Եվրոպան ահուսարսափի մեջ պահող աղիքային վարակի դեպքեր Հայաստանում չեն արձանագրվել

Թեեւ Հայաստանում վերջին շաբաթներին Եվրոպան ահ ու սարսափի մեջ պահող ախտածին աղիքային ցուպիկով հարուցված սուր աղիքային դեպքեր չեն արձանագրվել, այնուամենայնիվ ՀՀ Առողջապահության նախարարությունը կոչ է անում զգոն լինել:
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների` վերջին օրերին Գերմանիայում արձանագրվել է նմանատիպ սուր աղիքային վարակի 1534 դեպք, որից` 15-ը մահվան ելքով:
Արձանագրված դեպքերից 470-ը եղել է հեմոռագիկ ուռեմիկ համախտանիշով, որից 9-ը` մահվան ելքով: Հիվանդության դեպքերի 86%-ը արձանագրվել է 20 և բարձր տարիքով անձանց մոտ: Սույն աղիքային վարակն ընթանում է որովայնային ցավի և արյունային լուծի երևույթներով, իսկ հեմոռագիկ ուռեմիկ համախտանիշը` սուր երիկամային անբավարարությամբ, սակավարյունությամբ: Վարակը կարող է փոխանցվել մարդուն սննդամթերքի, ջրի և այլնի միջոցով: Գերմանիայում արձանագրված բռնկման հետ կապված իրականացվում է համաճարակաբանական հետազոտություն, որի արդյունքում վարակի աղբյուրը դեռևս չի պարզվել:

Հայաստանի Հանրապետությունում վերը նշված հիվանդության առումով համաճարակային իրավիճակը հանգիստ է:

Ըստ Առողջապահության նախարարության, ամեն ինչ արվում է իրավիճակը վերահսկելու ուղղությամբ: Ըստ այդմ, մասնագետները կոչ են անում բնակչությանը չգնել անհայտ ծագման, ոչ սահմանված վայրերում և առանց պատշաճ ջերմաստիճանային և հիգիենիկ պայմանների վաճառվող, հատկապես` արագ փչացող սննդամթերք: Սննդամթերքը (մրգեր, բանջարեղեն, հատապտուղներ և այլն) օգտագործելուց առաջ լավ լվանալ միայն հոսող խմելու ջրով (չօգտագործել առուների, գետերի ջրերը):

Հետևել ձեռքերի հիգիենային՝ հաճախակի լվացվել օճառով, հատկապես սնունդ պատրաստելուց և ուտելուց առաջ: Սննդամթերքը պահել փակ տարաներում` ճանճերի աղտոտումը կանխարգելելու նպատակով:

Խմելու ջրի համային և գունային հատկությունների փոփոխությունների, տեսանելի նստվածքների առկայության դեպքերում այն օգտագործել միայն եռացնելուց հետո և անհապաղ ահազանգել ջրամատակարարման համակարգը սպասարկող և վերահսկող մարմիններին: Ջրանջատումներից հետո ծորակից ջուրն օգտագործել որոշ ժամանակահատված հոսելուց հետո, ինչպես նաեւ աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշանների (լուծ, որովայնի շրջանում ցավ, տենդ, փսխում) առկայության դեպքում անհապաղ դիմել բժշկի:

© Medialab.am