Պեսկովը վստահ է, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա բոլոր դժվարությունները կանցնեն

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա դժվարությունները կհաղթահարվեն և ընդգծել, որ երկու երկրների միջև համագործակցությունը միանգամայն փոխշահավետ է:       

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքերը՝ «Գիտելիք․ առաջինները» ուսումնակրթական մարաթոնում ունեցած ելույթից:

«Ամենամոտ հարևանները կարող են ունենալ մի շրջան, երբ հարաբերությունները կարող են սրված լինել, սակայն դրա համար անհրաժեշտ է քաղաքական կամք, ինչը մենք ունենք մեր կողմից, կառուցողականություն և հեռատեսություն, երկու երկրների ղեկավարների քաղաքական հեռատեսությունը. մենք դա ևս ունենք։ Ուստի, վստահ եմ, որ այս բոլոր դժվարությունները կանցնեն, Ռուսաստանի և Հայաստանի համագործակցությունը միանգամայն փոխշահավետ է», – նշել է Պեսկովը։