ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց գրավատների, փոխանակման կետերի, վարկային կազմակերպությունների, բանկերի պետական տուրքի՝ նախապես առաջարկվող չափերը փոփոխելու առաջարկներին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջարկները կազմվեցին Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթի՝ գլխադասային հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկմանը՝ ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանի հետ համատեղ քննարկումների արդյունքում, և քվեարկությամբ ստացան դրական եզրակացություն:
«Բանկերի համար ներկա 3 մլն դրամի փոխարեն առաջարկվում է սահմանել տարեկան 8 մլն դրամ պետտուրք, բանկերի մասնաճյուղերի համար առաջարկվում է 1 մլն դրամ, ներկայացուցչությունների համար՝ 500 հազար դրամ: Վարկային կազմակերպությունների մասնաճյուղերի համար պետտուրքը ներկայում 250 հազար է, առաջարկվում է դարձնել 1 մլն դրամ, իսկ այն մասնաճյուղերի համար, որոնք արտարժույթի փոխանակում չեն իրականացնում՝ 500 հազար դրամ: Վարկային կազմակերպությունների գլխամասի համար ներկայում 500 հազար դրամ է, առաջարկվում է դարձնել 6 մլն դրամ: Գրավատների պետտուրքը ներկայում 100 հազար դրամ է, առաջարկվում է առաջին տարում դարձնել 1.5 մլն դրամ, հետո 2 մլն դրամ: Իսկ Փոխանակման կետերի համար 50 հազար դրամ պետական տուրքն առաջարկվում է առաջին տարում դարձնել 500 հազար դրամ, հետո՝ 1 մլն դրամ»,-ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:
Առաջարկները դրվեցին քվեարկության և ստացան դրական եզրակացություն: