«Մարդկանց մեղադրելու, հայհոյելու ժամանակներն անցել են, սա այլևս չի աշխատում, պետք է սթափ գնահատել իրավիճակը». Ռուբեն Բաբայան

Լուսանկարը՝ Sputnik Armenia

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հովհ․ Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը

– Պարո՛ն Բաբայան, այս օրերին հաճախ են հնչում մեղադրանքներ, որ հանրության մեծ մասն անտարբեր է իր շուրջ կատարվողի, հայրենիքի առջև ծառացած խնդիրների, արցախահայության շրջափակման փաստի նկատմամբ։ Համակարծի՞ք եք։

– Բացարձակապես չեմ կիսում այդ տեսակետը, ես չեմ կարծում, որ նրանք, ովքեր շատ են աղմկում, մտահոգված են, իսկ մնացածն անտարբեր են։ Ընդհանրապես, այդ տեսակ մեղադրանքները հանրության նկատմամբ, թե քնած են, թե անտարբեր են, թե դավաճան են, միանգամից քեզ դնում ես մեկ աստիճան վերև՝ մեղադրողի աստիճանին, որ դու հայրենասեր ես, ամեն ինչ գիտակցում ես, հասկանում, իսկ շրջապատդ արժանի չէ: Հետո հերթը հասնում է հանրության նկատմամբ համապատասխան մեղադրանքներ հնչեցնելուն, ու պարզվում է, որ նրանք, ովքեր խոսում են ազգի շահերից, ազգի անունից, ամենաշատը մեղադրում են հենց այդ ազգին։

Իմ համոզմամբ՝ խնդիրը մարդկային անտարբերության մեջ չէ, խնդիրն այն է, որ մարդիկ ուզում են սթափ ծրագրեր ու ելքերի առաջարկներ լսել, ուզում են, որ իրենց հետ շատ լուրջ խոսեն, այլ ոչ թե փորձեն օգտագործել որպես զանգված, որին էմոցիոնալ ֆոնի վրա կարելի է ուզած ձևով օգտագործել։

44-օրյա պատերազմից հետո այն որոշակի իմաստությունը, որին հասան, այն է, որ մարդիկ պարզապես չեն ուզում գործիք դառնալ որևէ մեկի ձեռքին, ով ուզում է լինել, ինչ քաղաքական ուժ ուզում է լինել, իսկ դա նշանակում է, որ դու ուզում ես, որ քեզ հետ շատ լուրջ՝ հավասարը հավասարի պես խոսեն։ Մեզ պակասում են այստեղ լուրջ վերլուծական կենտրոններ, հանդիպումներ։

Ամբողջ մեդիադաշտը լցված է ատելությամբ, իրար հայհոյելով, մեղադրելով, բարոյական խրատներ տալով։ Սրա ժամանակն անցել է, սա այլևս չի աշխատում: Կարծում եմ՝ եթե սթափ գնահատեն իրավիճակը, նրանք, ովքեր զբաղվում են դրանով, կտեսնեն, որ դա իրականում անարդյունավետ է։ Կարծում եմ՝ խնդիրը սա է, ես ինքս անձամբ այդ վիճակում եմ, ես ուզում եմ լսել լուրջ բանակցողների, ուզում եմ լսել, թե իմ երկրի համար ինչ ապագա են տեսնում ոչ թե այս րոպեին, վայրկյանին, այլ ընդհանրապես, մենք ի՛նչ երկիր ենք կառուցելու վերջիվերջո։ Մենք դեռ իրականում այդ պատասխանը չենք տվել, առավել ևս՝ այսօրվա աշխարհում, որտեղ արդեն լավ ուրվագծվում է, թե աշխարհն ինչ ճամբարների է բաժանվում։

– Նկատի ունեք, որ հանրության մեծ մասի մոտ քաղաքական տարբեր ուժերի կամ անհատների նկատմամբ վստահությունը, հավատը բացակայո՞ւմ են, ու դրա՞ համար այսպես ասած կոնսոլիդացիա տեղի չի ունենում։

– Նախ՝ ես կարծում եմ, որ այդ կոնսոլիդացումը, ցավոք սրտի, մենք շատ պարզունակ ձևով ենք պատկերացնում, այնպես, ինչպես դա մշտապես գործել է մեզանում՝ դուրս գալ փողոց, հրաժարական պահանջել: Ես կարծում եմ, որ այս տարիների ընթացքում այնքան շատ են եղել նման ակցիաները, որ մարդիկ հիմա ուրիշ բան են ուզում։

Իսկապես նրանք շատ լուրջ խոսակցություն են ուզում իրենց հետ, շատ դժվար է խոսել, երբ հակառակորդը սկսում է վիրավորանքի անցնել: Ասածս վերաբերում է և՛ իշխանությանը, և՛ ընդդիմությանը, և՛ բոլոր նրանց, որոնք հավակնություն ունեն ընդդիմության դերը խաղալու կամ որոշակի քաղաքական պարտավորություններ վերցնելու իրենց վրա։

Երբ մենք խոսում ենք, այսպես ասեմ՝ անվիրավորական բանակցությունների մասին, նրանց թվում է, թե խոսքը միասնության մասին է: Ո՛չ, խոսքը սթափ ձևով յուրաքանչյուրի տեսակետը գնահատելու, լսելու մասին է։ Երբ կան գոռոց, վիրավորանք, ուղեղն անջատվում է, իսկ էմոցիաների վրա այսօր հնարավոր չէ լայն զանգվածների քո հետևից տանել, միանշանակ հնարավոր չէ, մարդիկ մերժում են դա, ու ես կարծում եմ, որ ճիշտ են անում։

Մարդիկ ուզում են սթափ խոսակցություն, ուզում են, որ գիտնականները, քաղաքագետները խոսեն, իրար հետ նորմալ բանավիճեն, որովհետև, վերջիվերջո, անկախ մեր քաղաքական հայացքներից, բոլորս մի ընտանիքի անդամ ենք ու այս հողի ժողովուրդն ենք, ու ոչ ոք իրավունք չունի որևէ մեկին, եթե, իհարկե, չկա Հայաստանի անկախությունը բացահայտորեն վերացնելու ցանկություն, մեղադրանք ներկայացնելու։

Սխալնե՞ր. բոլորը բազմիցս այնքան սխալներ են արել, ու ինքներս նաև, որ եթե մենք տեղափոխվենք այդ դաշտ, կարող ենք մինչև մեր կյանքի վերջը դրանով զբաղվել։ Եկեք նայենք դեպի ապագա, իսկ ապագան մեզանից պահանջում է շատ պարզ մի հարցի պատասխան՝ մենք ի՞նչ երկիր ենք պատկերացնում մեզ համար Հայաստանը, ինչպիսի՞ն պետք է այն լինի։

Ես նկատի չունեմ, որ բնակչությունը պետք է դառնա 5 միլիոն, իսկ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը պետք է աշխարհի առաջնությանը մասնակցի: Խոսքս սրա մասին չէ, խոսքն արժեքային համակարգի, օրենքի, համակարգային փոփոխությունների մասին է, այլ ոչ թե՝ անհատների, համակարգերը որ փոխվեն, հետո կնայենք, թե այդ համակարգին ո՛ր անհատն է համապատասխանում: Մենք փոխում ենք անհատ, հետո զարմանում, որ այդ անհատը հարմարեցվում է այս փչացած, ժանգոտված համակարգին։ Այդպես է, որովհետև համակարգն է թելադրում, եթե համակարգը չենք փոխում, մենք անձեր փոխելով ոչնչի չենք հասնի, փորձն էլ է դա ցույց տալիս։

– Պարո՛ն Բաբայան, ձեր խոսքով ասած՝ հիմա մեր ընտանիքն այս վիճակից հանելու համար առաջնային ի՞նչ քայլեր են պահանջվում մեզնից, ի՞նչ անի հանրությունը։

– Հանրության մեծամասնությունը պետք է քաղաքական ուժերին պահանջ ներկայացնի՝ նստել ու ներկայացնել լուրջ ծրագրեր, իրավիճակից դուրս գալու հստակ ելքեր։ Եթե նկատել եք, ցավոք սրտի, մեր քաղաքական ուժերը զբաղված են շատ փոքր՝ ամենաաղմկոտ մասի ճաշակը բավարարելով, մոռանալով, որ կուսակցական այդ նախասիրությունները ո՛չ մշտական են, ո՛չ էլ մեծ դեր են խաղում։

Կարծես թե մեր քաղաքական ուժերը խուսափում են լայն հանրության հետ խոսելուց, նրանց լսել, զգալ, հասկանալ փորձելուց։ Չեն փորձում հասկանալ՝ եթե հանրությունն այդպես է արձագանքում, ապա ո՞րն է պատճառը: Սրա մասին չեն մտածում, միանգամից հետևում են հանրությանն ուղղված մեղադրանքներ՝ դուք տգետ եք, տհաս եք, անտարբեր եք և այլն։

Գուցե միամիտ բան եմ ասում, բայց ամեն ինչ սկսվում է երկխոսությունից, ամեն ինչ սկսվում է նրանից, երբ դու սկսում ես լսել։ Աստված մեզ տվել է երկու աչք, որ ամեն ինչ տեսնենք, տվել է երկու ականջ, որ ամեն ինչ լսենք, տվել է մի հատ մեծ գանգ, որտեղ կարծես թե պետք է ուղեղ լիներ տեղադրված, որպեսզի այդ ստացած ինֆորմացիան մարսենք, ու տվել է ընդամենը մեկ բերան: Եթե ցանկություն լիներ, որ մենք ափեղցփեղ խոսեինք, կտար երկու բերան, տվել է մեկը, որպեսզի այդ ամենը, ինչ տեսել ու լսել ենք, ուղեղում մարսենք, հետո շատ փոքր քանակ՝ արդեն մտածված խոսք, բերանից դուրս գա։

– Այսինքն՝ առաջին քայլը պետք է լինի երկխոսե՞լը, միմյանց հասկանա՞լը։

– Մի հատ փորձենք իրար չմեղադրել, դա ամենահեշտն է, որովհետև, երբ ասում ես՝ սա է մեղավորը, սրան հանենք, թվում է, թե բոլոր խնդիրները կլուծվեն: Չէ՛, չի՛ լուծվում, փորձը ցույց է տալիս, որ չի լուծվում, որ մենք կարիք ունենք շատ ավելի լուրջ թեմաների մասին խոսելու։ Առաջին հերթին, կարծում եմ՝ պետք է խոսել Հայաստանի քաղաքակրթական ընտրության մասին, որը դեռ շատ մշուշոտ է բոլորի մոտ, հանրության հետ այս մասին է պետք խոսել։

Եվ ամենակարևորը՝ փորձել հասկանալ, որ մեր հարցերն ինքներս պետք է լուծենք, որ մեր հարևանների հետ մենք պետք է խոսենք, այդ լիազորությունը մենք իրավունք չունենք հանձնելու ոչ մեկի, իրավունք չունենք հույս դնելու ոչ մեկի վրա: Սա չի նշանակում, թե մենք չպետք է դաշնակիցներ ունենանք, բայց մեր պարտականություններն ուրիշի ուսերին դնելու իրավունք չունենք. սրա մասին էլ է պետք խոսել։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am