Իշխանական ու պաշտոնական աղբյուրների իրարամերժ հայտարարությունները նոյեմբերի 16-ին դիրքային կորուստների մասին․ FIP.am

Նոյեմբերի 16-ին սահմանի արևելյան ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի իրականացրած հարձակման հետևանքով հայկական կողմի դիրքային կորուստների վերաբերյալ իշխանական ու պաշտոնական աղբյուրները հակասական ու իրարամերժ տեղեկություններ են տրամադրում։

Նոյեմբերի 16-ին ժամը 16։00-ի դրությամբ հայկական երկու դիրքի կորստի մասին առաջինը հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարությունը։ 

«Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների՝ հայկական դիրքերի վրա նախաձեռնած հարձակման հետևանքով սկսված մարտերի արդյունքում հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, որոնց վերաբերյալ տվյալները ճշտվում են, ինչպես նաև հայտնի է երկու մարտական դիրքի կորստյան մասին»,- նշվում է ՊՆ հաղորդագրության մեջ։

Նույն օրը երեկոյան, երբ ռուսական կողմի միջնորդությամբ արդեն ժամը 18։30-ի դրությամբ կողմերը դադարեցրել էին ռազմական գործողությունները, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույցի» տաղավարում հայտարարեց, թե հայկական կողմը նոյեմբերի 16-ին դիրքեր է վերադարձրել։ 

«Եթե նախորդ օրը մենք տեսանք հակառակորդի ցինիկ կեցվածքը մեր դիրքերի մատույցներում, այսօր նրան չհաջողվեց այդպիսի կեցվածքով որևէ առավելություն ունենալ։ Ավելին, եթե օրվա մեջ ունեցել էր առավելություն, ապա օրվա վերջում այդ առավելությունները կորցրեց։ Մենք շատ դիրքեր հետ ենք բերել»,- հայտարարեց Քոչարյանը։  

Նոյեմբերի 17-ին ՊՆ-ն ևս մեկ հաղորդագրություն տարածեց, որում վերահաստատում էր դիրքային կորուստների մասին նախօրեին ներկայացրած տվյալները։ 

«Հակառակորդի վերահսկողության տակ է անցել երկու մարտական հենակետ», — մասնավորապես, նշվում է հաղորդագրության մեջ։ 

Այսպիսով, ՊՆ-ն, ինչպես նախօրերին, այնպես էլ նոյեմբերի 16-ին հայկական կողմի դիրքային որևէ առավելությունների մասին որևէ տեղեկություն չի տրամադրում՝ վերահաստատելով երկու դիրքի կորուստը և, ըստ էության, հերքելով իշխանական պատգամավորի՝ դիրքեր վերադարձնելու մասին պնդումները։

Փաստերի ստուգման հարթակ