Արդյունքները սպասելի չէին, բայց ունենք էն, ինչ ունենք. Մեղրիի քաղաքապետը՝ Սյունիքում «Հայաստանի» պարտության մասին

Լուսանկարը՝ Panorama.am
Լուսանկարը՝ Panorama.am

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացրած նախնական տվյալների համաձայն՝ հունիսի 20-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում խորհրդարան անցնելու շեմը հաղթահարել է քաղաքական երեք ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ընտրողների 53.92 տոկոս ձայները, «Հայաստան» դաշինքը՝ 21.04 տոկոսը, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23 տոկոսը:

Ուշագրավ է այն փաստը, որ Սյունիքի մարզում ևս Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժը ստացել է ամենաշատ քվեները:

Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը Սյունիքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրանցած արդյունքներն անսպասելի է համարում: Նրա համար դեռ անպատասխան էմնացել հարցը՝ ինչո՞ւ նման պատկեր ստացվեց:

«Իհարկե սպասելի չէր, բայց ունենք էն, ինչ ունենք ու արդեն կարևոր չէ, թե ինչպես էդպես եղավ», – «Մեդիալաբին» ասաց Մխիթար Զաքարյանը:

Նա հրաժարվեց պատասխանել հարցին, թե կոնկրետ Մեղրիում ինչպե՞ս է ընթացել քվեարկության գործընթացը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջատար դեմքերից Արսեն Թուրոսյանը ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո իր ֆեյսբուքյան էջում զգուշացրել էր այսպես կոչված անհնազանդ համայնքապետերին և գրել.

«ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները որոշ համայնքապետերի համար, որոնք հատկապես ընդգրկված են եղել տարբեր քաղաքական ուժերի համամասնական ցուցակներում, պետք է ազդանշան լինեն իրենց հետագա պաշտոնավարումը շարունակելու կամ դադարեցնելու վերաբերյալ»:

Արձագանքելով այս հայտարարությանը Զաքարյանն ասում է. «Գիտեք, Արսեն Թորոսյանը չէ, որ պետք է ինձ ինչ-որ բան ասի, ամենաքիչը իր խորհրդին եմ սպասում»:

«Մեդիալաբի» հարցերին հրաժարվեց պատասխանել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը՝ պատճառաբանելով, թե հարմար պահ չէ:

Սյունիքի մարզի այս երկու խոշորացված համայնքների ղեկավարները նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքի կազմում պատգամավորական թեկնածուներ էին և վստահ էին Սյունիքում իրենց հաջողության հարցում: Սակայն արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներով, կառավարող նույն մարզում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 53.66 տոկոս, իսկ «Հայաստանը»՝ 27.70 տոկոս:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am