Պակիստանի հետ հարաբերությունների հաստատումը կարող է խնդիրներ առաջացնել Հնդկաստանի հետ. Դավիթ Կարապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը

– Պարո՛ն Կարապետյան, Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում շարունակվում է, դատելով հանդիպումներից՝ ինչպե՞ս կգնահատեք այն:

– Չինաստանի հետ ռազմավարական դաշնակցային հարաբերություններ հաստատելու մասին որոշում են կայացրել, ինչն առաջին հայացքից շատ լավ է, բայց թե գործնականում իր արդյունավետությունը կապահովի՞, դեռևս դժվար է ասել: Սպասված ու կարևոր նորություն էր, եթե դիտարկենք, որ Չինաստանի հետ մեր հարաբերությունները վատթար վիճակում էին այն մասով, որ լուրջ, գործնական հարաբերություններ չկային: 

Կարևոր էր նաև, որ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին համատեղ կոմյունիկե ստորագրվեց Պակիստանի հետ, այսինքն՝ մի երկիր, որը դեռևս 1991 թվականից չէր ճանաչում Հայաստանը որպես անկախ, ինքնիշխան պետություն, ու ստացվում է, որ Հայաստանի ու Պակիստանի միջև առաջին անգամ դիվանագիտական հարաբերությունների մեկնարկի մասին կոմյունիկե ստորագրվեց: 

Այս մասով նաև պետք է հասկանալ, որ Պակիստանն այն պետությունն է, որն ամենամեծ կոալիցիոն համագործակցության մեջ է Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, մենք գիտենք նրանց դիրքորոշումը հատկապես արցախյան հակամարտության մասով, գիտենք նրանց ագրեսիվ քաղաքականությունը, ու այս եթե կարելի է ձեռքբերում ասել, մի քիչ խնդրահարույց է, որովհետև մենք այդ ամենը պետք է դիտարկենք նաև Հայաստան-Հնդկաստան հարաբերությունների համատեքստում, որովհետև գիտենք Հնդկաստանի ու Պակիստանի լարված հարաբերությունները: Ընդ որում, ասեմ, որ Հնդկաստանի վարչապետը վետո դրեց Ադրբեջանի՝ Շանհայի գագաթնաժողովի անդամակցության նպատակներին: Այսինքն՝ ստացվում է, որ Հայաստանն առաջին անգամ հարաբերություններ է հաստատում Պակիստանի հետ, բայց գուցեև պրոբլեմատիկ իրավիճակներ ստեղծվեն Հնդկաստանի հետ: 

– Այս ամենը հաշվի առնելով՝ կարո՞ղ ենք ասել, որ Հայաստանի իշխանությունը արդյունավետ արտաքին քաղաքականություն է վարում:

– Շատ ողջունելի է, որ պետությունը տարատեսակ պետությունների հետ համագործակցության եզրեր է գտնում, սա խոսում է այն մասին, որ մենք՝ որպես պետական միավոր, կարողանում ենք մեր ազգային պետական շահերն առաջ տանել: 

Բայց այստեղ հակասությունն այն է, որ Հայաստանը պաշտոնապես հայտարարում է, որ ԵՄ-ին անդամակցության դիվերսիֆիկացված քաղաքականություն է վարում, բայց, միևնույն ժամանակ, գնում է Պեկին և ուզում դառնալ ՇՀԿ անդամ: Սրանք, իհարկե, միմյանց հակասող կազմակերպություններ չեն, բայց դա բուտաֆորիկ պատկեր է ստեղծում, որ մենք ամենուրեք ուզում ենք լինել, անդամակցել, բայց ոչ մի տեղ մեզ չեն ուզում դիմավորել: 

Հասկանալի է, որ փորձում ենք ինչ-որ աշխարհաքաղաքական կենտրոնների հետ հարաբերվել, ցուցադրական մասն էլ կա, որ մենք այնքան ինքնիշխան ենք, որ կարողանում ենք անխոչընդոտ ու անկախ քաղաքականություն վարել, բայց գործնականում խիստ կասկածելի է, որովհետև մենք հողի վրա արդյունք չենք տեսնում, դրա համար եմ վերապահումով ասում ՇՀԿ-ին անդամակցելու մասով: ԵՄ-ին անդամակցելու խոսակցություններն արդեն տասնյակ տարի է կան, բայց դրսևորում չկա դեռ: 

Չինաստանում մենք տեսնում ենք նոր՝ բազմաբևեռ աշխարհաքաղաքական կենտրոնի՝ ի դեմս Հնդկաստանի, Չինաստանի ու Ռուսաստանի համագործակցությունը, որը կարծես իր պտուղները տվել է: Պարզ է, որ Հայաստանն այդ երեք երկրի հետ պետք է ունենա այնպիսի համագործակցության եզրեր, որոնք կբխեն բացառապես ՀՀ պետական շահերից:

– Այսինքն՝ Հայաստանի իշխանության քայլերի՞ց է կախված, թե այդ համագործակցության մեջ Հայաստանն ինչ դեր կունենա, պարո՛ն Կարապետյան:

– Այո՛: Հայ-հնդկական հարաբերությունները բավականին լավ են, Չինաստանի հետ հարաբերությունները կարծես թե կանոնակարգվում են, Ռուսաստանի հետ հարաբերությունները ճգնաժամային են, գիտենք, չնայած վարչապետ Փաշինյանը նախօրեին Չինաստանում ասաց, թե Ռուսաստանի հետ եղբայրական, դաշնակից երկրներ են: Իհարկե, դա շոուի ու քծնանքի դրսևորում է, բայց ամեն դեպքում հասկանալի է, որ Ռուսաստանի նման գերտերության ղեկավարն ամեն բան տեսնում ու հասկանում է, ու փաստ է, որ Հայաստանն այսօր Ռուսաստանի հետ բավականին լուրջ ջրբաժան ունի: 

Քրիստինե Աղաբեկյան