«Ադրբեջանը հասկանում է, որ ռուսական միջնորդությունը չի աշխատում, ռուսները ձեռքները լվացել են». Ստյոպա Սաֆարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը

– Պարո՛ն Սաֆարյան, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու ՌԴ նախագահները համատեղ հայտարարություն արեցին Արցախի հարցով՝ կողմերին կոչ անելով անհապաղ դադարեցնել կրակն ու վերադառնալ բանակցային սեղանի շուրջ։ Սա ի՞նչ է նշանակել, ի՞նչ փոփոխություններ կարող են լինել։

– Սա նշանակում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ ի դեմս երեք առանցքային երկրների, ուղղակի արգելում է Ադրբեջանին խնդիրը ռազմական եղանակով լուծել։ Եվ սա նշանակում է, որ Ալիևը գիտի, որ ինքը պատերազմի կամ, ինչպես ինքն է ասում՝ «պատմական հողերի ազատագրման» համար միջազգային լեգիտիմություն չունի և չի կարող ունենալ։

Ավելին, նկատելի է, որ աշխարհն ուղղակի շրջվել է ընդդեմ Ադրբեջանի, որովհետև և՛ Ռուսաստանը, և՛ Ֆրանսիան, և՛ ԱՄՆ-ն, երեքն էլ պաշտոնական խողովակներով ըստ էության հաստատել են, որ Ադրբեջանն այդ պատերազմում օգտագործում է գրոհայինների։

Ե՛վ Ֆրանսիայի նախագահն է հայտարարել, որ անհերքելի փաստեր կան, և՛ Պենտագոնը, և՛ Ռուսաստանի ԱԳՆ-ն։

Այս պահից նկատելի է, որ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը գտնվում է ուղղակի պահպանողական իրավիճակում և արդեն սկսել է մեղադրել բոլորին՝ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովային և մյուսներին։

Նաև ակնհայտ է, որ Թուրքիայի նկատմամբ ճնշումներն են ուժեղացել։ Եվ Թուրքիան նույնպես մեր իմացած մի քանի օրվա առաջվա Թուրքիան չէ։

Տեղեկություն կա, որ ՌԴ և Թուրքիայի արտգործնախարարները կողմ են արտահայտվել ռազմական գործողությունների անհապաղ դադարեցմանը։

– Այո՛, և դա հաջորդեց Էրդողանի այն հայտարարությանը, որ չի կարելի դադարեցնել պատերազմը, քանի դեռ հայկական զինված ուժերը դուրս չեն բերված Արցախից։

Այսինքն՝ սա նշանակում է, որ միջազգային ճնշումները և՛ Թուրքիայի, և՛ Ադրբեջանի նկատմամբ ուժգնանում են։ Գումարած դրան, արդեն այսօրվա դրությամբ ակնհայտ է, որ ճակատում ադրբեջանական գրոհի իներցիան ջախջախված է։

Եվ նույնիսկ հայկական հակահարձակման լուրջ հնարավորություններ են առկա։ Կարծում եմ՝ շատ խոսուն է իրավիճակն այն առումով, որ Բելառուսի նախագահը սեփական նախաձեռնությամբ խոսել է Ադրբեջանի նախագահի, ապա նաև Հայաստանի վարչապետի հետ։

Ադրբեջանը հասկանում է, որ ռուսական միջնորդությունը չի աշխատում, ռուսները ձեռքները լվացել են, և Իլհամ Ալիևը մնացել է Բելառուսի նախագահի հույսին։

– Հրադադարի հաստատման հնարավորություն կա՞ առաջիկայում։

– Այդ հրադադարը պետք է հաստատվի, ուղղակի դա պետք է տարվի նրան, որ այդ հրադադարը Իլհամ Ալիևը կնքի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ու նրա ղեկավարության հետ։

Ըստ էության, հայկական դիվանագիտության մեջ այդ ամենը պետք է արդեն տեսանելի դառնա, որ Թուրքիան պետք է դուրս հանվի Մինսկի խմբից իր պահվածքի և իր գործողությունների համար։

Էլ չեմ խոսում այն մասին, որ Թուրքիան պետք է ընդհանրապես դուրս մղվի Հարավային Կովկասից։ Երկրորդ՝ եթե Իլհամ Ալիևը գտնում է, որ ինքը Հայաստանի դեմ պատերազմ չի սանձազերծում, թեպետ նա հրետակոծել է նաև Հայաստանի տարածքը, ակնհայտորեն եթե ոչ կապիտուլյացիայի, ապա հրադադարի պայմանագիրը պետք է քննարկի Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ՝ ճանաչելով նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։

Ստեղծված իրավիճակում հայկական կողմը կարո՞ղ է պայմաններ դնել։

– Ես կարծում եմ՝ հայկական կողմը կարող է Իլհամ Ալիևին առաջարկել այդ ելքը։

– Իսկ ընդհանրապես, համանախագահող երկրների մոտ պայմաններ կարո՞ղ են դրվել, օրինակ՝ նույն հետաքննության մեխանիզմները գործի դնելու վերաբերյալ կամ անվտանգության երաշխիքներին վերաբերող այլ պայմաններ։

– Հայկական կողմը, անշուշտ, պետք է դնի էսկալյացիաների բացառման ինստիտուցիոնալ մեխանիզմների ներդրման հարցը, այն, ինչին դեմ արտահայտվեց Ադրբեջանը 2016 թվականից հետո։

Հայաստանը դա պետք է դնի օրակարգում, և օրակարգում չեն կարող լինել, այսպես կոչված, սուբստանտիվ, առարկայական բանակցությունները։ Օրակարգում, այո՛, պետք է լինեն նման հարցեր։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am