Քննչական կոմիտեի այսօրվա հաղորդագրությունը սպանության գործի մասին չէ միայն։ Այն նաև դասագրքային օրինակ է, թե ինչպես կարելի է մեկ պաշտոնական հաղորդագրության մեջ միաժամանակ խնդրահարույց դարձնել անմեղության կանխավարկածը, անձնական և ընտանեկան կյանքի իրավունքը, կրոնի կամ համոզմունքի ազատությունը, գենդերային զգայունությունը և պետական հաղորդակցության էթիկան։
ՔԿ-ն հայտնում է, թե բացահայտվել է Արտաշատ համայնքի նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանի կողմից 2023 թվականին կատարված սպանության պատվիրատու լինելու դեպքը։
Եթե քննությունը պարզել է պատվիրատուի, կատարողի, ֆինանսական կախվածության, հանցագործության կազմակերպման և շարժառիթի վերաբերյալ տվյալներ՝ հանրությունը, իհարկե, իրավունք ունի դրանց մասին տեղեկանալու։ Բայց հաղորդագրության առանցքը ոչ թե սպանության պատվիրատուն է, այլ նրա կնոջ անձնական կյանքը։ Ըստ այդմ՝ ամուսինը կնոջը կասկածել է մեկ այլ տղամարդու հետ «անձնական փոխհարաբերություններ» ունենալու մեջ։ Կասկածել է, որ նա այդ տղամարդուն խոշոր գումարներ է տվել, իսկ այդ տղամարդը, ըստ ՔԿ-ի, եղել է կրոնական կազմակերպության հոգևոր հովիվ։
Եթե հաղորդագրության նպատակը սպանության շարժառիթը ներկայացնելն է, կարելի էր գրել՝ սպանության պատվիրատուն գործել է ենթադրյալ վրեժի շարժառիթով։ Պետական մարմինը հանրությանը փոխանցում է կնոջ ենթադրյալ անձնական հարաբերությունների մասին մանրամասներ՝ դրանով նրան դարձնելով պատմության առանցքային կերպար, թեև նրա նկատմամբ որևէ հանցագործության մեղադրանք չկա։ Սա արդեն ոչ թե քրեական գործի մասին հաղորդակցություն է, այլ պետական մարմնի մակարդակով բամբասանքի արտադրություն։
Ու մինչ կինոթատրոններում ցուցադրվում է Քրիսթոֆեր Նոլանի «Ոդիսևսը», որտեղ կրկին արծարծվում է նաև հին պատումը կնոջ՝ Հեղինեի պատճառով բռնկված տրոյական պատերազմի մասին, համացանցում մեկ այլ, բայց նույնական սցենար է հյուսվում։ Ըստ այդ սցենարական պլանի՝ կինն ինչ-որ բան է արել, տղամարդը խանդել է, տղամարդը վրեժ է լուծել, տղամարդը բռնություն է գործադրել, իսկ քննարկվում է կինը։
Արդեն համացանցում տարածվում են սպանության ենթադրյալ պատվիրատուի կնոջ լուսանկարները, և նրա անձնական ու բարոյական կերպարն է դառնում քննարկման առարկա։ Սա պարզապես բամբասանք չէ, այլ հին մեխանիզմ է, որով տղամարդու բռնությունը վերածվում է կնոջ «մեղքի» պատմության՝ հեշտությամբ ստեղծելով բռնության բարոյական արդարացման միջավայր։
Բացի դրանից, կա նաև մեկ այլ թիրախ․ ՔԿ-ի հաղորդագրության մեջ նշվում է կնոջ ենթադրյալ կապը «Ավետարանի հավատքի քրիստոնյաներ» կրոնական կազմակերպության անդամ, հոգևոր հովվի հետ։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ։
Եթե նրա կրոնական պատկանելությունը որևէ նշանակություն չունի սպանության իրավական որակման, ապացուցման կամ հանցագործության մեխանիզմի համար, ապա ինչո՞ւ է այն հայտնվում պետական մարմնի հաղորդագրության մեջ։
Մարդու կրոնական պատկանելությունը անձնական կյանքի զգայուն ոլորտ է, և երբ այն ներկայացվում է կնոջ ենթադրյալ «արտամուսնական կապի» պատմության կողքին, մենք ստանում ենք ոչ թե իրավական տեղեկատվություն, այլ պատրաստի սկանդալային պատմություն, էժանագին սերիալային սցենար՝ կին, արտամուսնական հարաբերություններ, գումար, կրոնական կազմակերպություն, խանդ, վրեժ, սպանություն, իսկ հաղորդագրությանը կցված տեսարանները, որտեղ դիմակավորված անձինք ուժային գործողության արդյունքում մարդուն գետնին են փռում, հավելյալ դրամատուրգիա են հաղորդում արդեն պատրաստի սցենարին։
Տարիներ շարունակ մենք խոսում ենք մարդու արժանապատվությունը հարգելու, անձնական և ընտանեկան կյանքի պաշտպանության, անմեղության կանխավարկածի մասին, բայց երբ հերթական աղմկահարույց քրեական գործն է հայտնվում, նույն հին գործիքները կրկին հանում ենք դարակից ու դնում հասարակության առաջ՝ կնոջ անձնական կյանքը դարձնում ենք հանրային հետաքրքրության առարկա, տղամարդու բռնության համար խանդը որպես հող նախապատրաստում՝ արդարացնելով բռնությունը, իսկ կրոնական պատկանելությունը դարձնում ենք սկանդալի բաղադրիչ։
Անմեղության կանխավարկածը, անձնական կյանքի պաշտպանությունը, կրոնի կամ համոզմունքի ազատությունը և գենդերային զգայունությունը առանձին սկզբունքներ չեն, այլ նույն մեկ խնդրի բազմավեկտոր դրսևորումներն են։ Եթե ՔԿ հաղորդագրությունը կնոջ անձնական կյանքը դնում է սպանության պատմության կենտրոնում, իսկ հետո այդ պատմությունը տարածվում է սոցիալական ցանցերում՝ լուսանկարներով, մեկնաբանություններով ու բարոյական դատավճիռներով, այն ակամա կամ գիտակցաբար մասնակցում է հանրային պիտակավորման գործընթացին։
Պետական մարմնի խոսքը երբեք չեզոք չէ։ Այն ինքնին ուժ ունի՝ որոշելու, թե ինչի մասին է խոսելու հասարակությունը հաջորդ օրերին, ում լուսանկարներն են տարածվելու, ում կյանքն է դառնալու հանրային քննարկման առարկա։ Իսկ եթե այդ ուժն օգտագործվում է քաղաքական դրդապատճառներով, դա առավել քան մտահոգիչ է։
Զարուհի Հովհաննիսյան
MediaLab.am

