ՊԵԿ-ը կանխել է Իրանից 122 տոննա քաշով վառելիքի անօրինական ներմուծումը

ՊԵԿ-ի մաքսանենգության դեմ պայքարի վարչության Սյունիքի տարածաշրջանային բաժնի աշխատակիցներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Մեղրիի մաքսային կետ-բաժնով Իրանի Իսլամական Հանրապետությունից ՀՀ ներմուծված ապրանքը հայտարարագրվել է ոչ իր անվամբ:

5 բեռնատար ավտոմեքենայով բերված՝ ընդհանուր շուրջ 122 հազար կգ քաշով ապրանքը հայտարարագրվել է որպես ավիավառելիք՝ ռեակտիվ շարժիչների համար։ Տեղեկատվության իսկությունը ստուգելու նպատակով վերոնշյալ ապրանքները բացթողնվելուց հետո մաքսանենգության դեմ պայքարի վարչության  աշխատակիցների կողմից իրականացվել են հսկողական աշխատանքներ:

Արդյունքում հիշյալ բեռնատարները կանգնեցվել են, և այդ տրանսպորտային միջոցներում  առկա նյութերից վերցվել են փորձանմուշներ և նյութերի իրական բաղադրակազմը պարզելու նպատակով նշանակվել է նյութագիտական փորձաքննություն։

Համաձայն փորձաքննության եզրակացության՝ հայտարարագրված ապրանքները չեն հանդիսացել ավիավառելիք՝ ռեակտիվ շարժիչների համար, այլ հանդիսացել են գազօյլ, ինչը որպես հավելյալ բաղադրանյութ օգտագործվում է դիզելային վառելիքի բաղադրության մեջ: Տնտեսվարող սուբյեկտը, ապրանքներն իրական անվանումներով չհայտարարագրելով, խուսափել է պետական բյուջե լրացուցիչ վճարման ենթակա մաքսային  վճարներից։ 

Փաստի առթիվ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 316-րդ հոդվածի հատկանիշներով կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն:

Դեպքին առնչվող  նյութերը տրամադրվել են ՊԵԿ-ի իրավաբանական վարչություն։