Քրեական գործ. ՀԱԿ-ը դատապարտում եւ պահանջում է անմիջապես ազատ արձակել Սամսոն Խաչատրյանին

Քրեական գործ. ՀԱԿ-ը դատապարտում  եւ պահանջում է անմիջապես ազատ արձակել Սամսոն Խաչատրյանին
Քրեական գործ. ՀԱԿ-ը դատապարտում եւ պահանջում է անմիջապես ազատ արձակել Սամսոն Խաչատրյանին

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել երեկ` ՀԱԿ համակիր Սամսոն Խաչատրյանին ձերբակալելու վերաբերյալ հայտարարությամբ, ուր դատապարտել է «վարչախմբի հերթական ապօրինությունը»:

«Մարտի 13-ին, ժամը 17-ի սահմաններում «Դինամո» մարզադահլիճի հարակից տարածքից առեւանգել են աշխարհահռչակ բռնցքամարտիկ, բռնցքամարտի ԽՍՀՄ բազմակի, Եւրոպայի կրկնակի չեմպիոն եւ աշխարհի գավաթակիր Սամսոն Խաչատրյանին։ Նա այստեղ էր եկել Հայաստանի բռնցքամարտի առաջնությունը դիտելու, երբ մեքենայից իջնելուն պես, առանց որեւէ նախազգուշացման, նրա վրա են հարձակվել դիմակավորված հատուկ ջոկատայինները։ Գործողությանը ներկա է եղել Երեւանի Կենտրոնի ոստիկանության բաժնի պետ Աշոտ Կարապետյանը»,- ասված է Կոնգրեսի հայտարարության մեջ։

 

Հայտնի բռնցքամարտիկի նկատմամբ, ըստ ՀՀ ոստիկանության հաղորդագրության, ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով քրեական գործ է հարուցվել:

«Սամսոն Խաչատրյանը Երևանի Մաշտոց-Կորյուն փողոցների խաչմերուկում չի ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, դիմադրություն է ցույց տվել և հարվածել` մարմնական վնասվածք պատճառելով ոստիկաններից մեկին»,-նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Դեպքը տեղի է ունեցել այս տարվա մարտիմեկյան հանրահավաքի ժամանակ:

«Հանրահավաքից առաջ ոստիկանության հետ միասին քաղաքացական հագուստով մի խումբ սադրիչներ փորձել են հրմշտուկ ստեղծել ցուցարարների խիտ շարքերում՝ հարձակվելով մարդկանց վրա։ Ուրիշների թվում նաեւ Սամսոն Խաչատրյանը աշխատել է թույլ չտալ, որ հրմշտուկը մեծանա եւ մարդիկ ոտնակոխ լինեն։ Սադրիչները չեզոքացվել են։ Նույն օրը ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն, հանրահավաքն անցել է առանց միջադեպերի։ Ելնելով այս ամենից՝ Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է, որ Սամսոն Խաչատրյանի ձերբակությունը ակնհայտորեն քաղաքական դրդապատճառներ ունի»,- գրված է Կոնգրեսի հայտարարության մեջ։

 

Ըստ Կոնգրեսի հայտարարության, ամբողջ 13 օր որեւէ կերպ պաշտոնապես չանդրադառնալով մարտի 1-ին հանրահավաքի հետ կապված հիշյալ միջադեպին, «Սամսոն Խաչատրյանի ձերբակալելու որոշումը կայացվել է նախօրեին նրա հրապարակած հարցազրույցից («Չորրորդ Ինքնիշխանություն», 12.03.2011) անմիջապես հետո, որտեղ նա կոշտ գնահատականներ է տվել իշխանություններին, պահանջել նրանց հրաժարականը եւ հանրությանը կոչ արել ակտիվորեն մասնակցել մարտի 17-ի հանրահավաքին»։

 

«Վարչախմբին անհանգստացրել է աշխարհահռչակ մարզիկի խոսքի ազդեցությունը, եւ նրանք որոշել են այս կերպ չեզոքացնել այն։ Կատարվածն այլ բան չէ, քան Հայ Ազգային Կոնգրեսի մարտի 17-ի հանրահավաքին ընդառաջ ոստիկանական գործողություն, որը նպատակ ունի նվազեցնել հանրահավաքի մասնակիցների սպասվող մեծ թիվը, ինչի մասին շատ լավ տեղյակ է եւ ինչից խուճապի ու մղձավանջի է մատնված վարչախումբը։ Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտում է վարչախմբի ոստիկանական հերթական այս ապօրինությունը եւ պահանջում անմիջապես ազատ արձակել Սամսոն Խաչատրյանին»,- գրված է Կոնգրեսի հայտարարության մեջ։

 

© Medialab.am