Կորոնավիրուսի համավարակի դեմ կառավարության գործունեության արդյունավետությունը ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի կազմը հայտնի է, շուտով կսկսեն աշխատել

Հունվարի 12-ին ԱԺ նախագահի կարգադրությամբ հաստատվել է իրավունքի ուժով ստեղծված՝ Նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համավարակի հետևանքները մեղմելու կամ վերացնելու ուղղությամբ Կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Լուսավոր Հայաստանի պատգամավոր Արկադի Խաչատրյանը։

Նրա ներկայացմամբ, հանձնաժողովն ունենալու է հետևյալ կազմը՝ Արկադի Խաչատրյան (նախագահ), Հերիքնազ Տիգրանյան, Ալեն Սիմոնյան, Սուրեն Գրիգորյան, Ծովինար Վարդանյան, Հայկ Կոնջորյան, Հրաչյա Հակոբյան, Արտակ Մանուկյան, Արուսյակ Ջուլհակյան, Անի Սամսոնյան, Նաիրա Զոհրաբյան, Միքայել Մելքումյան (անդամներ):

«Հաշվի առնելով Քննիչ հանձնաժողովի լիազորությունների մեջ մտնող հարցերի նկատմամբ հանրության առկա հետաքրքրությունը և թեմայի պահպանվող արդիականությունը, ես ուզում եմ հույս հայտնել, որ համատեղ, հանրության հետ համագործակցային արդյունավետ աշխատանքի միջոցով հանձնաժողովին կհաջողվի հանրությանը ներկայացնել համավարակի դեմ պայքարի արդյունավետության հնարավորինս օբյեկտիվ և բազմակողմանի պատկերը՝ արձանագրված խնդիրներով, հաջողություններով և թերացումներով, ինչպես նաև հանրությանը հուզող հարցերի պատասխանները:

Առաջիկա օրերին կհայտարարվի Քննիչ հանձնաժողովի առաջին նիստի օրվա և ժամի մասին: Հաջողություն եմ մաղթում Քննիչ հանձնաժողովին: Առողջ եղեք», -գրել է պատգամավորը: