«Ռազմական հեղաշրջման փորձ կատարածը՝ ԳՇ պետ. ի՞նչ ուղերձ է այս նշանակումը բանակին, հանրությանը». Նորայր Նորիկյան

ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ ՊՆ գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի նշանակումը գլխավոր շտաբի պետի պաշտոնում հանրության կողմից միանշանակ չընդունվեց: Քաղհասարակության ներկայացուցիչները տարակուսանք էին հայտնում՝ ինչպե՞ս է վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջարկել ՀՀ նախագահին Ասրյանի թեկնածությունը, որը դեռ մեկ տարի առաջ ըմբոստացել էր հենց Փաշինյանի կառավարության դեմ:

Հիշեցնենք՝ 2021-ի փետրվարին Հայաստանի գլխավոր շտաբը, որն այն ժամանակ ղեկավարում էր Օնիկ Գասպարյանը, հանդես եկավ հայտարարությամբ՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նրա ղեկավարած կառավարության հրաժարականը:

«ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում: Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացնում՝ ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը»,- մասնավորապես ասված էր գլխավոր շտաբի հայտարարությունում:

Այդ հայտարարության տակ ստորագրել էր նաև երեկ ԳՇ պետ նշանակված Էդվարդ Էդիսոնի Ասրյանը:

«Գլխավոր շտաբի հայտարարությունը համարում եմ ռազմական հեղաշրջման փորձ: Մեր բոլոր կողմնակիցներին հենց հիմա հրավիրում եմ Հանրապետության հրապարակ: Առաջիկայում հանրությանը կդիմեմ ուղիղ եթերում»,- արձագանքելով ԳՇ հայտարարությանը՝ իր ֆեյսբուքյան էջում գրել էր Փաշինյանը:

«Իսկապե՞ս Նիկոլ Փաշինյանին թվում է, որ այսպիսի կադրային նշանակումներով կարողանալու է որակապես փոխել պետական կառավարման համակարգի արդյունավետությունը: Խիստ կասկածում եմ, շա՛տ խիստ…»,- արձագանքելով այս նշանակմանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր քաղհասարակության ներկայացուցիչ Լևոն Բարսեղյանը:

«Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականությունը ես սկզբում համարել եմ տարակուսելի, հետո՝ ձախողված, հիմա՝ ջախջախված: Ինձ համար հասկանալի չէ՝ եթե Նիկոլ Փաշինյանը սկզբում հայտարարում էր, որ գեներալները ռազմական հեղաշրջման փորձ են կատարել, հետևաբար հիմա ուզում եմ հասկանալ՝ դա ի՞նչ իրավական հետևանք է առաջացրել, արդյոք որևէ քննություն տարվո՞ւմ է՝ պարզելու, թե Նիկոլ Փաշինյանի մատնանշած գեներալները ռազմական ի՞նչ հեղաշրջման փորձ են իրականացրել և եթե իրականացրել են, ինչո՞ւ որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել»,- «Մեդիալաբի» հետ զրույցում հարցեր է բարձրացնում զինվորական գործերով փաստաբան, «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը:

Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակում Նիկոլ Փաշինյանը հանրությանը պետք է հավելյալ պարզաբանումներ ներկայացնի, թե ի՞նչ չափորոշիչներից ելնելով է նման նշանակում կատարել:

«Այդ նշանակումն ի՞նչ ուղերձ է բանակին, ժողովրդին: Պետք է հասկանալ՝ ի դեմս այս գեներալի ինչպե՞ս է նա տեսնում բանակի կառավարումը, բանակի վերազինումը», -ասում է Նորիկյանը:

Նշենք, որ Էդվարդ Ասրյանը 2021-ի մայիսից զբաղեցնում էր ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի պաշտոնը։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am