«Եթե քաղաքացին չի ենթարկվում օրենքներին, մեղավորը պարետն է, որը չի կարողացել հստակ բացատրել կանոնները». Վիգեն Ավետիս

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Ֆլորենցիայից Հայաստան վերադարձած քանդակագործ Վիգեն Ավետիսը

– Պարո՛ն Ավետիս, ինչպե՞ս եք գնահատում վերջին օրերին իշխանության, մասնավորապես, ոստիկանության գործողությունները կորոնավիրուսի դեմ պայքարում։

Հատկապես երբ կյանքի ու մահվան եզրագծին ենք, ընդունված կանոններին ենթարկվելու դեպքում պիտի թավի՞շ լինի, թե՞ համարժեք գործողություններ պետք է լինեն։

– Ընդհանրապես ես ամեն տեսակի բռնություններին դեմ և դեմ եմ առաջին հերթին ոստիկանության բռնություններին։ Դա մի կողմից լծակների չարաշահում է, ինչը վտանգավոր իրավիճակ է ստեղծում։ 

Ստացվում է՝ մի կողմից, եթե խստությունը չլինի, քաղաքացիները չեն պատկերացնում իրավիճակի, պահի լրջությունը, մյուս կողմից՝ ոստիկանների կողմից բռնի գործողությունների դեպքում կառավարող ուժի վարկանիշը կընկնի։ Այստեղ զգույշ պետք է վարվել: 

Մի կողմից ապահովության, անվտանգության խնդիրն է, մյուս կողմից՝ պետք է հաշվի առնել մեր ժողովրդի առանձնահատկությունը։ Մեր ժողովուրդը չինացի չէ, եվրոպացի չէ, ամերիկացի չէ կարգապահության առումով, և պետք է գտնել շփման ձև, չպետք է օգտագործել ֆրանսիական, չինական կամ ամերիկյան ձևերը, այլ պետք է հաշվի նստել իրավիճակի հետ։ 

Հայ ընտանիքի համար ամենակարևորն արժանապատվությունն է, և որևէ կերպ ո՛չ հայ կնոջ, ո՛չ հայ տղամարդու արժանապատվությանը չպետք է կասկածել։ 

Ազդեցիկ մարդիկ պետք է հնարավորինս շատ խոսեն, բացատրեն ժողովրդին, այս օրհասական պահին ելքեր գտնեն, բայց ոչ մի դեպքում տույժ չկիրառեն քաղաքացիների նկատմամբ, քանի որ պետք է շատ զգուշորեն փնտրել և գտնել հատուկ հայ հասարակությանը դիմելու և պահանջելու ձևեր։ 

Հայերը պատրաստ են ամեն ինչի, ինչպես 90-ականներին մահապարտների գումարտակ ստեղծվեց։ Եվ ոչ մի դեպքում չի կարելի ամերիկյան ձևով՝ ստիպելով, արժանապատվությունը ոտնահարելով, իրավիճակ փոխել։ Այլապես այս նախաձեռնությունը հակառակ էֆեկտ կունենա։ Պետք է գտնել մեխանիզմ հասնելու առավելության էֆեկտիվ լուծման։

Ես այսօր տեսա տեսանյութ, որում ոստիկանները ոտնահարում էին հայ մարդու արժանապատվությունը, սա ամենավատ բանն է։ Ոչ ոք իրավունք չունի կպչելու արժանապատվությանը։ Մատների վրա կարելի է հաշվել մեր բնակիչներին, և մասսայական պատժամիջոցներ արգելվում են Հայաստանում գործածել։ Թող բացատրեն, խոսեն, բայց ոչ ասֆալտին գցեն քաղաքացուն։ Անընդունելի տեսարան էր, ես ամաչեցի։

– Եթե քաղաքացին չի ենթարկվում պարետի որոշմանը և վտանգում է կյանքեր, ոստիկանն ի՞նչ պետք է անի։

– Եթե քաղաքացին չի ենթարկվում օրենքներին, մեղավորը պարետն է, որը չի կարողացել հստակ բացատրել կանոնները, պաշտպանել հասարակության անվտանգությունը։ Սա այն դեպքն է, որ պարետն է մեղավոր։ Ավինյան պարետը չի կարողացել պարզ հայերենով բացատրել։

– Համացանցում տարածվեց տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են հարսանեկան արարողության ժամանակ ոստիկանության և ԱԱԾ աշխատողների համազգեստով բեմականացում կատարում: Ինչպե՞ս եք գնահատում։

– Գոյություն ունի հայկական ըմբոստություն։ Ըմբոստ հայերը պետք է հասկանան, որ իրենց ղեկավարում են ունակ մարդիկ, այսինքն՝ ոչ թե իրենք չեն ենթարկվում, այլ գտնում են, որ նա, ով այդպիսի հրաման է արձակում, պետք է լինի վստահելի։ Պարետատունը պետք է վստահություն ունենա ժողովրդի մոտ։ Ոչ թե օրենքը խախտողն է մեղավոր, այլ օրենքի ներկայացուցիչը չի կարողացել հասցնել իր պահանջը ժողովրդին։

– Վարչապետը մի քանի օր է՝ կոչով է հանդես գալիս, լուսանկարներ և տեսանյութեր է տարածում։

– Վարչապետի ուղերձները որպեսզի ժողովուրդը ընկալի, ժամանակ է հարկավոր։ Մարդը պետք է ընկալի այդ ամենը, և այստեղ պետք է աշխատեն պրոֆեսիոնալ ոստիկաններ, որովհետև ես հրամաններին չեմ ենթարկվի, եթե էությունը չբացատրեն։ Ավինյանի փոխարեն այսօր խոսում է Նիկոլ Փաշինյանը, և թող ինքն էլ իր վրա վերցնի պարետի պատասխանատվությունը։

Չգիտեմ ինչով է զբաղվում պարետը, բայց հաստատ չի զբաղվում բացատրական աշխատանքներով, վարչապետն է զբաղվում։ Մինչդեռ Ավինյանը պետք է օր ու գիշեր չքներ։

– Նիկոլ Փաշինյանի կոչերին կհետևե՞ն։

– Փաշինյանը քաղաքական ընկալում ունի, բայց ոչ կարգապահական։ Նիկոլ Փաշինյանը հեղափոխական հերոս է մեզ համար, մեր պայքարակիցն է, իսկ Ավինյանը, ըստ պաշտոնի, որի համար աշխատավարձ է ստանում, պարտավոր է տասնապատիկ կամ հարյուրապատիկ ավելի աշխատել, քան վարչապետը, քանի որ նրան Հայաստանի կարգապահությունն է վստահված: Եթե Հայաստանում կարգապահություն չկա, ուրեմն պետք է փոխել պարետին, բերել պարետ, որի խոսքը ժողովուրդը կընկալի։ 

Ավինյանին ոչ մեկը չի ընկալում, հետո վարչապետը խոսում է և վերցնում իր ձեռքը պարետի դերը։ ՀՀ քաղաքացին չի վստահում Ավինյանին որպես պարետի։ Խնդիրը ոչ թե անկարգապահ ժողովրդի մեջ է, այլ պարետ Ավինյանի ոչ կոմպետենտ հայտարարությունների։ 

Փոխարենը տուժում է ՀՀ քաղաքացին, որը առանց դիմակի դուրս է եկել փողոց։ Եվ այդ մարդու արժանապատվության խաթարման համար մեկ պատասխանատուն Ավինյանն է։ Եթե այսօր գոնե մեկը առանց դիմակի դուրս է գալիս տնից, Ավինյանը պետք է գիշերները չքնի։ Եվ նա, ով պատրաստ է չքնել գիշերները, թող նա էլ ստանձնի պարետի պարտականությունները։

– Վանեցյանը, Միքայել Մինասյանը պահանջում են վարչապետի և կառավարության հրաժարականը։ Այս պահին նման պահանջներով հանդես գալն ի՞նչ նպատակ է հետապնդում։

– Նորից վերադառնում եմ իմ մտքին, որ իշխանության մեջ վստահելի մարդիկ պետք է լինեն, միայն Նիկոլ Փաշինյանը բավարար չէ, պետք է լինեն մարդիկ, որոնց կվստահեն: 

Պաշտոնյաների նկատմամբ վստահության բացակայությունն այսօր ընդդիմություն է ձևավորում, և սկսում են շահարկել, որ պաշտոնյաները չեն կարողանում ղեկավարել իրենց վստահված ոլորտները։ Երբ մարդը դուրս է գալիս առանց դիմակի, դրա պատասխանատուն՝ Ավինյանը, չունի այն վստահությունը, որ մարդիկ ենթարկվեն իր պահանջներին։

Մանե Հարությունյան

MediaLab.am