Պատերազմում որդի կորցրած մայրերը դիմում են արտամարմնային բեղմնավորման. «Կանայք մոմի նման հույսը բռնած գալիս են մեզ մոտ»

Առողջապահության նախարարությունն ու մի խումբ մասնագետներ օրենսդրական փոփոխություններ են նախաձեռնել «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում, որոնք կընդլայնեն ընտանիքների, կանանց համար երեխա ունենալու հնարավորությունները:

«Հայաստանի մեր օրենքները շատ լավն են, բայց շատ հարցերում ավելորդ, անիմաստ խստացումներ կան, որոնք թույլ չեն տալիս կանանց կամ որոշ զույգերի դիմել մեզ և երեխա ունենալ»,- «Մեդիալաբին» ասում է Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ Էդուարդ Համբարձումյանը:

Օրինակ՝ միայնակ կինը, որի ձվարանները չեն գործում, բայց ցանկանում է դոնորական սաղմի միջոցով երեխա ունենալ, չի կարող, օրենքը թույլ չի տալիս: 

Մինչդեռ Համբարձումյանն ասում է՝ դոնորական սաղմը հատուկ սառեցված պայմաններում է պահվում, քչություն չի անում և նույնիսկ ափսոս է այն բժշկական թափոնի վերածել: 

Ըստ մասնագետի, դա հնարավոր է տեղադրել կնոջ արգանդի մեջ: Բայց օրենքով հնարավոր է օգնել միայն զույգերին, այն էլ՝ որոնցից մեկը խնդիր ունի, իսկ մյուսը՝ չունի, քանի որ օրենքով ծնողներից մեկը անպայման պետք է կապ ունենա երեխայի հետ:

«Միայնակ մայրերի վիճակագրություն չկա, բայց շատ կան այդպիսի կանայք, ովքեր ունեն առողջական, հոգեբանական, ինչպես նաև պաթոլոգիկ խնդիրներ, որոնք ուզում են հղիանալ, բայց օրենքը նրանց թույլ չի տալիս: 

Մենք հիմա այս փոփոխություններով նրանց ասում ենք՝ եկեք օգնենք, հղիացեք, երեխա ունեցեք: Աշխարհի շատ երկրներում նման սահմանափակումներ չկան: Հիմա մարդիկ գալիս են, տեսնում ես՝ 50 տարեկան տղամարդ է, 45 տարեկան կին, որի ձվարանները չեն աշխատում, բայց ցանկանում են երեխա ունենալ, իսկ մենք ասում ենք՝ չէ՛, գնացե՛ք: 

Դա այն դեպքում, երբ մենք ունենք մեծ թվով սառեցված սաղմիկներ: Հիմա փորձում ենք օրենսդրական փոփոխություններ կատարել ու թույլ տալ այս զույգերին, ինչպես նաև միայնակ մայրերին երեխա ունենալ»,- ասում է Էդուարդ Համբարձումյանը:

Օրենսդրական փոփոխությունների արդյունքում մասնագետը հույս ունի, որ երեխա ունեցողների թիվը կտրուկ կավելանա:

Այս փոփոխությունների գաղափարը հասունացավ հատկապես Արցախյան պատերազմից հետո, երբ որդեկորույս կանայք ցանկություն են հայտնել նորից հղիանալ:

Մինչ փոփոխությունները միս ու արյուն կստանան, առողջապահության նախարարությունը Արցախյան պատերազմում իրենց որդուն կորցրած կանանց, զույգերին արտամարմնային արհեստական բեղմնավորումն առաջարկում է իրականացնել ամբողջությամբ պետպատվերի շրջանակում և յուրաքանչյուր ցանկություն հայտնողի վերաբերյալ հատուկ իրավական ակտ ընդունում:

«Բանակում երեխա կորցրած ընտանիքները համարյա ամեն օր մեզ սկսել են դիմել արտամարմնային բեղմնավորման միջոցով երեխա ունենալու համար: Բոլոր ծախսերը՝ անալիզներից սկսած, պետությունը վերցրել է իր վրա:

Ճիշտ է, բոլորին խորհուրդ չենք տալիս՝ հաշվի առնելով առողջական խնդիրները, բայց ամեն ինչ անում ենք, որ մարդկանց ցանկությունները բավարարվեն»,- ներկայացնում է Համբարձումյանը:

Արտամարմնային բեղմնավորման համար կարող են դիմել մինչև 53 տարեկան կանայք: Արդեն դիմել են՝ Աշոցքից, Արմավիրից, Երևանից, Էջմիածնից: 10 կնոջ հետ արդեն իսկ բժիշկներն աշխատում են, բուժումն սկսվել է:

Մասնագետի խոսքով՝ 50 տարեկան կնոջն արտամարմնային բեղմնավորում հնարավոր է անել, բայց մեծ հարց է՝ ինչպես կտանի հղիությունը: Այդ է պատճառը, որ շատ երկրներում նման բեղմնավորման համար տարիքային սահմանափակումներ կան կանանց համար՝ եվրոպական երկրներում՝ 49-50 տարեկան, Միացյալ Նահանգներում՝ 55 տարեկան: 

«Մենք որպես սահմանափակում վերցրել ենք 53 տարեկանը, որովհետև պետք է հաշվի առնենք այն, որ Հայաստանում կնոջ կյանքի միջին տևողությունը 76 տարեկան է:

Այնպես չէ, որ ով գալիս է, նրան խորհուրդ ենք տալիս դիմել այդ քայլին: Ես ինքս արդեն երկու զույգի մերժել եմ, որովհետև արտամարմնային բեղմնավորման գնալն այդ տարիքում շատ ռիսկային է, և առողջական խնդիրները կտրուկ են արտահայտվում: Բայց եթե ամեն ինչ առողջ է, հնարավոր է, կփորձենք իրականացնել արտամարմնային բեղմնավորում»,- ասում է Էդուարդ Համբարձումյանը:

Մասնագետն իրավիճակն արտառոց է համարում բժշկության համար՝ բարձր տեխնոլոգիաների միջոցով փորձ է արվում լրացնել պատերազմում մարդկային կորուստները և ժողովրդագրական սպասվող «մեծ փոսը»: 

«Մենք պետք է ամեն ինչ անենք, որ երջանկացնենք այն ընտանիքներին, որոնք նորից ուզում են երեխա ունենալ, որ կյանք ծնվի այդ ընտանիքներում, որ այդ ընտանիքները նորից ուրախություն ապրեն: Միայն տեսնեք այդ կանանց՝ մոմի նման հույսը բռնած գալիս են մեզ մոտ»,- նշում է Համբարձումյանը:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am