Փաշինյանը Հայաստանի վիճակը բացատրում է ապաքաղաքական կատեգորիաներով․ Սարգսյանը՝ «պատմական արդարության» և «Իրական Հայաստանի» մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Մանվել Սարգսյանը 

– Նիկոլ Փաշինյանն ասում է, որ 2021-ին հանրությունը իրեն պարտադրել է վերանայել Երրորդ Հանրապետության գաղափարաբանությունը, իսկ այսօր Կառավարության ծրագիրը հիմնված է «Իրական Հայաստանի» և Չորրորդ Հանրապետության տեսլականի վրա։ Նա նաև Երրորդ Հանրապետության նպատակը կապում է «պատմական արդարության վերականգնման» հետ։ Ինչպե՞ս եք գնահատում այս մոտեցումը։

– Ընդհանրապես, ես չգիտեմ, թե Հայաստանում ինչ են հասկանում «պատմական արդարություն» ասելով: Միջազգային հարաբերություններում, որքան ես եմ ուսումնասիրել, «պատմական արդարություն» ասելով հասկանում էին այնպիսի մի բան, որ եթե նախկինում որևէ բան, որևէ սուբյեկտ ունեցել է, այսինքն՝ դրա տերն է եղել, ապա դա չի նշանակում, որ այդ սուբյեկտը կարող է պահանջել դրա վերականգնումը, սա 17-րդ դարում ընդունվել է մարդության կողմից: Հիմա ինչ են հասկանում Հայաստանում դա ասելով, ես բացարձակ չեմ հասկանում թե՛ վարչապետին, թե՛ ընդդիմադիրներին, թե՛ նրանց ընդդիմախոսներին: Անհասկանալի մի բան է, երբ ասվում է, որ Հայաստանի նորագույն պատմությունը սկսվել է պատմական արդարությունը վերականգնելուց, բայց հիմա դրա փոխարեն եկել է «Իրական Հայաստան» ինչ-որ գաղափար, ինչն ինձ համար բացարձակ հասկանալի չէ: 

Բացատրելու համար այս ամենը ձեզ մի երկու թեզ տամ: Ընդհանրապես քաղաքականության մեջ գոյություն ունեն իրավունք, ուժ և պայմանագիր կատեգորիաներ, ուրիշ ոչ մի բան չկա, եթե որևէ մարդ այդ կատեգորիաներով չի խոսում, ապա դա ապաքաղաքական զրույց է: Այսօր Հայաստանում թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը այս կատեգորիաներով չեն խոսում, փոխարենը խոսում են «պատմական արդարության» մասին, որի վերաբերյալ պատկերացում չունեն: 

Խորհրդային Միությունն ուներ իր կանոնները, որոնք վերաբերում էին այդ թվում մեզ ու ամրագրված էին իր սահմանադրության մեջ, հստակ բաժանված էին իրավունքները և պարտավորությունները: Մենք պետք է հասկանանք, թե ի՛նչ է տեղի ունեցել, երբ Խորհրդային Միությունը քայքայվում էր, ոչ թե այն օրը, երբ քայքայվեց, այլ՝ երբ քայքայվում էր: Այսինքն՝ խորհրդային օրենքի հիման վրա ստեղծված հայկական միավորներ որոշել են ստեղծել մի պետություն ու հետագայում ունենալ անկախություն: Այսինքն՝ իրենց իրավունքը ձևակերպել են այդպես, և երբ 1991 թվականին վերացել է խորհրդային սահմանադրությունը, այդ ձևակերպված հայկական իրավունքը դարձել է քաղաքական իրականություն, ու երբ միջազգայնացում եղավ, ամենահզոր կառույցներից մեկը՝ ԵԱՀԿ-ն ճանաչեց այդ իրավունքն ու իրողությունը: Հայաստանի Հանրապետությունը ճանաչվել է Անկախության հռչակագրի հիման վրա, ճանաչվել է նաև գոյություն ունեցող վեճ Արցախի հարցով: Միջազգային հանրությունը ճանաչել է այդ վիճակը: 

Իսկ երբ խոսում են կոնֆլիկտների մասին, ապա պետք է նկատի ունենալ, որ ցանկացած պետության ստեղծում արդեն իսկ միջազգային կոնֆլիկտ է ստեղծում, չկա նման բան, որ որևէ մեկը պետություն ստեղծի ու կոնֆլիկտ չառաջացնի: Ենթադրենք՝ այն ժամանակ Փաշինյանի պես մտածող մարդիկ Խորհրդային Հայաստանի սահմաններով պետություն հայտարարեին, որտեղ 160 հազար ադրբեջանցի էր ապրում, այդ պետությունը կոնֆլիկտային չէ՞ր լինելու: Ցանկացած նոր սուբյեկտի ստեղծում կոնֆլիկտային է: 

Պետություն ստեղծելն ինքնին պատմական արդարությո՞ւն է, թե՞ չէ, նույնը վերաբերում է այդ «Իրական Հայաստանին», հիմա դա պատմական արդարությո՞ւն է, թե՞ չէ, շտապեմ հանգստացնել, որ ըստ Փաշինյանի դա պատմական արդարության վերականգնում է: Ասածս այն է, որ եթե մենք խոսում ենք քաղաքական կատեգորիաներով, ապա լրիվ այլ ձևով ենք տեսնում այն իրականությունը, որը եղել է և կա, այլ ոչ թե այնպես՝ ինչպես ներկայացնում են թե՛ Հայաստանի գործող իշխանությունը, թե՛ ընդդիմությունը: Երկուսն էլ չգիտեմ թե ի՛նչ կատեգորիաներով են ներկայացնում իրականությունը, անհնար է հասկանալ, դրա համար էլ գործող իշխանությունն իրեն հաղթողի տեղ է դնում: 

Հետո, ի՞նչ է նշանակում՝ ժողովուրդն է «պարտադրել», ի՞նչ է պարտադրել ժողովուրդը, շատ կարևոր է ասել դա, ժողովուրդն ասել է՝ մենք չենք ուզում կոնֆլիկտի մեջ ապրե՞լ, եթե այդպես է, ապա դա ո՞վ է ժողովրդին սովորեցրել: Իսկ ո՞վ է ասել, որ այն Խորհրդային Հայաստանը, որ ինքն իրեն պետություն հայտարարեր, կոնֆլիկտային չէր լինելու, գուցե շատ ավելի դաժան լիներ: Այսինքն՝ ժողովուրդը պետք է հրաժարվե՞ր այդ պետությունից։ 

Այս հարցերին պետք է նայել այն կատեգորիաներով, որոնք ես նշեցի՝ ուժ, իրավունք, պայմանագիր, այս ամենի համատեքստում կատարվել է այն, որ ինչ-որ պահից հետո Հայաստանը հրաժարվել է այն միջազգային կոնֆիգուրացիայից, որը ստեղծվել է 1992 թվականին՝ Խորհրդային Միության քանդվելուց հետո, որը ես վերևում նկարագրեցի: Հրաժարվել են այդ ամենից ու, իրենց պնդմամբ, եկել են խաղաղության, իսկ իրականությունը ո՞րն է, արդեն կյանքը ցույց կտա: Չի կարելի ապաքաղաքական կատեգորիաներով փորձել բացատրել այսօրվա Հայաստանի վիճակն ու ընդհանրապես նորագույն պատմությունը, ինչն անում է Նիկոլ Փաշինյանը:

– Ձեր կարծիքով՝ այս ձևակերպումներով Նիկոլ Փաշինյանը պարզապես փորձո՞ւմ է արդարացնել իր պաշտոնավարման ընթացքում տեղի ունեցածը, թե՞ այստեղ ավելի խորքային խնդիր եք տեսնում։

– Բնական է, որ փորձում է արդարացնել, բայց ես գտնում եմ, որ նա հենց այդպես է մտածում, իսկ սա շատ ավելի վտանգավոր է: Ցանկացած իշխանություն, այն էլ այս վիճակում գտնվող իշխանությունը, այսպիսի կորուստներով փորձում է ինքն իրեն արդարացնել՝ մեղադրելով մյուսներին: Բայց խնդիրը սա չէ, խնդիրն այն է, որ ապաքաղաքական, կենցաղային պատկերացումներով փորձ է արվում ներկայացնել Հայաստանի վիճակը, ինչն ավելի խորքային խնդիր է մեզ համար, օրինակ՝ պարզվեց, որ ժողովուրդը կենցաղային կատեգորիաներով իրեն սովորեցրել է, թե ինչ ծրագիր է պետք գրել:

– Պարո՛ն Սարգսյան, ստացվում է, որ Հայաստանում հիմա իշխանությունն ու ընդդիմությունը գործում են ձեր ասած ապաքաղաքական կատեգորիաներո՞վ:

– Այո՛, նույնն էլ այդ իրենց հորինած  «պատմական արդարության» շուրջ վեճն է, ընդհանրապես չեն էլ հասկանում, թե դա ի՛նչ է որպես քաղաքական կատեգորիա: Վեստֆալյան հաշտության այդ պայմանագրերում, 17-րդ դար, են հստակեցրել, որ չկա նման բան՝ «պատմական արդարություն»: 

– Քաղաքական կատեգորիաներից, պայմանագրերից ու իրավունքներից հրաժարվելով՝ չորրորդ Հանրապետություն կոչվածն ի՞նչ տեսք է ունենալու:

– Չգիտեմ, որովհետև ես ի վիճակի չեմ իրենց կատեգորիաները հասկանալ, որովհետև ես մտածել ու մտածում եմ միայն քաղաքական կատեգորիաներով և գտնում եմ, որ եթե մարդիկ չեն մտածում այդ կատեգորիաներով, ապա չգիտեմ, թե իրենք որտե՛ղ են գտնվում ու ընդհանրապես իրենք ո՛նց են որոշումներ ընդունում, իրենց ո՛վ և ո՛ւր է քշում, ես չգիտեմ: 

Արդյոք խաղաղության ցանկությունը բավարա՞ր է պետության անվտանգ գոյության համար: Ակնհայտ է, որ ցանկացած երկրի քաղաքացի ցանկանում է ապրել խաղաղության մեջ: Սա ներառում է ուկրաինացիներին,  իրանցիներին, իսրայելցիներին և ուրիշներին: Սակայն կյանքն իր պահանջներն է թելադրում, և միշտ չէ, որ միայն ընտրողներն են որոշում, թե ինչ պետք է անեն իշխանությունները: Խոսքեր են, որոնք ուղղակի հայտարարում են, ու հենց մեխն էլ այն է, որ «ժողովուրդն է պարտադրել», պարզվում է՝ կենցաղային կատեգորիաներով դատող մարդիկ իրեն հասկացրել են, որ այդպես չէ, պետք է այսպես անել, ինքն էլ անում է: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am