ՄԱԿ-ը ցանկանում է առանց խոչընդոտների հումանիտար մուտք ունենալ Լեռնային Ղարաբաղ. Դյուժարիկ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկն անդրադարձել է ՄԱԿ-ի կողմից Արցախում հումանիտար առաքելություն իրականացնելու վերաբերյալ հարցին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակն ամենօրյա ճեպազրույցի ընթացքում, անդրադառնալով Արցախում հումանիտար առաքելություն իրականացնելու մասին հարցին, ընդգծել է, որ ՄԱԿ-ը  ցանկանում է առանց խոչընդոտների հումանիտար մուտք ունենալ Լեռնային Ղարաբաղ:

Նա հավելել է, որ դա տեղի չի ունեցել Ադրբեջանի իշխանությունները կողմից ստեղծվող խոչընդոտների պատճառով:

«Մենք հույս ունենք, որ առաջիկայում մենք այդ հարցում առաջընթաց կտեսնենք»,- ասել է Դյուժարիկը:

ՄԱԿ Գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակի ամենօրյա ճեպազրույցից առաջ՝ մայիսի 10-ին, տեղի էր ունեցել ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի և ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հեռախոսազրույցը, որի ընթացքում կողմերը քննարկել են Արցախում ստեղծված հումանիտար և սոցիալ-տնտեսական իրադրությունը մեղմելու ուղղությամբ քայլերի ձեռնարկումը, ինչպես նաև ընդգծել ԼՂ համակարտության գոտում պատմամշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության ու պահպանության ուղղությամբ միջազգային գործուն մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը։