Երևանի բակերից մեկը մի քանի րոպեով վերածվեց հակամարտության գոտու, խաղահրապարակում գնդակ գլորող երեխաները փախան տներ, դպրոցից տուն վերադարձող երեխաները՝ հապաղեցին անցնել իրենց բակով։
Տեսանյութերը վայրկյանների ընթացքում տարածվեցին համացանցում, որտեղ մի քանի տասնյակ մուգ հագուստներով տղամարդիկ են՝ բաժանված խմբերի ու պատրաստ մեկ հայացքի, մեկ բառի համար կրակելու իրար վրա, ոչնչացնելու միմյանց։ Լրատվամիջոցների էջերում մենք նման միջադեպերը որակում ենք որպես «մարտաֆիլմ հիշեցնող», «կրիմինալ ռազբորկա», «աղջկա թեմա» և սահմանափակում ենք զոհերի ու վիրավորների մասին հաղորդագրություններով՝ թողնելով դեպքը առանց խորքային վերլուծության, դիտարկելով այն միայն իրավական որակումների ծիրում։
Բայց կրակոցները հնչել են բնակելի տարածքում՝ հանրային անվտանգության սրտում։ Եվ դրանք հիշեցնում են պարզ մի բան, որ բռնությունը մեզ համար դեռևս մշակույթ է, հաղորդակցության լեզու, որն ունի հանրային զգալի ընդգրկում, և զենքով հարց լուծելը՝ սովորական, երբեմն նաև ընդունելի, տղայական «արժանապատվության» ընկալման ձև է։
2024 թվականին ՆԳ նախկին նախարար Վահե Ղազարյանը հայտարարում էր, որ 44-օրյա պատերազմից հետո 17 հազար ինքնաձիգ է անհետացել։ Մի քանի օր առաջ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ներկայացրեց արդեն 2025 թվականի տվյալները, որի համաձայն՝ հրազենի կիրառմամբ հանցագործություններն աճել են 20,7%-ով, իսկ ապօրինի հրազեն պահելու և կրելու կասկածանքով նախորդ տարվա ընթացքում ձերբակալվել է 115 մարդ։
Փաստացի, հրազենի կիրառմամբ հանցագործությունների թիվը 2023-2025 թվականներին աճել է 127 տոկոսով․ եթե 2022-ին գրանցվել է 67 նման հանցագործություն, ապա 2025-ին արդեն՝ 152։
Թվերը ներկայացվում են որպես իրավապահ համակարգի ակտիվ աշխատանքի արդյունք։ Բայց թվերը նաև հուշում են, որ զենքը շարունակում է ակտիվորեն շրջանառվել, իսկ հարաբերություններ պարզելու համար զենքի լեզուն ամենահասկանալին ու հստակն է։
Սա միայն ոստիկանության խնդիրը չէ, այլ կրթության, քաղաքականության, հանրային խոսքի խնդիր է, սա մշակութային պատկերացում է, որտեղ դեռևս քրեական, գողական, թաղային հաղորդակցությունը ենթադրում է հենց նման հարաբերություններ։ Եվ այդ մշակույթը ոչ միայն քրեական աշխարհի մասն է, այլև ներթափանցել է բոլոր ոլորտներ՝ քաղաքականություն, տնտեսություն և ակտիվորեն տարածվում է հենց բակային միջավայրում։
Հատկապես տղա երեխաների պարագայում, երբ նրանց սոցիալականացումը հիմնականում տեղի է ունենում բակային միջավայրում, այլ ոչ՝ կրթական հաստատություններում, ապա ամրապնդվում է բանակում որպես հիերարխիկ ու բռնության մշակույթ վերարտադրող կառույց, որտեղ դեռևս գործում են ոչ կանոնադրական հարաբերությունները, դեդովշչինան, արտոնյալ լավ տղաների ու «լոխ»-երի հասկացությունները։
Այն ձևավորել է տղաների միջավայրում «տղամարդկության» պատկերացումները, պատժի ու արժանապատվության ընկալումները, լիդերության չափանիշները։ Նույնիսկ նրանք, ովքեր մերժում են այդ մշակույթը, հաճախ ստիպված են լինում խոսել այդ լեզով՝ ընդունելի լինելու համար։
Այս միջավայրերում ձևավորվում են լիդերները՝ թաղային հեղինակությունները, որոնք ունեն իրենց օրենքները, «պանյատները», վարքային պրակտիկաները, կանանց մասին ընկալումները, ինչպես նաև հարցեր լուծելու ուժային մոտեցումները։
Մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանի դիտարկմամբ․ «Եթե մենք նայենք, թե ինչ վարքագծային նորմեր են բնորոշ մեր թաղային երիտասարդական միջավայրերում, և ինչն է խրախուսվում, ապա կտեսնենք, որ դա այլ խմբերի հանդեպ ուժային, բռնի մեթոդներ կիրառելով իրենց խնդիրները լուծելն ու առաջ տանելն է։ Նրանց բնորոշ է «գողական» լեզուն, որն արդեն տասնամյակներ շարունակ թելադրող դեր ունի թաղային միջավայրում»։
Նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում թաղային հեղինակությունները դարձան իշխանության ձևավորման գործընթացի որոշիչ դերակատարները, հատկապես ընտրական գործընթացներում, երբ պետք էր ձայն բերել, ընտրակեղծիքներ կազմակերպել կամ ուղղակի ներխուժել ընտրատեղամաս՝ անջատել լույսը, ահաբեկել հանձնաժողովին ու լցոնումներ կատարել։ Նրանցից ոմանք համայնքների ղեկավար դարձան կամ հայտնվեցին խորհրդարանում՝ այս կամ այն քաղաքական ուժի ընտրացուցակով։
Սույն գործընթացները լայն համատեքստում դիտարկելը կարևոր է հենց հիմա, քանի որ մենք կանգնած ենք խորհրդարանական նոր ընտրությունների նախաշեմին, ու հնարավոր է, որ թաղային խմբավորումների միջև ռազբորկաներն ու տարածքային ճշգրտումները սրվեն հենց այս ժամանակահատվածում, կամ նրանք առաջարկեն իրենց ծառայությունները կուսակցություններին՝ փոխարենը արտոնություններ ստանալով։
Ուստի յուրաքանչյուր նման կրակոց սոցիալական հաղորդագրություն է։ Այն ասում է՝ ինչ-որ տեղ մենք ձախողել ենք։ Մենք կենտրոնանում ենք տվյալ դեպքի բացահայտման վրա, որը, անշուշտ, կարևոր է, սակայն հանրային անվտանգության իրական չափորոշիչն այլ է, մենք պետք է ուշադիր նայենք, թե որքանով են քրեական, թաղային բարքերը ներթափանցել մեր ամենօրյա կյանք, ներհյուսվել քաղաքականությանը, ու այդ լեզուն դարձել է մեր հաղորդակցության մաս։
Այս պատմությունը վաղը կիջնի լրահոսից, և նոր ահաբեկող թեմա կունենանք, բայց եթե այն չդառնա քննարկման ու հետևություններ անելու թեմա, հաջորդ արյունով ներկված բակը պարզապես ժամանակի հարց է։
Քանի դեռ այդ հարցին ազնիվ պատասխան չենք տվել, Երևանի ցանկացած բակ կարող է դառնալ հայելի, որտեղ կտեսնենք ոչ թե հանցագործին, այլ ինքներս մեզ՝ մեր մշակութային պատկերացումներով։
Քանի դեռ մենք չենք խզել այդ մշակութային շղթան՝ բակից մինչև բանակ, թաղային հիերարխիայից մինչև քաղաքական վերնախավ, յուրաքանչյուր բակ մնալու է հնարավոր մարտադաշտ։ Եվ այդ ժամանակ հարցը չի լինելու՝ ով կրակեց։ Հարցը լինելու է՝ ինչո՞ւ մենք թույլ տվեցինք, որ կրակոցը դառնա հասարակական համաձայնություն։
Զարուհի Հովհաննիսյան
MediaLab.am

