«Պետք է ուսադիրներ պոկվեն, այդ թվում՝ գեներալական, որ ոմանք խելքի գան». Նորայր Նորիկյանը՝ զորամասում աղմկահարույց սպանության մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է փաստաբան Նորայր Նորիկյանը

Պարո՛ն Նորիկյան, այսօր տարածվեց հաղորդագրություն, որում մանրամասն ներկայացվել էր զորամասերից մեկում երեք զինծառայողների սպանության դեպքը: Ըստ նույն աղբյուրի՝ ծառայակցի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով զինծառայող է ձերբակալվել: Դուք զինվորական գործերով փաստաբան եք եղել, խնդրում եմ մեկնաբանեք կատարվածը:

– Մեծ ցավ եմ ապրում կատարվածի համար: Այն, ինչի մասին տարիներ շարունակ ահազանգել եմ, դրանք եղել են նաև իմ մասնագիտական գործունեության ընթացքում ձեռք բերված ուսումնասիրությունների, հետազոտությունների, փաստական հանգամանքների արդյունքում ահազանգեր, ցավոք սրտի, կրկնվում են:

Քանի դեռ մենք զինված ուժերից արմատախիլ չենք արել հանցավոր բարքերը, քանի դեռ կանոնադրական հարաբերությունները չեն դրված իսկապես նորմալ հիմքերի վրա, քանի դեռ վերադաս-ստորադաս հարաբերությունները չեն կարգավորվում իրավական նորմերով, քանի դեռ բանակում ոչ ֆորմալ ինստիտուտները գերակա են, քանի դեռ սոցիալական արդարության ինստիտուտը արմատավորված չէ, մենք, դժբախտաբար, այսպիսի դեպքեր ունենալու ենք:

Սա ահազանգ է, սա տագնապ է, առավել ևս՝ նման մեղադրանք է առաջադրվում: Իհարկե, հարգելով բոլորի անմեղության կանխավարկածը՝ ես գտնում եմ, որ մենք չափից դուրս զգույշ պետք է լինենք մեր գնահատականներում՝ գտնելով, որ պետք է օբյեկտիվ քննություն իրականացվի, և ճշմարտությունը բացահայտվի:

Միաժամանակ, մենք շատ պահանջկոտ պետք է լինենք իրավապահ համակարգի նկատմամբ, զինված ուժերի վերադաս հրամանատարության նկատմամբ՝ ի վերջո, սթափվեք և աշխատեք: Զինված ուժերում պետք է որևէ էական բան փոխել և, ընդ որում՝ շատ տեսանելի ժամկետում շատ շոշափելի փոփոխություններ պետք է լինեն, որպեսզի բացառենք նման ողբերգական դեպքերը: Ակնհայտ է մի բան՝ այն հարաբերությունները, որոնք առկա են, ուղղակի խաթարում են բանակի բարոյահոգեբանական մթնոլորտը, ազդում են զինծառայողների մարտունակության վրա:

Օրինակ՝ ի՞նչ փոփոխություններ, պարո՛ն Նորիկյան:

– Ես պնդում եմ, որ պատասխանատվության ինստիտուտը պետք է լիարժեքորեն գործի, և պետք է հրամանատարներ պատժվեն, ընդ որում՝ շատ խիստ պետք է պատժվեն: Պետք է ուսադիրներ պոկվեն, այդ թվում՝ գեներալական, որ ոմանք խելքի գան:

Կրկնում եմ՝ ինչքան ներդրում ուզում են անեն, քանի դեռ բանակում մենք չենք ստեղծել անհրաժեշտ բարոյահոգեբանական մթնոլորտ, զորամասերում արմատախիլ չենք արել այդ կեղծ արժեքները, մենք հանգիստ չենք ունենա, նման դեպքեր լինելու են:

– Այս դեպքից հետո ռազմական ոստիկանությունում որոշ պաշտոնյաներ պատասխանատվության ենթարկվեցին: Դա կարծում եք՝ բավարար չէ՞ր:

– Գիտեք՝ ընդհանուր արժեքային համակարգ կա, որ տարիների կնիք է թողել, և սովորույթի ուժով արմատավորված ուղղություններ կան, որոնք ուղղակի պետք է արմատախիլ անել: Դա գլոբալ մարտահրավեր է:

Ես հասկանում եմ, որ մեկ-երկու անձի պատժելով, նրանց համակարգից հեռացնելով՝ գլոբալ խնդիր չենք լուծելու, բայց պետք է կարողանանք որակապես այլ զինված ուժեր ձևավորել: Արմատախիլ անենք այն արժեքները, որոնք արդեն կան, կարողանանք ինտելեկտուալ սպայական կազմ ձևավորել:

Այն սպան, որը չի առաջնորդվում կանոնակարգերով, այլ մտածում է, թե իր պատժողական քաղաքականությունը կամ իր իրավասությունների լիազորությունների իրականացումը կարող է այլ կերպ դիտարկվել, պետք է հեռանա համակարգից: Պարզ ասեմ՝ մենք սպաներ ունենք, որոնք վախենում են իրենց ենթակա զինծառայողներին պատժել կամ կարգապահական տույժի ենթարկել, որովհետև մտածում են՝ զինծառայողն իր մասին կկարծի, թե գործ տվող է, առաջնորդվում է ինչ-որ արժեքներով, կանոններով: Ա՛յ դրանից սպաները վախենում են: Այո՛, մենք պետք է բաց խոսենք, կարողանանք ախտորոշել հիվանդությունն ու բուժենք: Ես վստահ եմ՝ սպայական կազմից շատ բան է կախված:

– Պարո՛ն Նորիկյան, արդեն երեք տարի է՝ պարբերաբար խոսվում է բանակում զինծառայողների հագուստի, ներքնազգեստի, նաև՝ ուտելիքի որակի փոփոխության մասին, բայց մթնոլորտի, նման բարքերի մասին չի խոսվել: Կարծում եք՝ համարվե՞լ է երկրորդական հարց:

– Ինչ ներդրում ուզում եք արեք, ամենից առաջ բարոյահոգեբանական մթնոլորտը պետք է փոխվի: Պատկերացրեք մի ընտանիք. եթե ընտանիքում ամեն ինչ նորմալ է, հագուստը կա, ապրուստը կա, բայց բարքերը վատն են՝ թշնամություն, ծեծ, կռիվ և այլն, այդ նյութական փոփոխությունները գրոշի արժեքի են վերածվում: Մենք պետք է խնդիր դնենք որակապես նոր զինված ուժեր ձևավորելու համար:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am