«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է տնտեսագետ, Tvyal.com կազմակերպության ղեկավար Աղասի Թավադյանը
– Պարո՛ն Թավադյան, թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը բազմիցս հայտարարել են, որ ՀՀ տնտեսությունը զարգացում է ապրում, որ «Հայաստանը շարունակում է գտնվել կայուն տնտեսական զարգացման ուղեծրի վրա»: Իշխանության կողմից ներկայացվող այս տվյալներն ու իրական պատկերը համահո՞ւնչ են:
– Իհարկե տնտեսությունն աճում է, բայց պետք է հասկանալ, թե դրա հիմքում ինչն է, ու արդյոք այս տնտեսական աճը, որ ունենք, կայո՞ւն է, թե՞ ոչ, նախևառաջ հասկանանք վերջին մի քանի տարվա տնտեսական աճի հիմնապատճառները:
2022-ին գրանցվել է 12.6% տնտեսական աճ, որը հիմնականում պայմանավորված է եղել Ռուսաստանից եկած կապիտալի ու աշխատուժի արտահոսքով, ինչպես նաև արտահանման ու վերարտահանման աճով: Եթե նայենք 2022-ի աճը ըստ բաղադրիչների, ապա այդ 12.6% աճի կեսն ապահովել է բանկային ու ՏՏ ոլորտը, չհաշված այն ոլորտները, որոնք շահել են կապիտալի ներհոսքի ու վերարտահանման հաշվին: Այս աճը շարունակվել է մինչև 2023-ի կեսերը, կապիտալի այս ներհոսքը հետո դանդաղել է:
Տնտեսական աճի երկրորդ պատճառը ոսկու մեծ քանակությամբ վերարտահանումն է, որը նաև ազդել է ՀՆԱ-ի աճի վրա: 2024-ին մեր արտահանումն աճել է ապշեցուցիչ՝ 52%-ով ու կազմել է 13,1 միլիարդ դոլար, բայց եթե խորանանք այդ արտահանման մեջ, ապա այդ ամբողջ արտահանման 61.4%-ը եղել են ոսկին ու ադամանդը, այսինքն՝ թանկարժեք ու կիսաթանկարժեք քարերն ու մետաղները: Մոտ 9%-ը եղել է դեպի Ռուսաստան տեխնիկայի ու հեռախոսների վերարտահանումը, մոտ 1%-ը՝ մեքենաների վերարտահանումը, մոտ 2%-ը՝ այլ ապրանքների, այսինքն՝ մեր արտահանման մոտ 74 %-ը եղել է վերարտահանում: Եթե այդ 13,1 միլիարդ դոլարից այդ 74 %-ը հանենք, լինելու է մոտավորապես 3,3 միլիարդ , որը համադրելի է 2021-ի 3 միլիարդ արտահանման հետ՝ մինչև վերարտահանման սկիզբը:
Սա առաջին հերթին վտանգավոր է նրանով, որ արտահանման 61.4%-ը ոսկի է, ու արդեն ունենք ոսկու վերարտահանման հստակ կրճատում: Եթե այս տեմպով շարունակվի, ապա 2025 թվականի արտահանման ցուցանիշը լինելու է 9 միլիարդ, որն արդեն իսկ 30%-ով պակաս է լինելու 2024-ի ցուցանիշից, սա արդեն իսկ ռիսկ է: Պետք է հասկանալ, որ տնտեսության աճը նաև ապահովվում էր ոսկու վերարտահանմամբ:
Իրական տնտեսությունը որոշակի անկում է ապրում, ես ասացի, որ մեր արտահանումն աճել է 52%-ով, սակայն բուն արտահանման մեջ մեր ավանդական արտահանումների քանակը նվազել է. 2024-ին դեպի ԵԱՏՄ արտահանումը նվազել է 11%-ով, դեպի ԵՄ` 14 %-ով ոսկու ժամանակավոր վերարտահանման հաշվին, որը կարելի է անվանել տնտեսական փուչիկ:
Հաջորդ խնդիրն այն է, որ 2024 թ. հարկային եկամուտները մոտ 8%-ով ավելի քիչ են հավաքագրվել, հիմնականում պակասել են ավելացված արժեքի հարկերի մուտքերը, ինչը տնտեսական խնդիրների մասին է խոսում: Տվյալները ցույց են տալիս, որ մեր տնտեսությունը հիմնականում հիմնված է բանկային գործարքների ծառայությունների ու շինարարության վրա, որն էլի երկարաժամկետ կայուն զարգացման հիմք չի կարող հանդիսանալ:
– Փաշինյանը նաև ընդգծել է աշխատատեղերի ավելացման ու աշխատավարձերի բարձրացման հանգամանքը, բայց մենք տեսնում ենք օր օրի ավելացող բողոքի ակցիաներ՝ սոցիալական հիմքով պայմանավորված:
– Կառավարությունն ինչ թիվ ներկայացնում է, համապատասխանում են իրականությանը, բայց ամբողջական պատկերը չեն տալիս: Առաջին հերթին պետք է հասկանանք, թե աշխատատեղերի ավելացումն ինչի հաշվին է տեղի ունեցել: Դա հիմնականում տեղի է ունեցել եկամտային հարկի կրճատման ու համահարթեցման հաշվին, որովհետև մինչև 2019 թվականը մեզ մոտ միջին եկամտային հարկը 28% էր, համահարթեցումից հետո դարձել է 20%, ու այդ հարկի իջեցման հիմնական պատճառ է հանդիսացել այն, որ կազմակերպությունները սկսել են գրանցել իրենց աշխատողներին, ու եկամտային հարկի մուտքերն ավելացել են:
Պարադոքսալ է, բայց հարկերի դրույքաչափի իջեցումը Հայաստանում բերել է հարկային մուտքերի ավելացման, ինչը մտածելու տեղիք է տալիս, որի արդյունքում աշխատատեղերի աճ է գրանցվել:
Միջին աշխատավարձի մասով. ինչո՞ւ է այն խաբուսիկ, որովհետև, ենթադրենք, 2018- ին պայմանականորեն Հայաստանում աշխատում էր 5 մարդ, որոնք ստանում էին 1, 2, 3, 4 և 5 դրամ, ապա միջին աշխատավարձը 3 էր, այս պահին նույն մարդիկ պայմանականորեն ստանում են 1, 2, 3, 4 և 10 դրամ ու միջինը դարձել է 4 դրամ, իսկ դա աճել է, որովհետև Հայաստանում հիմնականում կա երկու տնտեսություն՝ առաջինը բանկային ու ՏՏ ոլորտն է, որով մեր կառավարությունը սիրում է հպարտանալ, որտեղ աշխատավարձն աճել է մոտ երեք անգամ:
Երկրորդ տնտեսությունը, որի մասին չեն խոսում, մարզերն են ու գրեթե բոլոր այլ աշխատատեղերն են, որոնք չեն զգացել աշխատավարձերի բարձրացում: Սա բերել է բևեռացման՝ հարուստներն ավելի են հարստացել, որի հաշվին էլ միջին աշխատավարձը բարձրացել է:
Երկրորդ բևեռացումը, որի մասին դարձյալ չի խոսվում, Երևան քաղաքի բևեռացումն է, որովհետև հասկանալի է, որ բանկային ու ՏՏ ոլորտի աշխատողների աշխատավարձերը հիմնականում Երևանում են: 2018-ին աշխատավարձային ֆոնդի մոտ 72%-ն էր Երևանում, այս պահին՝ գրեթե 80 %-ը: Նույնը կարելի է ասել առևտրի մասին, այսինքն՝ բևեռացումն է մեծացել, ու դրա հաշվին հիմնականում միջին ցուցանիշները բարձրացել են: Այս բևեռացման բացասականն այն է, որ վերջին շրջանում զարգացումը հիմնականում Երևանում է, ու Երևանի ու մարզերի միջև բևեռացումն էլ ավելի է խորացել:
– Պարո՛ն Թավադյան, հարկերի բարձրացման մասով տնտեսվարողները շարունակում են դժգոհել, Փաշինյանն էլ օրերս ասաց, որ հարկերը պետք է բարձր լինեն, ու բարձրացումը նորմալ է: Բողոքն արդյունք կտա՞, ըստ ձեզ:
– Սա սխալ հարկաբյուջետային քաղաքականության հետևանք է ու, ամենայն հավանականությամբ, կարճաժամկետ պլանավորման արդյունք է, որովհետև 2024-ին հանգեցին խնդրի, որ բյուջետային եկամուտները 8%-ով թերակատարվել են: Այսպիսի բան չի եղել, հիմա բյուջեում կա հստակ ճեղքվածք, ու դա լրացնելու համար կարճաժամկետ մտածելակերպով հնարավորինս բարձրացնում են հարկերը: Բայց չեն ընկալում, որ տնտեսությունը աճում է ոչ թե հարկերի բարձրացման արդյունքում, այլ ընդհակառակը՝ տնտեսության աճի արդյունքում պետք է հարկերը բարձրացնել:
Քանի որ տնտեսվարողներն այնքան էլ լավ վիճակում չեն, սա կարող է հակառակ էֆեկտի բերել: Վերջերս մեծացել է կանխիկով գործունեությունը, որովհետև տնտեսվարողները փորձում են վերադառնալ ստվեր, այսինքն՝ նրանք աստիճանաբար կա՛մ վերադառնալու են ստվեր, կա՛մ դուրս են գալու Հայաստանից, գնան այլ երկիր, որտեղ ավելի բարենպաստ միջավայր է, կա՛մ սնանկ ճանաչվեն:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am


















