Թուրքիայի մեջլիսի նախագահը Հայոց ցեղասպանության թեմայով նամակ է հղել Իսլանդիայի խորհրդարանի նախագահին․ Ermenihaber

Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) նախագահ Մուստաֆա Շենթոփը նամակ է հղել Իսլանդիայի խորհրդարանի նախագահ Ստեյնգրիմուր Սիգֆուսոնին՝ խնդրելով չաջակցել խորհրդարան ներկայացված Հայոց ցեղասպանության բանաձևին, գրում է Ermenihaber.am-ը։

Շենթոփը նամակում նշել է, որ այդ օրինագիծն օրակարգ է բերվել «որոշ շրջանակների դրդմամբ» և կարող է ստվեր գցել թուրք-իսլանդական հարաբերությունների վրա: Նամակում նա շարադրել է Հայոց ցեղասպանության ժխտող թուրքական քարոզչական թեզերը և փորձել դրանք ներկայացնել պատմաիրավական լույսի ներքո։

Շենթոփն իր իսլանդացի գործընկերոջը հանգամանորեն ծանուցել է պաշտոնական Անկարայի տեսակետի մասին՝ մասնավորապես նշելով, որ առաջին աշխարհամարտի ժամանակ «ծայրահեղական հայերը, զինվելով Օսմանյան կայսրության թշնամիների կողմից, հարձակումներ են գործել օսմանյան բանակի և մուսուլման բնակչության վրա։ Դրա համար էլ պետությունն ընդունել է «Տեղահանության և վերաբնակեցման մասին օրենքը», որի կիրառմամբ ռազմական տեսանկյունից ռազմավարական նշանակություն ունեցող վայրերում բնակվող հայերին տեղափոխել են պատերազմից հեռու գտնվող հարավային նահանգներ»:

Թուրքիայի խորհրդարանի ղեկավարը նամակում նաև նշել է, որ օսմանյան կառավարության հանձնարարություններին չհետևած ու հայերի նկատմամբ հանցագործություն կատարած պաշտոնյաները և քաղաքացիները ռազմական դատարանների կողմից դատապարտվել են.1763-ը ազատազրկվել են, 67-ը՝ մահապատժի ենթարկվել։

Շենթոփի նամակում խոսք կա նաև այն մասին, որ «ցեղասպանություն» եզրույթը սահմանվել է 1948թ. ՄԱԿ-ի «Ցեղասպանությունների կանխարգելման և դատապարտման կոնվենցիայում», ըստ որի՝ որևէ գործողություն ցեղասպանություն անվանելու համար իրավասու դատարանի որոշում է անհրաժեշտ: «Իսկ ահա 1915-ի վերաբերյալ որևէ դատարանի որոշում չկա»,- դիմել է Շենթոփը Իսլանդիայի խորհրդարանի նախագահին։

Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել, ճանաչվել ու հաստատվել է ականատեսների բազմաթիվ վկայություններով, օրենքներով, բանաձևերով և միջազգային կազմակերպությունների որոշումներով: Ավելի քան 30 պետություն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Հայոց ցեղասպանություն են համարվում Օսմանյան կայսրությունում և հարակից շրջաններում 1915-1923թթ. տեղի ունեցած հայերի զանգվածային սպանդը, բռնագաղթը և բռնի կրոնափոխումը։ Դրանքը ծրագրեցին ու կազմակերպեցին երիտթուրքերը, իսկ հետագայում ավարտին հասցրեց քեմալական կառավարությունը։

Միջազգային առաջին արձագանքը Հայոց ցեղասպանությանը ըստ էության եղել է 1915-ի մայիսի 24-ին, երբ Ֆրանսիայի, Ռուսաստանի ու Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարության մեջ հայ ժողովրդի դեմ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքական կառավարությանը:

Աղբյուր` Ermenihaber.am