«Գյումրիի քաղաքապետին մեղադրում են. նա չի ցանկանում պատասխանել»

«Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակցին Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մամուլի քարտուղար Լիլիթ Աղեկյանը փոխանցել է, որ Գյումրիի քաղաքապետն առհասարակ ցանկություն չունի այլևս պատասխանելու իր հասցեին հնչող մեղադրանքներին:

«ՀԺ»-ն հիշեցնում է, որ Շիրակի մարզում ընդգրկված 4 ընտրատարածքներից 3-ում հաղթել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուն, և միայն թիվ 33 ընտրատարածքում, որտեղ ԲՀԿ-ական առաջադրված չի եղել, հաղթել է ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանը: Վերջինս պնդել էր, թե Գյումրիում ՀՀԿ-ի պարտության հիմնական մեղավորը Վարդան Ղուկասյաննն է:

Ի պատասխան Աշոտ Աղաբաբյանի խոսքերի` Լիլիթ Աղեկյանն ասել է. «Գյումրիի քաղաքապետը ցանկություն չունի ոչ մի հարցազրույց տալու, բայց ես կասեմ հետևյալը. լավ կլիներ, որ բոլոր արտահայտություններում և հարաբերություններում պահպանվեր կոռեկտությունը: Հայտարարում եմ, որ Գյումրիի քաղաքապետը` Վարդան Ղուկասյանը, ով բնիկ գյումրեցի է և խոր արմատներ ունի գցած այս հողում, իր աշխատանքով բազմիցս ապացուցել է իր նվիրումը ՀՀԿ-ին և Գյումրիին: Դա գիտեն բոլոր նրանք, ովքեր, լինելով Վարդան Ղուկասյանի հետ նույն կուսակցությունում, ցավոք, խիստ իրավիճակային դիրքորոշում են ցուցաբերում, մեկ գովաբանելով-փառաբանելով նրան` հայցում են քաղաքապետի ընկերությունը և մեկ էլ զարմանալիորեն բոլորովին այլ դիրքորոշում և կեցվածք են դրսևորում»:

© Medialab.am