Երեւան-Հալեպ. Կրակահերթերի տակ հայտնվել է ոչ թե օդանավը, այլ օդանավակայանից հայերին քաղաք տեղափոխող մեքենան

Երեւան-Հալեպ. Կրակահերթերի տակ հայտնվել է ոչ թե օդանավը, այլ օդանավակայանից հայերին քաղաք տեղափոխող մեքենան
Երեւան-Հալեպ. Կրակահերթերի տակ հայտնվել է ոչ թե օդանավը, այլ օդանավակայանից հայերին քաղաք տեղափոխող մեքենան

Քիչ առաջ «Մեդիալաբին» ԱԳՆ-ի մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից տեղակացրեցին, որ Երեւանից Հալեպ թռչող օդանավը կրակահերթերի տակ չի հայտնվել, ինչպես տեղեկացրել էինք ավելի վաղ` վկայակոչելով panarmenian.net-ին:
Երեւան-Հալեպ օդանավի ուղեւորները կրակահերթերի տակ են հայտնվել` օդանավակայանից քաղաք ընկած ճանապարհին:
«Ուղեւորները մեքենաներով օդանավակայանից շարժվելիս դեպի քաղաք, ճանապարհին ընկել են կրակահերթերի տակ, իսկ օդանավի հետ ոչ մի խնդիր չի եղել, այն նորմալ վայրէջք է կատարել Հալեպում»,- «Մեդիալաբին» ասում է ԱԳՆ-ի մամլո խոսնակ Տիգրան Բալայանը:

Ըստ ԱԳՆ-ի, դժբախտության հետեւանքով 4 զոհ եւ 10 վիրավոր կա: Զոհվածների անունները հայտնի են՝ Հարութ Սուվարյան, Արսեն Փեփեջյան, Հրաչ Փեփեջյան և Մեսրոպ Աճեմյան: Մեքենայում գտնվող մյուս հայերին օգնության են հասել կառավարության զորքերը:

Չնայած խիստ լարված իրավիճակին, «Սիրիական ավիաուղիներից» նույնպես հավաստիացնում են, որ օդանավը նորմալ վայրէջք է կատարել Հալեպում:

«Երեկ ժամը 17:40-ին Երեւան-Հալեպ թռիչք կար: Մի փոքր ուշացումով թռիչքը եղել է եւ օդանավը վայրեջք է կատարել Հալեպում, օդանավի հետ կապված ոչ մի խնդիր, վթար չի եղել, կրակահերթի տակ չի ընկել: Ամեն ինչ կարգին է եւ եկող շաբաթ օդանավը Հալեպից նորից թռիչք կկատարի դեպի Երեւան»,-տեղեկացնում են «Սիրիական ավիաուղիներից»:

Հիշեցնենք, որ մեկ տարուց ավել Սիրիայում ծավալվող ընդդիմություն-իշխանություն լարված պայքարը, պատերազմական գործողությունների արդյունքում շատ վտանգավոր է դարձել, ինչի հետեւանքով բազմաթիվ սիրիահայեր դժվարանում են տեղափոխվել Հայաստան, կամ Հայաստանից ետ վերադառնալ Սիրիա՝ հատկապես Հալեպ, որտեղ այժմ լարված պատերազմական դրություն է եւ մարտեր են ընթանում:

© Medialab.am