«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի հակակոռուպցիոն փորձագետ Վարուժան Հոկտանյանը
– Պարո՛ն Հոկտանյան, չեն դադարում քննարկումները պետական պաշտոնյաների ստացած պարգևավճարների վերաբերյալ, որոնք Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց նաև իբրև կոռուպցիայի դեմ պայքարում միջոց։ Ըստ Փաշինյանի՝ եթե պետական պաշտոնյան լավ վճարվի, ապա կոռուպցիոն գործընթացների դիմելու կարիք չի ունենա: Միջազգային հակակոռուպցիոն փորձի տեսանկյունից որքանո՞վ է այս մոտեցումը հիմնավորված:
– Փաշինյանը մասամբ ճիշտ է: Ընդհանրապես, հենց մեր կազմակերպությունն էլ միշտ ասել է, որ եթե հանրային ծառայողները, պետական պաշտոնյաները, մի խոսքով նրանք, ովքեր ի պաշտոնե կարող են ներքաշված լինել կոռուպցիայի մեջ, նորմալ աշխատավարձ չեն ստանում, ապա անիմաստ է ընդհանրապես կոռուպցիայի դեմ պայքարի, հակակոռուպցիոն արդյունավետ քաղաքականության մասին խոսելը:
Բայց այստեղ մի խնդիր կա, ու դա նաև մեր միջազգային կազմակերպությունն էլ է ասում, որ դա միայն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է: Այսինքն՝ եթե դու աշխատավարձ ես բարձրացնում, բայց միևնույն ժամանակ որոշակի կանխարգելիչ քայլերի չես դիմում, ընդ որում՝ խիստ, այլ ոչ թե միայն թղթի վրա, այսինքն՝ հայտարարագրեր, իրական շահառուներ, եթե հայտարարագիր են ներկայացնում, բայց դա չի ստուգվում, կամ եթե այնտեղ տարօրինակ տվյալներ են, ու դա ոչ մեկին չի հետաքրքրում, կամ իրական շահառուների գրանցամատյանում գրվում են անկապ անուններ, ասենք, այսպես, բոլորը գիտեն, թե ովքեր են այդ ընկերությունների իրական սեփականատերերը, բայց այդ մասին չկա գրանցամատյանում: Եթե դրանք չկան, ապա աշխատավարձի բարձրացումը որևէ ազդեցություն չի ունենա, այսինքն՝ եթե չկան հաշվետվողականություն, իրական թափանցիկություն, ապա այդ դեպքում ամեն բան անիմաստ է:
Շատ կարևոր են այստեղ նաև էթիկայի հարցերը, նաև այն, թե որքանով է հասարակությունը հանդուրժող կոռուպցիայի նկատմամբ, որքանով են իրավապահ մարմինները անխուսափելի դարձնում կոռուպցիոն հանցագործությունների համար պատիժը, այսինքն՝ այնպես չլինի, որ յուրայինների համար այդ պատիժը չգործի: Իհարկե, նորից եմ ասում, որ շատ կարևոր է, որ աշխատավարձը լինի իսկապես նորմալ:
Ես մի օրինակ եմ հիշում. 2000-ականների սկզբին, երբ Վրաստանում Վարդերի հեղափոխությունը եղավ, այդ ժամանակ բացահայտվեցին, հիշում եմ, 2005-ին Կիևում համաժողով էր ու Վրաստանից էլ ներկայացուցիչներ կային, նոր էր հեղափոխությունը եղել, ու լուրջ հակակոռուպցիոն քայլերը նոր էին սկսվել: Վրացի գործընկերները պատմեցին, հենց պետական մարմիններից, դատախազ էր, նա ասում էր, որ, օրինակ՝ Շևարդնաձեի ժամանակ, իսկ նրա ժամանակ Վրաստանը ըստ կոռուպցիայի ընկալման համաթվի աշխարհի ամենակոռումպացված հինգ երկրի ցանկում էր, նա կտրուկ բարձրացրեց ուժային կառույցների՝ դատախազության, ոստիկանության աշխատավարձերը, բայց դա ոչ մի արդյունք չտվեց, որովհետև իմ ասած այդ մյուս մեխանիզմները չկային: Այսինքն՝ միայն աշխատավարձ բարձրացնելով հույս ունենալ, որ խնդիրը կլուծվի, բնականաբար պատրանք է:
– Այսինքն՝ զուգահեռ պետք է նաև ինստիտուցիոնալ բարեփոխումնե՞ր արվեն:
– Այո՛, նախ ինստիտուցիոնալ բարեփոխումներ, ու նաև այնպիսի տնտեսական վիճակ ստեղծեն, որ մարդկանց համար ապրելու նորմալ պայմաններ ստեղծվեն: Հոգեբանական խնդիր էլ այստեղ կա, որը ևս պետք է հասկանալ, ես ինչո՞ւ եմ դա շեշտում, որովհետև մենք գալիս ենք կոմունիստական ժամանակներից, ես նկատել եմ, որ ովքեր ծնվել են այդ ժամանակաշրջանից հետո կամ շատ երիտասարդ են եղել այդ տարիներին, նույնիսկ նրանց մեջ է արմատավորվել այդ գաղափարախոսությունը, որ ի վերջո մենք գալու ենք կոմունիզմին, իսկ կոմունիզմի ժամանակ աշխատելու շնորհիվ կբավարարվեն մեր բոլոր պահանջմունքները: Սա, բնականաբար, ուտոպիա էր ու այդպես էլ այդ համակարգն անհետացավ, բայց այդ ուտոպիան շատերի գլխում հիմա էլ կա, որովհետև շատերը նորմալ աշխատավարձ ասելով հասկանում են այնպիսի աշխատավարձ, որով իրենց բոլոր պահանջմունքները կբավարարեն, իսկ սա շատ սխալ մոտեցում է:
Պետք է հասկանալ, որ անվերջ մեծ պահանջմունքները հնարավոր չէ բավարարել պետական սեկտորի աշխատավարձերով: Ես պետք է ընդգծեմ, որ պետք է աշխատավարձը չխառնել պարգևավճարի հետ, որովհետև սա շատ լուրջ, վտանգավոր ու մոլորեցնող բան է, որովհետև այն, ինչ մենք ունեցանք անցյալ տարեվերջին, աշխատավարձի բարձրացում չէր, այսինքն՝ մի քանի ամիս հետո նրանք կարող են նորից ստանալ ոչ բարձր աշխատավարձ: Այստեղ լիովին վարկաբեկվում են պարգևատրման այդ նպատակն ու ինստիտուտը: Էլ չեմ խոսում այն մասին, որ խոսակցություններ կան այն մասին, որ ոչ բոլորին են խրախուսել, այդ դեպքում հարց է առաջանում. ինչո՞ւ է բաժնի պետը պարգևավճար ստացել, իսկ նույն բաժնի մյուս աշխատակիցները՝ ոչ, այս հարցի պատասխանը կառավարության համապատասխան որոշման մեջ տրված չէր:
Սա է շատ լուրջ խնդիր, ցածր աշխատավարձի խնդիրը ոչ թե պետք է լուծել այս ձևով՝ վարկաբեկելով խրախուսման ամբողջ գաղափարը, ինչպես ասացի, այլ ուղղակի բարձրացնել աշխատավարձն ու ամեն ամիս տալ բարձր աշխատավարձ, իսկ պարգևատրումներն արդեն պետք է անեն շատ լուրջ, պատասխանատու ու հաշվետու ձևով: Մենք արդյոք գիտե՞նք, թե ի՛նչ աշխատանքի համար այդքան մեծ գումար ստացան, ի՛նչ չափանիշներով որոշվեց խրախուսել X նախարարին:
– Նրանք ասում են, որ ստեղծվել է համակարգ, որը գնահատել է գործադիրի պաշտոնյաների կատարողականը, ու ըստ այդմ ստացել են այս կամ այն չափի պարգևավճարը:
– Շատ լավ, իսկ հնարավոր չէ՞ր՝ առանց անունները տալու, ասվեր, որ այս պաշտոն զբաղեցնողն այսինչ նախարարությունում ստացել է այսքան պարգևավճար, որովհետև կատարողականի որոշակի չափանիշներ գերազանցել է, ու նաև ասվի, թե ի՛նչ ձևով է այդ գերազանցումը տեղի ունեցել: Եթե սա չկա, նույնիսկ կասկած է առաջանում՝ արդյոք լավ աշխատանքի համա՞ր են խրախուսվել:
– Պարո՛ն Հոկտանյան, իսկ այդ պարագայում միջազգային կառավարման չափորոշիչներով սա շահերի բախում համարվո՞ւմ է, երբ իշխանության ներկայացուցիչն ինքն իրեն պարգևատրում է:
– Անկեղծ ասած, այդքան խորացած չեմ, բայց այստեղ մի քիչ այլ է, ես չէի ասի, որ շահերի բախման հարց կա, այստեղ ավելի շատ քաղաքական կոռուպցիայի խնդիր կա: Կառավարիչն ուղղակի որոշել է չարաշահել լիազորությունները, իսկ դա ես համենայնդեպս չէի համարի շահերի բախում:
– Իշխանությունները շատ են սիրում այս առումով բերել Սինգապուրի օրինակը, որքանո՞վ է համեմատելի Հայաստանը Սինգապուրի հետ, եթե նկատի ունենանք, որ Սինգապուրում գործում են հզոր հակակոռուպցիոն մարմին՝ CPIB-ը (Corrupt Practices Investigation Bureau), ինչպես նաև անկախ դատական համակարգ և պատժի անխուսափելիություն։
– Եթե փորձենք համեմատել Սինգապուրի հետ, ապա պետք է շատ ավելի լայն կոնտեքստով նայենք սինգապուրյան փորձը, որովհետև շատերը չգիտես ինչու ոգևորված են նրանց հակակոռուպցիոն այդ քաղաքականությամբ ու մոռանում են, որ այդ քաղաքականությունը ածանցյալ էր շատ խոր, լուրջ սոցիալական, տնտեսական բարեփոխումների, բայց այդ երկիրը շարունակում է մնալ ավտորիտար երկիր նույն Freedom House-ի դասակարգմամբ: Շատ պարադոքսալ իրավիճակ է, որովհետև լինելով տնտեսական ամենալիբերալ երկիրը, Սինգապուրում քաղաքական լիբերալիզմը բացակայում է, որը հղի է բավականին լուրջ խնդիրներով ապագայում: Բայց եթե նույնիսկ լինում են նման բարեփոխումներ, որը ես այդպես էլ չտեսա ոչ թավշյա, ոչ բռնի հեղափոխությունից առաջ, ո՛չ էլ դրանից հետո, համենայնդեպս, եթե չկան այդպիսի տնտեսական, քաղաքական, սոցիալական բարեփոխումներ, մի քիչ դժվար է:
Այսպես ասենք. հասարակությունը պետք է հարուստ լինի, որ հասկանա ու տեսնի իր հարստանալու կապը կոռուպցիայի նվազման հետ: Այսինքն՝ եթե քաղաքացին չի տեսնում, որ իր վիճակը լավանում է, ապա երկրի իշխանությունը որքան ուզում է ասել, թե իրենք համակարգված ու լուրջ պայքար են մղում կոռուպցիայի դեմ, եթե մարդիկ չեն տեսնում, որ իրենց գրպանի պարունակությունը շատանում է, ապա նրանց մոտ հարց է առաջանում, թե ո՛րն է այդ դեպքում կոռուպցիայի դեմ պայքարի նպատակը: Ու սա միայն մեկ անձի տեսանկյունից չեմ ասում, այլ ընդհանուր երկրի՝ որ այնտեղ սոցիալական բևեռացվածություն չկա, որ շատ մեծ ծավալի առևտուր ունի, որ երկրում տնտեսական բում է, որ արտադրությունն է զարգանում, գյուղատնտեսությունն է զարգանում: Մենք սա տեսնո՞ւմ ենք, ես առանձնապես չեմ զգացել դա:
Պետք է աշխատի հետևյալ տրամաբանությունը. մենք բարեփոխումներ ենք անում, ու որպեսզի այդ բարեփոխումներն է՛լ ավելի լավը լինեն, պետք է կոռուպցիան նվազեցնել, այս տրամաբանությունը գործի, այլ ոչ թե հակակոռուպցիոն քայլեր անել, ու միևնույն ժամանակ տնտեսական ինչ-որ փոփոխություններ չլինեն:
– Հիմա Հայաստանում կոռուպցիայի իսկական ռիսկերը կախված են ցածր աշխատավարձի առկայությունի՞ց, թե՞, օրինակ՝ դատական համակարգի, վերահսկողական այլ մարմինների աշխատանքի որակից:
– Ինչպես նշեցի, միայն աշխատավարձի բարձրացումով չես կարող կոռուպցիոն ռիսկերը վերացնել: Պետք է լինեն և՛ վերահսկողություն, և՛ թափանցիկություն, և՛ հաշվետվողականություն: Բայց նախևառաջ պետք է լինեն շատ լուրջ ու արդյունավետ տնտեսական ու քաղաքական բարեփոխումներ, որպեսզի մարդիկ հասկանան՝ ինչի համար ենք մենք կոռուպցիայի դեմ պայքարում, եթե մենք չենք փոխում մեր կյանքի որակը, այդ դեպքում ինչի համար է կոռուպցիայի դեմ պայքարը:
– Եթե պարգևատրումների այս մոտեցումը շարունակվի, ի՞նչ վտանգներ եք տեսնում պետական կառավարման համակարգի և հանրային վստահության համար։
– Արժեզրկում է խրախուսման համակարգը, խոր անվստահություն է առաջանում, եթե մարդիկ չեն տեսնում, թե այսինչ պաշտոնյան կոնկրետ ինչի՛ համար է խրախուսվում: Երկրորդ՝ եթե այդ պարգևատրումը եղել է խտրական, ապա վիճակն է՛լ ավելի է բարդանում:
Ես որքան նայեցի, նախորդ տարիներին պարգևատրումներն այս մակարդակի չեն եղել, իսկ սա արդեն հուշում է, որ մենք ունենք նախընտրական տարվա ֆենոմենը: Կա լուրջ կասկած, որ այդ գումարը տրվում է, որպեսզի համապատասխան պաշտոնյաները կարողանան ոչ միայն իրենք քվեարկել «Քաղաքացիական պայմանագրի» օգտին, այլ նաև աշխատանք տանեն, որ իրենց ենթակաները, ընտանիքի անդամները, որոնք ընտրական տարիքի են, ևս քվեարկեն ՔՊ-ի օգտին, կարճ ասած՝ այդ մարդիկ դրա դիմաց պետք է փորձեն ձայներ բերել ՔՊ-ի համար: Այս կասկածն իմ մեջ շատ ուժեղ է:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am


















