Համապետական ծառատունկի ընթացքում նախատեսվում է 300 հազար ծառ տնկել՝ Երևանում և մարզերում

Այսօր Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի գլխավորությամբ մարզպետների, մարզպետարանների ներկայացուցիչների և Երևանի փոխքաղաքապետերի հետ խորհրդակցություն-քննարկում է անցկացվել, որին մասնակցել են նաև Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահը և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենը։ 

ՇՄ նախարարությունից տեղեկացնում են, որ քննարկվել են Երևան քաղաքում և մարզերում համապետական ծառատունկը պատշաճ կազմակերպելու վերաբերյալ մի շարք օրակարգային հարցեր, գույքագրվել են բոլոր այն տարածքները, որտեղ կիրականացվի ծառատունկ, քննարկվել են մարդկային և տեխնիկական ռեսուրսի հավասարաչափ բաշխմանը վերաբերող հարցեր։ 

Ողջունելով ներկաներին՝ նախարարը նախ ներկայացրել է «10 մլն ծառ» նախաձեռնության ընթացիկ իրավիճակը, ապա անդրադարձել այդ նախաձեռնության շրջանակում ապրիլի 25-ին նախատեսված համապետական ծառատունկին, հորդորել գործընկերներին անել հնարավորը՝ ծառատունկի աշխատանքներն առավելագույնս արդյունավետ իրականացնելու համար։

Համապետական ծառատունկի ընթացքում նախատեսվում է․ 

100.000 տնկի, այդ թվում՝ վայրի խնձորենի, տանձենի և ընկուզենի հատկացնել Երևանի քաղաքապետարանին և հանրապետության խոշոր քաղաքներին ու համայնքներին՝ պուրակներում ու զբոսայգիներում ծառատունկ իրականացնելու համար, 

200.000 տնկի տրամադրել մարզպետարաններին՝ տեղական ինքնակառավարման մարմինների և պետական գերատեսչությունների հետ համատեղ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնկարկներում նախանշված տարծքներում տնկելու համար։

Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահի ժ/պ Ա․ Պետրոսյանը ներկայացրել է նախատեսված տնկանյութի բաշխումն ըստ մարզերի․ 
Երևան – 25.000
Արագածոտնի մարզ – 7000,
Արարտի մարզ – 7000,
Արմավիրի մարզ – 6000,
Գեղարքունիքի մարզ – 8000,
Կոտայքի մարզ – 10.000,
Լոռու մարզ – 7000,
Շիրակի մարզ – 10.000,
Սյունիքի մարզ – 7000,
Տավուշի մարզ – 6000,
Վայոց ձորի մարզ – 7000։ 

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենը ներկայացրել է տնկվող ծառատեսակները՝ կաղնի, հացենի, թխկի, ընկուզենի, խնձորենի և տնկման համար նախատեսված տարածքներն ըստ հեկտարների։ Նա տեղեկացրել է, որ ՊՈԱԿ-ի մասնագետնները պատրաստ են օժանդակել տնկման աշխատանքների վերաբերյալ խորհրդատվությամբ։ Քննարկվել են նաև տնկված ծառերի հետագա խնամքին վերաբերող հարցեր։

Նախարարը խնդրել է գործընկերներին պատշաճ իրազեկել հանրությանը՝ ծառատունկի անցկացման վայրերի և մասնակցելու եղանակների մասին՝ տրամադրելով համայնքային և անտառային տունկի համակարգողների կոնտակտները։ 

Հասարակական կազմակերպությունները և քաղաքացիական նախաձեռնությունները, որոնք ցանկություն կհայտնեն մասնակցել համապետական ծառատունկին, կարող են դիմել Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտե՝ էլ հասցե՝ [email protected], հեռ․՝ (010) 65 17 38 կամ զանգահարել Շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմ 098 888283 հեռախոսահամարով։