2-10 տարի ազատազրկումը՝ հարբած, առանց վարորդական իրավունքի ու արագության գերազանցման դեպքում լավ է, բայց ցանկալի արդյունք չի տա. Տիգրան Քեհյան

ՀՀ գլխավոր դատախազությունը մշակել է նախագիծ, որով առաջարկվում է խստացնել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիան՝ նպատակ ունենալով նվազեցնել ճանապարհատրանսպորտային հանցագործությունների դեպքերի թիվը:

Այսինքն՝ ալկոհոլ օգտագործած վիճակում, սահմանված արագությունը կրկնակի գերազանցելով կամ տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից խախտում կատարելու դեպքերում պատիժը կալանքն է լինելու՝ 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը 2 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով կամ առանց դրա:

Եթե վերոնշյալ դեպքերի հետևանքով առաջացել է մարդու մահ, նախատեսվում է  ազատազրկում 4-7 տարի ժամկետով: Երկու մարդու մահվան դեպքում՝ 7-10 տարի ազատազրկում:

«Մեդիալաբը» օրենքի նախագծի վերաբերյալ մեկնաբանություն է խնդրել «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Քեհյանից:

– Պարո՛ն Քեհյան, ինչպե՞ս եք գնահատում առաջարկվող խստացումները:

– Որ պետք է քրեականացվեր կամ խիստ պատիժներ սահմանվեին նման դեպքերում, ճիշտ է, բայց այդ հոդվածներով նման պատիժ սահմանելու գնահատական չեմ կարող տալ, քանի որ դրա մասնագետը չեմ, որ վկայակոչեմ միջազգային իրավունքն ու այլ դեպքեր: 

Բայց պետք է նկատել, որ Հայաստանում առհասարակ խիստ հսկողության կարիք կա ոչ միայն ալկոհոլ օգտագործած վիճակում մեքենա վարելիս, արագություն գերազանցելիս, այլև, առհասարակ, անկարգ ու լկտի պահվածք դրսևորող վարորդների նկատմամբ, որպեսզի իրավիճակը փոխվի: 

Երթևեկության բալային համակարգն էլ երբ ներդրվեց, պետք է նաև գույքի առգրավում անեին, որպեսզի իրավունք չտրվեր այդ մարդկանց իրենց մեքենաները շահագործել, քանի որ Հայաստանում խիստ հսկողություն չի արվում բացահայտելու, թե վարորդական իրավունքից զրկված այդ կարծեցյալ վարորդներն առհասարակ շահագործում են իրե՞նց մեքենան, թե՞ ոչ: 

Իսկ վերջերս տեղի ունեցած վթարներից ու արձանագրված իրավախախտումներից տեսանելի է, որ շատերը երթևեկում են նաև նույնիսկ վարորդական իրավունքից զրկված լինելով, դրա համար խիստ հսկողություն ու պատիժներ են պետք: 

– Կարծում եք, ազատազրկման սպառնալիքը կնպաստի՞, որ նմանատիպ ՃՏՊ դեպքերի թվի նվազում գրանցվի:

– Կարծում եմ, Հայաստանում դեպքերի թվի նվազման չի բերի, քանի որ հսկողություն չկա, իսկ մեր մենթալիտետում նստած է, թե խմած ժամանակ մենք ավելի լավ ենք վարում ու զգոն ենք: Մեզ մոտ ավելի շատ կրթական լուրջ ծրագրեր են պետք, մանուկ հասակից պետք է կրթել, թե երթևեկությունն ինչ կանոններ ունի ու ինչ է իրենից ենթադրում:

– Պարո՛ն Քեհյան, եթե ձեր նշած խիստ հսկողությունը լինի, նման օրենքների կարիք չի՞ լինելու:

– Այո՛, եթե մենք լուրջ կրթական ծրագրեր մշակենք ու քաղաքացիներին կարողանանք մանուկ հասակից դաստիարակել օրենքը պահպանելով, ապա այսպիսի խիստ օրենքներ ընդունելու կարիք չենք ունենա: 

Պետությունը գնում է խիստ օրենքների կիրառման, որովհետև տեսնում է, որ գնալով ավելի վատ իրավիճակի է հանգում, ու փորձում է ավելի հեշտ մեթոդներով իրավիճակը փոխել, իսկ հեշտ միջոցն այսօր խիստ պատիժներ սահմանելն է: 

Բայց փորձը ցույց է տալիս, որ մեզ մոտ անգամ քրեական պատասխանատվության ենթարկվելու պարագայում էլ մարդիկ գնում են ռիսկի ու երթևեկում են առանց վարորդական վկայականի, այսինքն՝ այդ խիստ պատիժները մինչ օրս չեն կարողացել կանխել անօրինությունները, դրա համար պետք է ավելի երկարաժամկետ ծրագրեր իրականացնել, որը մինչ օրս չի արվում, այդ ուղղությամբ անգամ քայլեր չեն արվում:

– Երկարաժամկետ ու ավելի արդյունավետ միջոցներ ինչո՞ւ չեն արվում, հնարավորություններ չկա՞ն, թե՞ ցանկություն:

– Կարծում եմ՝ ցանկություն չունեն, որովհետև չկա այնպիսի մի պատճառ, որը օբյեկտիվ կլինի: Մենք ունենք շատ լավ մասնագետներ, որոնք շատ լավ տիրապետում են ոլորտին ու կարող են դպրոցներում մեկ-երկու ժամով դասավանդել: 

 – Առաջարկվող փոփոխությունից վարորդները կդժգոհե՞ն:

– Ինչի՞ համար պետք է դժգոհեն, ասեն՝ չեն թողնում խմած երթևեկե՞մ:

– Ո՛չ, օրինակ՝ դժգոհեն ազատազրկման համար նախատեսվող տարիներից, ասեն՝ 2-10 տարին անարդարացի ժամկետ է:

– Դա նուրբ հարց է, եթե ինչ-որ մեկի հարազատի կյանքն են խլում, հարազատն ավելի մեծ պատիժ է ուզում, իսկ պատժի ենթարկվողն ավելի մեղմ պատիժ է ուզում: Խլած կյանքն էլ չենք կարող վերադարձնել, հիմա այդ երկուսից ո՞րն է ավելի դաժան: 

– Ամփոփելով՝ կարո՞ղ ենք ասել, որ խստացումներն անհրաժեշտ համարում եք, բայց կարծում եք, որ կոնկրետ այս փոփոխությունը ցանկալի արդյունք չի ապահովելու:

– Այո՛, պրակտիկ փորձով կարող եմ ասել, որ Հայաստանում տարեցտարի երթևեկության կանոնների խախտման դեպքերի մասով խստացումներ եղել են, բայց բոլորս էլ տեսնում ենք՝ ինչ վիճակ է: Տարեցտարի մահվան ելքով վթարները շատանում են, երթևեկությունը կաթվածահար է լինում, ու այդ առումով ոչ մի լուրջ փոփոխության չեն բերել այս խստացումները:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am