«Գարեգին Երկրորդի հոգևոր որդի Սահակաշվիլին շարունակում է պղծել Վրացական եկեղեցին». Թբիլիսիում հակահայկական տրամադրություններն աճում են

«Գարեգին Երկրորդի հոգևոր որդի  Սահակաշվիլին շարունակում է պղծել Վրացական եկեղեցին». Թբիլիսիում հակահայկական տրամադրություններն աճում են
«Գարեգին Երկրորդի հոգևոր որդի Սահակաշվիլին շարունակում է պղծել Վրացական եկեղեցին». Թբիլիսիում հակահայկական տրամադրություններն աճում են

Այն բանից հետո, երբ Հայ առաքելական եկեղեցին Վրաստանում իրավական կարգավիճակ ունենալու իրավունք ձեռք բերեց, Թբիլիսիում կտրուկ աճեցին հակահայկական տրամադրությւոնները: Ընդ որում ` թիֆլիսահայերի խոսքերով հայերին «բոլոր մեղքերի մեջ» մեղադրում են ոչ միայն քաղաքական գործիչներն ու մամուլը, այլ նաև երկրի հայտնի մտավորականները:

«Այս տարվա մայիսից մենք նկատում ենք տարբեր հայտարարություններ, որոնք նպատակ ունեն հասարակության մեջ հայատյացության տրամադրություններ զարգացնել»,- «Մեդիալաբին» ասում է Թբիլիսիյի հայերի ասամբլեայի նախագահ Իռենա Օհանջանովան:

«Իրավիճակը գերլարված էր, այդ թվում նաև համացանցում, ֆորումներում: Հասարակությունը երկու մասի էր բաժանվել: Ցավոք սրտի մեծ մասը անգրագետ հավատացյալներն են, որոնք չէին էլ հասկանում, թե ինչ է կատարվում և դրանով երկրում ազգամիջյան ատելություն են մտցնում: Օրինակ, հավաքվել էին եկեղեցու մոտ` պատրիարքի պաշտպանության օգտին: Այն հարցին, թե ինչից են պաշտպանում պատրիարքին, պատասխանում էին` Չար ուժերից»,- «Մեդիալաբին» պատմում է թիֆլիսահայ Ելենա Մեչիտովան:

Թբիլիսիյի հայերը պնդում են, որ ամեն ինչ սրվեց այն բանից հետո, երբ Վրաստանի խորհրդարանը ընդունեց օրենք, համաձայն որի երկրում մի շարք կրոնական կառույցներ իրավական կարգավիճակ ստացան: Մի բան, որին երկար սպասել էր Հայ առաքելական եկեղեցին, քանի որ երկրում կան մի շարք հին հայկական վանքեր, որոնց Առաքելական եկեղեցին չէր կարողանում տեր կանգնել: Արդյունքում դրանք ավիրվում, կամ վրացացվում էին:

Վրաստանում, սակայն, շատերն այս օրենքը չհավանեցին: Քանի որ օրենքի ընդունումը համընկավ Ամենայան Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի այցի հետ, ոմանք կարծեցին, որ օրենքի ընդունումը թելադրած է Հայաստանից: Արդյունքում հակահայկական հայտարարություններ հնչեցին թե հոգևորականների, թե մտավորականների, թե քաղաքական գործիչների կողմից: Վերջիններս հայատյացությունն օգտագործում են Սահակաշվիլիյի վարկանիշը երկրում գցելու և սեփական քաղաքական շահերի համար:

Վրաստանի Լեյբորիստական կուսկացությունն, օրինակ, իր տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասում է. « Գարեգին Երկրորդի հոգևոր որդի Միխայիլ Սահակաշվիլին շարունակում է պղծել Վրացական ուղղափառ եկեղեցին»:

Իսկ Վրաստանում հայտնի ռեժիսոր, Ռոբերտ Ստուռուան «Սակինֆորմ» լրատվական գործակալությանը, պատասխանելով այն հարցին, թե ինչու Սահակաշվիլին չի սիրում իր ազգը, ասել է. «Ինչ արած, չէ որ նա հայ է»:

Հոգևորական Հայր Պետրեն (Կվարացխելիյա) հայտարարել է. «Հայաստանը միշտ էլ փորձում էր իր ազդեցության տակ մտցնել Վրացական թագավորությունը, իր կրոնական քաղաքականությունը ներմուծեր»:

Իսկ բանաստեղծ Ռեզո Ամաշուկելին ասել է. «Նրանք ոչնչացնում են Թբիլիսիյի ըմբոստ ոգին: Դա Դաշնակների նախագծի մի մասն է, որ Թբիլիսիյում վերացնեն վրացական ամեն ինչը: Նա (Սահակաշվիլին) հայկական ամեն ինչի համար, ամեն ինչ անում է: Ես նախկինում էլ եմ ասել, որ եթե նա վրացական գործեր աներ, ոչ-ոք չէր հիշի նրա հայկական արմատների մասին»:

Իռենա Օհանջանովայի խոսքերով երկրում հակահայկական տրամադրությւոնների բարձրացմանը նպաստում են նաև Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած ապատեղեկավությունը, կամ այն ԶԼՄ-ները որոնք համագործակցում են Ադրբեջանի հետ:

«Մենք տեսնում ենք հակահայկական հիսթերիան, որը բարձրացնում են մի շարք քաղաքական ուժեր, քաղաքագետներ, լրատվամիջոցներ: Այս ամենի արդյունքում երկրում լարված իրավիճակ է: Ես ցավում եմ, որ քաղաքական ուժերի մի շարք առաջնորդները հայ-վրացական լավ հարաբերությունների մասին հիշում են միայն ընտրություններից առաջ»,- «Մեդիալաբին» ասում է Թբիլիսիյի հայերի ասամբլեայի նախագահը:

Թբիլիսիյի հայ բնակչուհի Ելենա Մեչիտովան իր հերթին մեղադրում է նաև հայկական կողմին: Նրա խոսքերով Ջավախքի մասին Հայաստանում արված հայտարարությունները հաճախ ջարդվում հենց թիֆլիսահայերի գլխին: Բացի այդ նրա կարծիքով Հայաստանում իրավիճակը ճիշտ չի լուսաբանվում, և նա վախենում է, որ հայերը կարող են սադրանքի զոհ դառնալ:

«Իրավիճակն այքան լարված էր, որ բոլորը վախենում էին սադրանքներից: Վրացական լրատվական գործակալությունը տեղեկություն էր տարածել, որ կրոնական հողի վրա հայ է սպանվել: Մինչ մերոնք պարզեցին, որ նման դեպք տեղի չի ունեցել, Հայաստանում այդ մասին արդեն հասցրեցին գրել: Մենք ստիպված եղանք այստեղից հերքում գրել, քանի որ այդ լուրի տարածումը կարող էր վատ հետևանքներ ունենալ: Մենք հույս ունենք, որ դա ոչ թե սադրանք էր, այլ պարզապես վրացական գործակալության անփութության արդյունք»,-ասում է Ելենա Մեչիտովան:

Վրաստանում հակահայկական տրամադրությունների աճին շատ են նպաստում Բաքվից Թբիլիսի հասնող փողերը: Փորձագետները, սակայն, կարծում են, որ Ադրբեջանը միայն ուժգնացնում է այն, ինչ Վրաստանում կար շատ վաղուց:

Կովկասյան Ինստիտուտի գիտաշխատող, ծագումով թիֆլիսահայ Հրանտ Միքայելյանի խոսքերով սա դեռևս 19-րդ դարի արձագանքն է: Ժամանակին Թիֆիլիսում հայերը տնօրինում էին գրեթե ամբողջ տնտեսությունը: Սա բնականաբար չէին հավանում վրացի մտավորականները: Արդյունքում դեռևս դարասկզբում թերթերում և գրական գործերում սկսվեց հայատյացության քարոզչությունը:

Նա ասում է, որ մինչ 1918 թվականը հարաբերությունները գերլարված էին: Հայաստանում դա չէր նկատվում, բայց Վրաստանում հայերի և վրացիների միջև լուրջ բախումներ էին տեղի ունենում: Խորհրդային տարիներին վրացական իշխանությունները կարողացան հաղթել հայերին և հեռացնել նրանց երկրից:

«Այժմ հայերը կազմում են Մայրաքաղաքի բնակչության ընդամենը 7 տոկոսը, մինչդեռ 20-րդ դարի սկզբում նրանք 41 տոկոսն էին: Թվում է, թե դա այլևս արդիական չէ: Սակայն քանի որ խորհրդային տարիներին բոլոր գաղափարախոսությունները ոչ թե ոչնչացվել, այլ սառեցվել են, ամեն ինչ կրկին արդիական է դառնում: Բայց հիմնականում հակահայկական քարոզչություն իրականացնում են մտավորականների ավագ սերունդը»,- «Մեդիալաբին» ասում է փորձագետ Հրանտ Միքայելյանը:

Լիաննա Խաչատրյան

© Medialab.am