«Ադրբեջանը  լկտիաբար պահանջ է ներկայացնում Հայաստանի տարածքի մոտ 70 %-ի նկատմամբ». Քարտեզագիր Շահեն Շահինյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քարտեզագիր Շահեն Շահինյանը

Պարո՛ն Շահինյան, ՀՀ արտգործնախարարը հունվարի 23-ի ասուլիսի ժամանակ ասաց, որ ադրբեջանական կողմն առաջարկել է օգտագործել 1974-1990 թվականների քարտեզները՝ սահմանազատման ու սահմանագծման համար, հայկական կողմը դեմ չի եղել, բայց Ալիևի վերջին ասուլիսից Միրզոյանը այդ «բուն առաջարկից հետընթաց է նկատել»։ Եթե այս թվականի քարտեզներով իրականացվեն սահմանազատումն ու սահմանագծումը, ի՞նչ պատկեր ենք ունենալու։ 

– Նախ պետք է ընդգծել, որ սահմանազատում կատարելու համար միայն քարտեզների առկայությունը բավարար չէ, այդ քարտեզները պետք է անպայման ունենան իրավական ուժ, այսինքն՝ եթե անգամ Խորհրդային Միության տարիներին՝ 1974 թվականից կամ 70-ականներից հետո, մշակվել են քարտեզներ, թարմացվել են քարտեզներ, բայց չեն հաստատվել լիազոր մարմինների կողմից, այն է՝ Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության, Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության իշխանությունների ու կենտրոնական իշխանությունների կողմից Մոսկվայում, ապա դրանք իրավական ուժ չունեն։ 

Եթե անգամ մեր ղեկավարությունը որոշում ընդունի, որ համաձայն է մշակված քարտեզները հիմք հանդիսանան սահմանազատման աշխատանքներում, ապա պետք է կատարի գնահատում՝ արդյոք այդ քարտեզները կիրառելիս մենք ի՞նչ ձեռքբերումներ ու կորուստներ կարող ենք ունենալ։ 

Իմ ունեցած տեղեկություններով՝ 70-ականներից հետո նոր քարտեզների մշակում չի եղել, դրանք եղել են ընդհանուր կիրառման լոկալ քարտեզների թարմացումներ, որոնք պաշտոնական հաստատում չեն ստացել։ Շատ կարևոր է հասկանալ, մեր օրերի օրինակ բերեմ, որ երբ Հայաստանի կենտրոնական իշխանությունները, լիազոր մարմինները կատարում են Հայաստանի ներսում քարտեզների թարմացումներ, անգամ այդ դեպքում, երբ փոփոխվում է երկու համայնքի սահման մարզի, բնակավայրի միջև, տվյալ քարտեզները ներկայացվում են տեղական ինքնակառավարման մարմինների համաձայնությանը, այսինքն՝ անգամ Հայաստանի կառավարությունը չի կարողանում միանձնյա փոփոխել համայնքի սահմանը՝ առանց ՏԻՄ իշխանության համաձայնության։ 

Նույնը Խորհրդային Միության ժամանակ էր, ուղղակի այն ժամանակ տարածքային միավորների դասակարգումն այլ է եղել, այսինքն՝ եղել է կենտրոնական Խորհրդային Միություն, դրանից հետո եղել են 15 հանրապետություններ, որոնց ներսում եղել են բաժանումներ։ 

Ամբողջ ասածիս իմաստն այն է, որ եթե տվյալ քարտեզները պաշտոնապես ու լիազոր մարմնի կողմից ճանաչված չեն, ապա դրանք չեն կարող սահմանազատման աշխատանքների հիմք հանդիսանալ։ 

Ըստ էության, երբ մենք խոսում ենք 1974-90 ականների մասին, փաստացի խոսում ենք 1970-ականների քարտեզների մասին, ավելացրած այն իրողությունները, որոնք տեղի են ունեցել մինչև 90-ական թվականները, սակայն ուզում եմ հավելել, որ Ալիևն արդեն նոր ուղենիշ է սահմանել, որի մասին խոսեց իր վերջին հարցազրույցի ընթացքում: 

Նա ուղղակիորեն պահանջներ ու սպառնալիք է ներկայացնում Հայաստանի տարածքային ամբողջականությանը, հաշվի առնելով, որ մենք արդեն քանի տարի է՝ հարցականի տակ ենք դրել մեր տարածքային ամբողջականությունը ու սպասում ենք, որ այդ ամբողջականությունը պետք է հաստատի Ադրբեջանը, իսկ վերջինս լկտիաբար պահանջ է ներկայացնում Հայաստանի տարածքի մոտ 70 %-ի նկատմամբ։ Իրենց հայտարարության մեջ նշված տարածքը ենթադրում է Հայաստանի ներկայիս տարածքի մեծ մասը, որն ուղղակիորեն բոլոր միջազգային կանոնների խախտում է ու բացեիբաց սպառնալիք Հայաստանի տարածքային ամբողջականությանը։

Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ որպես այդպիսին, այլ երկրները, միջազգային կառույցները ի՞նչ քարտեզներով են ճանաչում։

– Թյուրըմբռնում է, որ ինչ-որ միջազգային կառույց կամ պետություն մեր տարածքը ճանաչում է ինչ-որ քարտեզով, ընդհանուր որևէ միջպետական համաձայնագրում, եթե հատուկ կետ նախատեսված չէ, պետությունները չեն նշում փոխադարձ ճանաչվող մակերեսներ։ 

Իրականում ՄԱԿ-ի պրակտիկայում գոյություն ունեն պետությունների դասակարգումներ․ ամբողջովին ճանաչված պետություններ, որոնք ճանաչված են աշխարհի բոլոր պետությունների կամ գոնե մեծամասնության կողմից, մասնակի ճանաչված պետություններ, որոնք ճանաչված են ՄԱԿ-ի անդամ պետությունների 50%-ի կամ ավելի պակասի կողմից, և չճանաչված պետություններ, այնպիսին, ինչպիսին Արցախի Հանրապետությունն էր, Հյուսիսային Կիպրոսն է, Հարավային Օսեթիան և այլն։ Եթե դասակարգումը տանենք այնպես, որ եթե պետությունը ճանաչված է, ապա նրա սահմանները պետք է ճանաչեն բոլորը, ապա այս դեպքում շատ խոշոր պետություններ, օրինակ՝ Չինաստանը, չի կարող ճանաչված տարածքով պետություն համարվել, որովհետև նրա տարածքային ամբողջականությունը շատ պետություններ չեն ճանաչում։ 

Պետք է գիտակցենք այն փաստը, որ այլ պետությունները մեր տարածքներն ինչ-որ մի քարտեզով կամ սահմանով չեն ճանաչում, միջազգային պրակտիկայում գոյություն ունի սահմանազատման գործընթաց, որն ավարտվում է սահմանազատման ու սահմանների փոխադարձ ճանաչման պայմանագրով, որը կնքում են հարևան պետությունները կա՛մ միջնորդով, կա՛մ՝ առանց։ 

Մեր օրինակով կարող ենք հասկանալ Հայաստանի ու Թուրքիայի սահմանը․ Խորհրդային Միությունն իր գոյության տարիներին Թուրքիայի հետ իրականացրել էր սահմանազատման մանրակրկիտ աշխատանք, առկա են սահմանի կատալոգներ, սահմանի չափումների տվյալներ և սահմանի վերջնական փաստաթուղթ, որը ստորագրվել է Խորհրդային Միության ու Թուրքիայի միջև: 

Հայաստանը, անկախանալով Խորհրդային Միությունից, ճանաչել է այդ սահմանը, և փաստացի այդ պայմանագիրը ժառանգաբար փոխանցվել է Հայաստանին, ի դեպ՝ նույն իրավիճակն է Հայաստանի ու Իրանի պարագայում, իսկ Վրաստանի ու Ադրբեջանի հետ մենք պետք է իրականացնենք սահմանազատման աշխատանք, ելնելով այն հանգամանքից, որ Խորհրդային Միության գոյության տարիներին հանրապետությունների միջև սահմանները կրել են վարչատարածքային սահմանների կարգավիճակ։ 

– Պարո՛ն Շահինյան, հիմա Ադրբեջանի ախորժակն ինչպե՞ս, ի՞նչ քարտեզներով պետք է կարողանանք զսպել։

– Ադրբեջանը հասկանում է միայն ուժի լեզու, Ադրբեջանը վերջին երեք տարվա ընթացքում փաստաթղթերի այնքան կեղծում է իրականացրել, որ ես հնարավոր չեմ համարում նրա հետ խոսել որևէ կառուցողական դաշտում, բացի այդ՝ Ադրբեջանը Հայաստանի ցանկացած փաստարկի հակադրում է ուժի սպառնալիք, որ եթե իր ուզածը չլինի, ինքը հարձակվելու է։ 

Ցավոք սրտի, դա արդեն իսկ մեր ներպետական խոսույթում է տեղ գտել, տարբեր պաշտոնյաներ ասում են՝ եթե մենք չհամաձայնենք Ադրբեջանի պահանջներին, ապա Ադրբեջանը պատերազմ կսկսի։ Բայց մենք պետք է գիտակցենք, որ պատերազմն ունի շատ մեծ հավանականություն, որոշ գնահատականներով՝ անխուսափելի է, պետք է դրան պատրաստվենք։ Միայն քարտեզագրական նյութերով, քարտեզներով Ադրբեջանի հետ բանակցել ու պայմանավորվել ես հնարավոր չեմ համարում։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am