Վտանգավոր նախադե՞պ. դատարանը բավարարել է ԱԺ պատգամավորների հայցն ընդդեմ «Հայկական Ժամանակի»

Վտանգավոր նախադե՞պ. դատարանը բավարարել է ԱԺ պատգամավորների հայցն ընդդեմ «Հայկական Ժամանակի»
Վտանգավոր նախադե՞պ. դատարանը բավարարել է ԱԺ պատգամավորների հայցն ընդդեմ «Հայկական Ժամանակի»

Երկուշաբթի օրը Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մասամբ բավարարել է ԱԺ-ի պատգամավորների հայցն ընդդեմ «Հայկական Ժամանակ» օրաթերթի:
«Հայկական Ժամանակի» թողարկման պատասխանատու Հայկ Գեւորգյանը սակայն «Մեդիալաբին» ասել է, որ համաձայն չեն որոշման հետ եւ, որ  բողոքարկելու են վճիռը` «տեղական դատական ատյաններից մինչեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան» :
Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավորներ Սամվել Ալեքսանյանը, Լեւոն Սարգսյանը եւ Ռուբեն Հայրապետյանը բարոյական վնասի հատուցման պահանջով հայց էին ներկայացրել դատարան` «Հայկական ժամանակ» օրաթերթից պահանջելով ընդհանուր առմամբ 7.5 մլն դրամ:

Պատգամավորները թերթից պահանջել էին իրենցից յուրաքանչյուրին վճարել 2-ական միլիոն դրամ, որպես բարոյական վնասի փոխհատուցում, եւ եւս 500-հազարական դրամ` դատական ծախսերի փոխհատուցման համար:

Դատարանը մասամբ է բավարարել ֆինանսական փոխհատուցման պահանջը` «Հայկական ժամանակ»-ին պարտավորեցնելով պատգամավորներից յուրաքանչյուրին վճարել 2 միլիոն 44 հազար դրամ: Դատարանի որոշմամբ, «Հայկական ժամանակը»` դատավճիռը ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում պետք է հերքում տպագրի:

Հայկ Գեւորգյանը դատարանի վճիռը մեր  թղթակցի հետ զրույցում «վտանգավոր նախադեպ» է որակել:

«Սա վտանգավոր նախադեպ է  բոլոր այն  ոչ իշխանական լրատվամիջոցների համար, որոնք հղումով նման տեղեկատվություն են տպագրում, սա նշանակում է, որ նման տեղեկատվություն տպագրելու դեպքում նրանք էլ կարող են կանգնել նման խնդրի առաջ»,-ասաց Հայկ Գեւորգյանը:

© Medialab.am