Օգոստոսի 12-ին արևի ամբողջական խավարումն ու Պերսեիդների աստղաթափը համընկնում են

Օգոստոսի 12-ը աստղագիտական բացառիկ օր է․ նույն օրը տեղի է ունենում արևի ամբողջական խավարում, իսկ գիշերը իր գագաթնակետին է հասնում Պերսեիդների աստղաթափը։ Նորալուսնի պատճառով երկինքը մութ կլինի, ինչը հատկապես բարենպաստ պայմաններ է ստեղծում աստղաթափը դիտելու համար։

Արևի ամբողջական խավարումը տեսանելի կլինի հյուսիսային Ռուսաստանի, Գրենլանդիայի, Իսլանդիայի, Իսպանիայի հյուսիսային հատվածների և Պորտուգալիայի փոքր հատվածի բնակիչների համար։ Եվրոպայի մեծ մասում, Կանադայում, ԱՄՆ-ի հյուսիսային որոշ շրջաններում և Հյուսիսարևմտյան Աֆրիկայում այն կդիտվի որպես մասնակի խավարում։

Խավարման ամբողջական փուլի առավելագույն տևողությունը կլինի մոտ 2 րոպե 18 վայրկյան։ Իսպանիայի և Պորտուգալիայի որոշ հատվածներում ամբողջական խավարումը տեղի կունենա մայրամուտից քիչ առաջ՝ ստեղծելով հազվադեպ «խավարած մայրամուտ» դիտելու հնարավորություն։

Նույն գիշերը՝ օգոստոսի 12-ի լույս 13-ի ընթացքում, գագաթնակետին կհասնի Պերսեիդների աստղաթափը։ Այն առաջանում է ամեն տարի, երբ Երկիրն անցնում է Սվիֆթ-Թաթլ գիսաստղի թողած փոշու և մանր մասնիկների հոսքի միջով։ Մթնոլորտ մտնելով մեծ արագությամբ՝ այդ մասնիկներն այրվում են՝ երկնքում թողնելով լուսավոր հետքեր։

NASA-ն խորհուրդ է տալիս Պերսեիդներին հետևել լիովին մութ վայրից՝ կեսգիշերից հետո և մինչև լուսաբաց։ Դիտելու համար աստղադիտակ անհրաժեշտ չէ․ լավագույն պայմաններում պետք է ընտրել բաց տարածք, հեռու մնալ քաղաքի լուսավորությունից և աչքերին մոտ 30 րոպե տալ մթությանը հարմարվելու համար։

Արևի խավարումը, սակայն, անզեն աչքով դիտել չի կարելի։ NASA-ն զգուշացնում է, որ մասնակի փուլերի ժամանակ անհրաժեշտ է օգտագործել հատուկ արևային խավարման համար նախատեսված պաշտպանիչ ակնոց կամ արևային ֆիլտր․ սովորական արևային ակնոցները բավարար պաշտպանություն չեն ապահովում։