«Ընտանիքիս անդամները ծանր տարան որոշումս, ասում էին՝ կվարակվես, վտանգավոր է, բայց ես ասում էի՝ ոչինչ». Բուժքույրը՝ առաջնագծում

Բուժքույր Աննա Ադամյանը գրեթե մեկ ամիս իր մասնագիտական օգնությունն է ցուցաբերում կորոնավիրուսով վարակակիրներին։ Ներգրավվել է «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոնի աշխատանքներում, որտեղ այժմ սպասարկվում են կորոնավիրուսով վարակված ծանր և միջին ծանրության դեպքերը։

«Բոլորս էլ գիտենք, որ Հայաստանում այս պահին մեր կարիքը շատ կա: Ես էլ մեծ սիրով համաձայնվեցի: Որովհետև դեռ վաղուց էի մտածում մասնակցել, աջակցել առողջապահության համակարգին, ուղղակի չէի կողմնորոշվում՝ որ հիվանդանոցը գնալ։ Ամենասիրածս մասնագիտությունն է: Եվ քանի որ բուժաշխատողների կարիք կար, առանց երկմտելու որոշեցի և գնացի»,- նշում է Աննա Ադամյանը։

Նրան չի վախեցրել կորոնավիրուսով վարարակիրների հետ աշխատանքը, սիրով ընդունել է բժիշկներից մեկի առաջարկը՝ համալրելու կորոնավիրուսով վարակակիրների հետ աշխատող բուժանձնակազմի թիմը։

Աննա Ադամյանը ավարտել է Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջը՝ մանկաբարձական գործ բաժինը, որից հետո աշխատել է «Նաիրի» բժշկական կենտրոնի վիրահատարանում, այժմ սովորում է Հայկական բժշկական ինստիտուտում՝ 6-րդ կուրսում։

Հիվանդանոցում բուժքրոջ աշխատանքը սկսվում է առավոտյան ժամը 09։00-ից և տևում մինչև հաջորդ օրը՝ 09։00-ը։

«Ամիսը 10 հերթապահություն ենք իրականացնում, ամեն երրորդ օրը գնում ենք 24 ժամով, մի օր աշխատում ենք, երկու օր՝ տանը։ Երկու հոգով ենք հերթապահում՝ մի բուժակ և մի բուժքույր, մեկ էլ՝ հարկի բժիշկը, մենք մեր մեջ ժամերը դասավորում ենք, մի քանի ժամով մեկն է բարձրանում վերև, աշխատում, մեկը հանգստանում է, հետո մյուսն է աշխատում, հետո՝ հանգստանում, էդպես 24 ժամ»,- նշում է բուժքույրը։

Աննա Ադամյանը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ թերապևտիկ բաժանմունքում է աշխատում, բժշկական կենտրոնում կա ևս մեկ թերապտիկ և վերակենդանացման բաժանմունք, վերջինում ավելի ծանր հիվանդներն են։

«Թերապևտիկ բաժանմունքում համեմատաբար թեթև վիճակով են հիվանդները, բայց, բնականաբար, քանի լինում են ճնշման տատանումներ, ջերմության տատանումներ, անընդհատ սատուրացիան է ընկնում, հսկողության կարիք ունեն։ Սատուրացիան որ ընկնում է, միանգամից դիմում ենք բժշկին, գալիս են թթվածին են միացնում, պացիենտին ասում ենք՝ փորի վրա պառկիր, որովհետև էդ դեպքում կարգավորվում է, ու հետո բժիշկը ինչ նշանակում է, փոխանցում ենք հիվանդներին»,- պատմում է բուժքույրը։

Ասում է, որ շատ հիվանդներ նաև հոգեբանական առումով են ընկճված:

«Նրանք կարիք ունեն, որ որևէ միջամտություն անելուց առաջ բացատրենք, ասենք՝ իրենց մոտ ինչ վիճակ է, պարզապես խոսենք, որ համեմատաբար նորմալ տանեն այդ ամեն ինչը»,- նշում Աննա Ադամյանը։

Բուժքրոջ խոսքով՝ աշխատանքի ընթացքում ամբողջ բարդությունն իր համար պաշտպանիչ հագուստն է, որի մեջ դժվար է շնչել, շարժվել: «Պաշտպանիչ հագուստով բարդ է, թթվածին չկա, շատ դժվար ենք շնչում, բայց պիտի դիմանանք»,- ասում է նա:

Բուժքույրն ինքն անձամբ չի վախենում վիրուսով վարակվելուց, իր համար չի անհանգստանում, սակայն ընտանիքի անդամները հեշտորեն չեն համաձայնել նրա որոշմանը՝ առաջնագծում հայտնվելու։

«Սկզբում ընտանիքիս անդամները ծանր տարան որոշումս, բայց կամաց-կամաց իրենք էլ սովորեցին այս վիճակին։ Ասում էին՝ գնաս, կվարակվես, վտանգավոր է, բայց ես ասում էի՝ ոչինչ։ 

Մի փոքր անհանգիստ էի իրենց համար, հյուրանոցում մեկուսանալ հնարավոր չէր, պետք է ամեն օր աշխատանքից հետո տուն գայի, բայց մեկուսացման բոլոր օրենքները պահում եմ թե տանը և թե աշխատանքի տեղը։ 

Սենյակում իմ սպասքը՝ բաժակը, ամանը, առանձնացրել եմ, գալիս եմ տուն, մտնում եմ իմ սենյակ, միայն դուրս եմ գալիս սանհանգույցից օգտվելու համար, այնուհետև ամեն բան ախտահանելով նորից գնում եմ իմ սենյակ»,- պատմում նա։

Բուժքրոջը բարկացնում է այն հանգամանքը, որ մարդիկ լուրջ չեն վերաբերվում վիրուսին, ասում է, որ սկզբում անընդհատ վիճում էր իր այն ծանոթների հետ, որոնք այդ կերպ էին մտածում։

«Հետո հասկացա, որ բոլորի հետ կռվելը անիմաստ է։ Իրավիճակը մաքսիմալ բացատրելուց հետո, թե հիվանդանոցում ինչպես է անցնում, ոնց է ընթանում վիրուսը, լրիվ ներկայացնում եմ իրավիճակը, մի փոքր ուրիշ ձև սկսեցին նայել այդ ամենին»։

Հիմնական խորհուրդը, որ ծանոթներին տալիս է, այն է, որ հիվանդությունը սուտ չէ, հումոր չէ այս ամենը: 

«Ես ինքս շփվում եմ պացիենտների հետ, որ ունենում են ճնշման տատանումներ, ջերմությունը բարձրանում է, անընդհատ սիստեմաների տակ են։ Հարազատներիս ասում եմ՝ զգույշ եղեք, ավելի լավ է՝ դիմակ դնեք ու այդ կանոնները պահպանեք ու մաքսիմալ հեռավորություն պահեք, որպեսզի այդ բարդությունները չտեսնեք»,- նշում է Աննա Ադամյանը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am