաժակը լցնել,- «Մեդիալաբին» ասում է մասնագիտությամբ արտթերապևտ 35-ամյա Դիանա Գալստյանը: – Ես աշխատանքի չէի գնում, դուրս էի գալիս բողոքելու, որովհետև այլևս անհնար է»:

Օրեր շարունակ քաղաքում եռացող բուռն կրքերից, ցասումից և նաև համախմբվածությունից հետո, հինգ օր լռությունից հետո Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, դիմելով «սիրելի երևանցիներին», հայտարարեց, որ կասեցնում է որոշումը, որ ուղեվարձը կլինի նախկինի պես` իհարկե չբացառելով առաջիկայում հնարավոր թանկացումը: 

Շամպայնով, ոգևորված բացականչություններով, ազգային դրոշներով մարդիկ դուրս եկան փողոցներ` նշելու իրենց հաղթանակը:

Անկախ քաղաքական վերլուծաբան Երվանդ Բոզոյանը նշում է, որ տրանսպորտի ուղեվարձի բարձրացումը վերջին տարիներին տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին` կեղծված ընտրություններ, գնաճ, հիասթափություն ընդդիմությունից, գազի, էլեկտրաէներգիայի սակագների բարձրացում և այլն, կատալիզատորի դեր կատարեց` պայթյուն առաջացնելով:

«Իշխանություններն ուղղակի սարսափեցին իրավիճակից, և սա կարելի է հաղթանակ կոչել: Շարժումը շատ առարկայական խնդիր դրեց և լուծեց, ինչը նշանակում է, որ այն կարող է շարունակական լինել: Այս իրավիճակում,  քանի որ իշխանությունները բարեփոխվելու տարբերակ չունեն, ամեն ինչ անելու են շարժումը տրոհելու»,- «Մեդիալաբին» ասում է Բոզոյանը:

Մինչ վարչապետ Տիգրան Սարգսյանը սկիզբ առած շարժումը որակեց որպես քաղաքացիական հասարակության զարգացում, իշխանության ամենավառ ներկայացուցիչներից մեկը, ով մշտապես աչքի է ընկնում սենսացիոն հայտարարություններով,  ՀՀԿ փոխնախագահ,  ԱԺ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հուլիսի 25-ին կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց, թե «Իշխանությունը եթե ցանկանա, մի գիշերվա մեջ կմարի այս շարժումը»` հավելելով, որ «այդպիսի ցանկություն, այդուհանդերձ, չկա»:

«Բայց ես չեմ էլ ուզում, որ մարեն բողոքի այս ակցիաները», -ասաց Սահակյանը` հավելելով, որ նոր ձևավորված քաղաքացիական նախաձեռնությունները հիմք են ժողովրդի` կառավարման պրոցեսներին մասնակցության համար,- շատ դրական եմ գնահատում և կողմնակից եմ զուսպ լինելուն և չհերոսանալուն»:

Իշխանության նման ձևակերպումները, սակայն, վերլուծաբան, քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը պատահական չի համարում:

Տեղի ունեցած զարգացումները նա որակում է որպես «շատ լավ փիառ ակցիա» ընդդեմ քաղաքապետ Տարոն Մարգարյանի, ում մասին վերջերս շատերը խոսում էին որպես հաջորդ նախագահական ընտրությունների հնարավոր նախագահի ժառանգորդի: Նա հարցնում է, թե ուր էին արդյոք պայքարի մարտիկները,  երբ գազի, էլեկտրաէներգիայի սակագները բարձրացրեցին:

«Իրականում դա շատ լավ կազմակերպված փիառ ակցիա էր, ամեն ինչ հրաշալի նախապես գծված, պատրաստված,- «Մեդիալաբին» ասում է Բադալյանը,- քանի որ հնարավոր չէ միանգամից փողոց դուրս գալ ինքնաբուխ ցույցերի նման կազմակերպվածությամբ, ճիշտ կարգախոսով: Ուղղորդվածություն կար, համախմբվածության զգացողություն: Սակայն սա սոցիալական պայքար չէր, եթե լիներ` գազի-հոսանքի դեպքում կլիներ: Սա հասարակության պայքարը չէր: Սա փիառ էր, որը ծառայեց իր նպատակին` փչացրեց Տարոն Մարգարյանին»:

Ի տարբերություն Բադալյանի` սոցիոլոգ Իզաբելլա Սարգսյանը նշում է, որ  չի կարծում, թե շարժումն ուղղորդված էր:

«Կարծում եմ, որ քաղաքացիական հասարակությունը զարգանում է անընդհատ մեծ ու փոքր նախաձեռնությունների շնորհիվ, մեդիայի միջոցով, ինտերնետի զարգացմամբ և այլն,-«Մեդիալաբին» ասում է Սարգսյանը: – Իմ կարծիքով` ամենակարևորն այն է, որ երիտասարդները զգացին իրենց ուժը, դրանից հետո, որպես կանոն, սկսվում են գժտությունները, բայց մեծ առումով, ըստ իս, սա շատ կարևոր հաղթանակ է»:

Սարգսյանին լրացնում է հայտնի ակտիվիստ Ծովինար Նազարյանը, ով վերջին զարգացումները ոչ թե հաղթանակ, այլ «հաջողություն» է որակում: Նա նշում է, որ կարևոր հաջողությունն այն էր, որ բազմաթիվ երիտասարդներ ակտիվացան, գործեցին պրոակտիվ, ստեղծագործ ու ինքնուրույն, հրաշալի ձևով ինքնակազմակերպվեցին:

«Իշխանությունը, իհարկե, փորձում է և փորձելու է իր մարդկանց ու իր մեթոդների միջոցով կառավարելի դարձնել շարժումը, բայց դա հազիվ թե նրան հաջողվի։ Առավել ևս չի հաջողվի կասեցնել երիտասարդության ալիքը, երբ նորանոր հարցեր ու խնդիրներ դրվեն իր առաջ»,-«Մեդիալաբին»  ասում է Նազարյանը։

© Medialab.am