Պատերազմի ընթացքում կատարված հանցագործությունների դեպքերը հիմնականում բացահայտվել են. Արցախի ոստիկանապետ․ Artsakhpress.am

Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ, գնդապետ Արտեմ Հարությունյանն  անդրադարձել է պատերազմի ընթացքում հասարակական կարգի պահպանման առանձնահատկություններին, ոստիկանության կրած կորուստներին, այդ ընթացքում իրականացված կողոպուտի դեպքերի բացահայտման աշխատանքներին ու հետպատերազմյան անելիքների առաջնահերթություններին:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հարցազրույցը ստորև.

-Պարոն Հարությունյան, Արցախի ոստիկանները, ոչ միայն հասարակական կարգի ու պատերազմից բխող մյուս գործառույթների պահպանության առաջնագծում էին, այլ նաև՝ ռազմաճակատում: Ինչպիսի մարտահրավերների ու խնդիրների դիմագրավեց Արցախի ոստիկանությունը 44-օրյա պատերազմի օրերին և ինչպես հաջողվեց հաղթահարել: Ինչպիսի՞ մարդկային կորուստներ ունեցավ համակարգը:

-Համակարգը պատերազմը հաղթահարեց կորուստներով, հարազատ մարդկանց կյանքի գնով: Պատերազմը վերախմբագրեց մեր անցածն ու ունեցածը և այն, ինչ ունենք հիմա: Մարտահրավերներն ու խնդիրները եղել են և կան, բայց մենք երբեք չենք ընկրկում՝ մեր ամբողջ ներուժն իրացնելու և ավելին ունենալու հարցում: Նկատի ունեմ ունեցածի հիմքի վրա կառուցել ավելի կայացած ու ուժեղ համակարգ, որը պայքարելով իրավախախտումների դեմ՝ էլ ավելի կվայելի մեր հասարակության հարգանքն ու վստահությունը:Ոստիկանական հավաքական գումարտակը պատերազմի առաջին օրվանից կանգնեց զինվորի կողքին՝ հայրենիքի պաշտպանության դիրքում:

Ռազմագործողությունների ընթացքում համակարգն ունեցավ մարդկային 11 կորուստ: Զոհերից բացի, ունեցանք 3 տասնյակից ավելի վիրավորներ, որոնք մինչև այսօր տարբեր բուժհաստատություններում շարունակում են ստացիոնար բուժում ստանալ: Թերևս, սա այն իրողությունն է, որը մեզ զգաստացնում է, որպեսզի այսուհետ էլ ավելին պիտի անենք: Հանուն տղաների հիշատակի և սխրագործությունների՝ այլևս երբեք սխալվելու իրավունք չունենք:

-Պատերազմի օրերին ինչով էր առանձնահատուկ ոստիկանի աշխատանքը թիկունքում: Ի՞նչ անհրաժեշտություններ էին առաջացել հասարակական կարգի ապահովման գործում և որքանո՞վ հաջողվեց ապահովել դրանք:

-Խաղաղության օրերին ոստիկանի առաքելությունը միտված է երկրի ներքին անվտանգության, հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովմանը: Պատերազմի օրերին Արցախի ոստիկանների համար պայքարի տարբեր ճակատներ բացվեցին: Նրանք ամենուր էին՝ սկսած առաջնագծից, մինչև պարեկապահակային և ճանապարհապարեկային ծառայության առաքելություն: Այս պատերազմում, ոստիկանն իրեն վերապահված ծառայությունն իրականացրեց արժանապատվությամբ և չպարտվեց: Կցանկանայի շնորհակալություն հայտնել համակարգի բոլոր նվիրյալներին:

Մանրամասները՝ Artsakhpress.am-ում