Մի խնդրանք ունեի Արյունաբանական կենտրոնում բուժվող երեխաների մայրիկներին՝ հավատան, որ իրենց բալիկները բուժվելու են․ Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը այցելել են ԱՆ պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն՝ շնորհավորելու բուժում ստացող փոքրիկների գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը:

Վարչապետի տիկինը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Արյունաբանական կենտրոն այցին՝ կից հրապարակելով լուսանկարներ:

«Առողջություն մեր բոլոր բալիկներին։ Արյունաբանական կենտրոնում բուժվող այս երեխաների մայրիկներին մի խնդրանք ունեի միայն՝ որքան էլ դժվար է իրենց համար, հատկապես երեխաների ներկայությամբ անընդհատ չարտասվեն, հավատան, որ իրենց բալիկները բուժվելու են։

Մեր մեծերի իմաստուն խոսքերից մեկն ասում է. «Լացը լաց է բերում»։ Գիտեմ, որ անմարդկային դժվար է, բայց եկեք փորձենք հետևել իմաստուններին»,- գրել է Աննա Հակոբյանը: