Չեմ բացառում, որ այս օրերի ագրեսիան ավելի լայնամասշտաբ կլիներ, եթե չլիներ ԵՄ դիտորդական առաքելությունը. Արմեն Վարդանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Արմեն Վարդանյանը

– Պարո՛ն Վարդանյան, երբ Եվրամիությունը հաստատեց, որ Հայաստան-Ադրբեջան սահմանին՝ հայկական կողմից, տեղակայելու է դիտորդական քաղաքացիական առաքելություն, ներհայաստանյան շրջանակներում ոգևորությամբ խոսում էին, թե դա կնվազեցնի, անգամ կկանխի ադրբեջանական էսկալացիաները։ Արդեն երեք օր է՝ ինչ Գեղարքունիքի մարզում թշնամին խախտում է հրադադարը, հայկական կողմն ունի մեկ զոհ ու վիրավորներ։ Այս համատեքստում ինչպե՞ս եք գնահատում ԵՄ առաքելության գործունեությունը։

– ԵՄ դիտորդական առաքելության հետ կապված՝ Հայաստանում մի կողմից կային ավելի շատ ակնկալիքներ, երբեք որևէ մեկը չի ասել, որ դիտորդը զենքը ձեռքին գալու է, կանգնելու սահմանին: Նրանք ընդամենը անզեն դիտորդներ են՝ ոչ խաղաղապահներ, ընդ որում՝ շատ փոքր թվաքանակով։ Մյուս կողմից էլ՝ կար սևացման, վարկաբեկման արշավ այդ առաքելության դեմ։ 

Իրականությունն այն է, որ, այո՛, ԵՄ քաղաքացիական առաքելությունը զսպող գործոն է Ադրբեջանի համար, դրա համար պետք է նայել վիճակագրությունը․ անցած տարվա սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ՝ երկու օրում, մենք 227 զոհ ենք ունեցել, դրանից հետ հայկական դիվանագիտության ջանքերով Հայաստանում տեղակայվեցին ԵՄ դիտորդները, ու արդեն այս վեց ամսվա ընթացքում սահմանին զոհերի թիվը մեկ տասնյակի չի հասնում, ու ակնհայտորեն, այո՛, այս դիտորդների տեղակայումը զսպող գործոն է հանդիսանում Ադրբեջանի համար ավելի լայնամասշտաբ ագրեսիա չսանձազերծելու հարցում։ 

– Կարծում եք, որ եթե չլիներ ԵՄ դիտորդների ներկայությունը, վերջին օրերի ագրեսիան Գեղարքունիքում ավելի լայնամասշտա՞բ էր լինելու։

– Այո՛, չի բացառվում, որովհետև էլի եմ ասում, անցած տարվա ընթացքում ամբողջ սահմանի երկայնքով՝ սեպտեմբերի 14-ին հարձակում է տեղի ունեցել, բացառությամբ Մեղրու հատվածի։ Հիմա, իհարկե, տեղային մարտեր մի քանի անգամ եղան՝ Տեղում, Սոթքում, բայց ակնհայտորեն և՛ ագրեսիայի մասշտաբներն են փոքր, և՛ զոհերի թիվն է քիչ։ 

Մի բան պետք է հասկանանք. եթե Ադրբեջանը մի բանից դժգոհում է, դա նշանակում է, որ այդ մարդիկ մեր շահերի համար են այստեղ գտնվում, թեև շատերն այստեղ վարկաբեկման արշավ էին կազմակերպել, ու ոչ միայն այստեղ: Որոշումից հետո նաև Ռուսաստանից էին դժգոհություններ հնչում, որովհետև Ադրբեջանն ու Ռուսաստանը ցանկանում են, որ Հայաստանը լինի թույլ, խոցելի ու սահմաններին անընդհատ սադրանքներ կազմակերպելով՝ Հայաստանից տարբեր զիջումներ կորզեն, իսկ ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը նրանց ծրագրերն ակնհայտորեն ինչ-որ չափով խափանել է։ 

Սրա հետ կապված՝ Հայաստանում Ռուսաստանի հինգերորդ շարասյան ներկայացուցիչները արշավ էին տանում այդ դիտորդական առաքելության դեմ։ Պետք է հասկանալ, որ մենք ենք նրանց խնդրել, որ գան, ոչ թե նրանք են ցանկացել կամ ճնշման միջոցով են եկել։

 – Այս օրերին կարծիքներ հնչեցին, որ եթե Հայաստանն ընդունած լիներ ՀԱՊԿ առաքելության տեղակայման առաջարկությունը, այս երեք օրվա սահմանային լարումը չէր լինի։ Դուք ի՞նչ դիրքորոշում ունեք ՀԱՊԿ դիտորդական առաքելության տեղակայման մասով, պարո՛ն Վարդանյան։

– Ես այդ պնդման հեղինակներին հետևյալը հիշեցնեմ․ նախորդ տարվա սեպտեմբերին էլ և՛ Գեղարքունիքում, և՛ Սյունիքում կային ռուսական հենակետեր՝ էլի սահմանափակ քանակությամբ, բայց կային ռուս զինծառայողներ, ռուսական դրոշն ամրացրած այդ հենակետերի վրա։ Ագրեսիայից մի քանի ժամ առաջ ռուսներն իջնում են այդտեղից, որից հետո Ադրբեջանը սկսում է հրթիռակոծումը: Հիմա հարց եմ տալիս. արդյոք նրանց ներկայությունը որևէ կերպ խոչընդո՞տ հանդիսացավ Ադրբեջանի համար։ Ես չեմ կասկածում, որ ադրբեջանցիների հետ նախապես եղել է պայմանավորվածություն։ 

Առաքելությունն էլ որ լինի, որևէ կերպ չի զսպելու Ադրբեջանին, մանավանդ որ ՀԱՊԿ գրեթե բոլոր անդամները Ադրբեջանի հետ ավելի դաշնակցային հարաբերություններ ունեն, քան Հայաստանի։ Ադրբեջանցիներն ավելի հեշտ են ռուսների հետ լեզու գտնում, քան ԵՄ ներկայացուցիչների։ Տեսնում ենք, թե Լաչինի միջանցքում ինչ է կատարվում ռուս խաղաղապահների ներկայությամբ, ակնհայտ է, չէ՞, որ դա պայմանավորվածության հետևանք է։ Իսկ ի՞նչ երաշխիք, որ ՀԱՊԿ դիտորդները եթե գան, կրակոցներ չեն լինի, ես վստահ եմ՝ ավելի շատ են լինելու։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am