Ի՞նչ հարցեր են քննարկվել Արեւելյան գործընկերության Եվրանեսթ ԽՎ-ի լիագումար նստաշրջանում

Ապրիլի 19-20-ը տեղի է ունեցել Արեւելյան գործընկերության Եվրանեսթ ԽՎ-ի լիագումար նստաշրջանը, որն անցկացվել է առցանց եղանակով: Վեհաժողովում ԱԺ պատվիրակության կատարած աշխատանքի մանրամասներն ապրիլի 26-ի ասուլիսում ներկայացրին պատվիրակության ղեկավար Վիկտոր Ենգիբարյանը, պատվիրակության անդամներ Արման Եղոյանը, Տարոն Սիմոնյանը եւ Մարիա Կարապետյանը:

Ապրիլի 19-ին տեղի են ունեցել Տնտեսական ինտեգրման, Սոցիալական, աշխատանքի, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության, Էներգետիկ անվտանգության եւ Քաղաքական, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերի հանձնաժողովների նիստերը: Վիկտոր Ենգիբարյանը, որը քաղաքական հարցերով հանձնաժողովի անդամ է, նշեց, որ այս անգամ հանձնաժողովն իր բանաձեւում անդրադարձել է Արեւելյան գործընկերության երկրներում եվրոպական ինտեգրման հարցերին: Առանձնահատուկ ուշադրության է արժանացել այն հանգամանքը, որ մարտի 1-ից արդեն ուժի մեջ է մտել ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: «Արեւելյան գործընկերության 3 պետություններ ունեն  ասոցացված համաձայնագիր ԵՄ-ի հետ, եւ մեզ համար կարեւոր էր շեշտադրումներ կատարել մեր համաձայնագրին եւ եվրոպացի գործընկերների ուշադրությունն ուղղել այդ փաստի վրա»,-ընդգծեց պատվիրակության ղեկավարը:

Վեհաժողովում քննարկվել են նաեւ COVID-19-ով պայմանավորված խնդիրները, բանավեճի ընթացքում ելույթներ են ունեցել հայկական պատվիրակության անդամները:

«Մեզ համար կարեւոր է շեշտադրումներ կատարել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ պայմանավորված ռազմագերիների վերադարձի հարցին, որի պարտավորությունն ադրբեջանական կողմը, ցավոք, ամբողջությամբ չի կատարել: Պետք է ասեմ, որ այս հարցի շուրջ եվրոպացի գործընկերների մոտ կա լայն կոնսենսուս: Ոչ միայն մեր պատվիրակները, այլ նաեւ եվրոպացի մի շարք պատգամավորներ ելույթ ունեցան եւ նշեցին, որ Ադրբեջանն անպայման պիտի կատարի պայմանավորվածությունները»,-արձանագրեց Վիկտոր Ենգիբարյանը:

Անդրադարձ է կատարվել Ադրբեջանում իրականացվող հայատյացության քաղաքականությանը, այսպես կոչված «ռազմական ավարի պուրակի» խայտառակ պատմությանը, հայկական մշակութային ժառանգության պահպանությանը:

Լիագումար նիստի սկզբում ուղերձով հանդես են եկել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Եվրոպական խորհրդարանի նախագահը: Ելույթներ են ունեցել Ուկրաինայի, Վրաստանի խորհրդարանների ղեկավարները: «Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահը ելույթ չունեցավ, ինչը մեզ հուշում է, որ ադրբեջանական կողմը բավարարված չէ Եվրանեսթի աշխատանքներով, քանի որ նրանց առաջադրած բոլոր հակահայկական կետերը բանաձեւերից դուրս են մղվել»,-փաստեց Ենգիբարյանը:

Պատվիրակության անդամ Տարոն Սիմոնյանը տեղեկացրեց, որ Տնտեսական հարցերով հանձնաժողովում դեռեւս երկու տարի առաջ մեր պատվիրակությունն առաջարկել էր կրթության եւ տնտեսության սիներգիային վերաբերող բանաձեւ քննարկել, ինչը քննարկվել եւ ընդունվել է: 100-ից ավելի առաջարկների զգալի մասն ընդունվել է պատվիրակության եւ Եվրանեսթի պատգամավորների կողմից:

Էներգետիկ հարցերով զբաղվող հանձնաժողովի աշխատանքները ներկայացրեց Արման Եղոյանը: Ավանդույթի համաձայն՝ ադրբեջանցիները բարձրացրել են սովետական ատոմակայանների հարցը՝ բնականաբար, նկատի ունենալով հայկական ատոմոկայանը: «Բայց ինչպես նախորդ բոլոր դեպքերում, իրենց առաջարկները (ուշադիր լինել, սովետական երկրների ատոմակայանների անվտանգության հարցում աչալուրջ լինել, փակել դրանք) տապալվեցին: Սա տեղեկություն է այն մարդկանց համար, որոնք շահարկում են ատոմակայանի թեման, թե մենք այնտեղ խնդիրներ ունենք: Անգամ խորհրդարանական վեհաժողովի մակարդակով փաստվեց, որ ոչ տեխնիկական եւ ոչ էլ քաղաքական խնդիր կա»,-ընդգծեց Եղոյանը: 

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։