ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում և զգուշացնում է

ՀՀ դատախազությունը ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից, ընտրողներից, ինչպես նաև ընտրություններում ներգրավված մյուս սուբյեկտներից քվեարկության օրը ակնկալում է քաղաքացիական բարձր գիտակցության դրսևորում և իրավահպատակ վարքագիծ: 

ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն` արգելվում են քվեարկության օրը տեղամասային կենտրոնին հարող տարածքում մինչև 50 մետր շառավղով խմբերով հավաքվելը, տեղամասային կենտրոնի մուտքին հարող տարածքում մեքենաների կուտակումը: Սույն մասի դրույթների կատարումը, ինչպես նաև այդ տարածքում հասարակական կարգի պահպանումն ապահովում են տեղամասային կենտրոնում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողները` անկախ ընտրական հանձնաժողովի պահանջից:

Նույն օրենսգրքի 55-րդ  հոդվածի համաձայն` ոստիկանության կենտրոնական և տարածքային մարմինները, դրանց ծառայություններն ու ստորաբաժանումները պարտավոր են ապահովել ընտրությունների անցկացման բնականոն ընթացքը, ընտրական հանձնաժողովների ու դրանց անդամների անկաշկանդ գործունեությունը: 

Ոստիկանությունը ընտրությունների հետ կապված միջոցառումներում ապահովում է պատշաճ կարգ ու կանոն, ընտրական հանձնաժողովի նախագահի պահանջով աջակցում հանձնաժողովներին, ապահովում է ընտրական փաստաթղթերի անվտանգ տեղափոխումն ու դրանց պահպանումն ընտրական հանձնաժողովներում:

Օրենսգրքի 67–րդ հոդվածի 14-րդ մասի համաձայն, եթե հանձնաժողովի անդամը, վստահված անձը կամ դիտորդը գտնում է, որ քվեարկության ընթացքում տեղի է ունեցել սույն օրենսգրքով նախատեսված քվեարկության կարգի խախտում, ապա իրավունք ունեն պահանջելու, որ իրենց գնահատականն արձանագրվի տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում:

Այսինքն` տեղամասային կենտրոնում և քվեարկության սենյակում ներկա գտնվելու իրավունք ունեցող ընտրական գործընթացի բոլոր մասնակիցները պարտավոր են վերը նշված բոլոր դեպքերում իրենց լիազորություններն իրականացնել ՀՀ ընտրական օրենսգրքով ամրագրված ընթացակարգերի խստիվ պահպանմամբ:

Ընտրական գործընթացի մասնակիցների, ցանկացած անձի կողմից իրենց լիազորությունները՝ օրենսգրքի վերը նշված ընթացակարգերի շրջանցմամբ կամ անտեսմամբ իրականացնելը, որը կատարվել է բռնությամբ կամ դրա սպառնալիքով,  կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության: Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 149.2-րդ հոդվածի համաձայն՝ տեղամասային կենտրոնում կամ դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը, որն ազդել է կամ կարող էր ազդել ընտրությունների բնականոն գործընթացի վրա, պատժվում է ազատազրկմամբ՝ ընդհուպ վեց տարի ժամկետով:

Հորդորում ենք ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներին քվեարկության ողջ ընթացքում ընտրական օրենսգրքով իրենց վերապահված լիազորություններն իրականացնել բացառապես օրենսգրքով սահմանված կարգով: