«5-րդ ալիք»-ի եթերում ցուցադրված կադրերի մասին.Տիգրան Հակոբյան

ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
««5-րդ ալիք»-ի եթերում ցուցադրված Ազատ գյուղի զորամասի կացարանի հրդեհի կարճ տեսանյութը լայն տարածվել է համացանցում եւ խիստ բացասական արձագանքի է արժանացել:

Մարդիկ հատկապես զայրացած եւ վրդովված են հնչող հուսահատ, տառապանքով, ցավով լի մարդկանց ճիչերից: Այո, շատ ծանր է դա լսել, շատ-շատ ծանր…


Մի քանի լրատվամիջոց դիմել են ինձ պարզաբանումների համար, սոցցանցերում «ֆլեշմոբի» պես ինչ-որ ակցիա է սկսվել՛ Հանձնաժողովից եւ Հանձնաժողովի նախագահից պահանջում են գնահատական տալ, շտապ նիստ հրավիրել, եթերազրկել հեռուստատեսությունը, «պատժել դավաճաններին» եւ այլն:
Արձագանքում եմ:

ՀՌՀ համապատասխան բաժիններին երեկ երեկոյան արդեն իջեցված էին հանձնարականներ մշտադիտարկել «5-րդ ալիք»-ի եթերը, նախապատրաստել իրավական գնահատականը: Ինձ մոտ հավաքված նախնական տվյալների համաձայն հեռուստատեսության եթերում եղել է միայն հեռվից նկարահանված հրդեհը, ճիչեր, ձայներ չեն հնչել, հրդեհի կադրերը ուղեկցվել են լրագրողի տեքստով հրդեհի մասին: Ձայները հնչել են YouTube-ում, եւ կադրերը ուղեկցվել են գրությունով, թե ով է նկարահանել հեռախոսով, եւ ում ձայներն են հչում:


Նախնական եզրակացությունս, կրկնեմ՛ նախնական, հետեւալն է:
1.Եթերում ցուցադրվել է հրդեհի «համր» տեսանյութը, որտեղ չկան այրվող մարմիններ, դաժան կադրեր, ոբղերգության բաց տեսարաններ, որոնք կարող են սոսկանք, սարսափ առաջացնել, ազդել անչափահասների ֆիզիկական եւ հոգեկան առողջության վրա: Վարչական վարույթ բացելու հիմքեր դեռ չենք տեսնում:
2.Օրենքով YouTube-յան հեռարձակումը ՀՌՀ կարգավորումից դուրս է, այս տիրույթում գործառույթ չունենք:
Ավելի մանրամասն այս խնդիրը կքննարկվի երկուշաբթի օրը: Նաեւ կարծում եմ, որ ճիշտ կլիներ հենց «5-րդ ալիք»-ն իր պարզաբանումները ներկայացներ, ներողություն հայցեր հանրությունից:
Բայց մի կարեւոր հանգամանքի մասին էլ գրեմ: Եթե հասարակ քաղաքացու ցասումը, հուզմունքները հասկանալի են եւ ընդունելի, ապա լրագրողական հանրության ներկայացուցիչների արձագանքը (առանց փաստերը ստուգելու, խնդրի իրավական կողմը հասկանալու) տարօրինակ են եւ մտահոգիչ: Լրագրողը պետք է փաստերով խոսի, այլ ոչ թե ամբոխահաճո կոչեր հնչեցնի՛ եթերազրկել, պատժել, գնդակահարել..: Այդ ամենը ստեղծում է իմաստազուրկ «տեղեկատվական հեղեղներ», որոնց բացասական ազդեցության մասին ավելորդ է խոսել: Եւ իմ այս խորհուրդը վերաբերվում է հատկապես ազատական գաղափարներ դավանող մեդիահանրությանը»։