«Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ խոսքը խեղաթյուրված է ներկայացվել հենց իրանական ԶԼՄ-ների կողմից. Ժաննա Վարդանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրանագետ Ժաննա Վարդանյանը

– Տիկի՛ն Վարդանյան, օրերս լուրեր տարածվեցին, թե Իրանն ու Թուրքիան պետք է բանակցեն «Զանգեզուրի միջանցքի» հարցով, այդ լուրը հերքվեց Իրանի կողմից։ Իրականում ի՞նչ տեղի ունեցավ, ու ինչի՞ մասին էր խոսքը։

– Իրականում Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայիի խոսքը խեղաթյուրված է ներկայացվել, ու խնդիրը սկսվել է հենց իրանական ԶԼՄ-ներից, որովհետև մի շարք իրանական ԶԼՄ-ներ Բաղայիին են վերագրել բառեր, որոնք նա հնչեցրել է մեկ այլ հարցի վերաբերյալ։ 

Հարց է հնչել, թե ինչպե՞ս է կարգավորվելու Իրանի ու Թուրքիայի միջև բեռնատարների վարորդների ու վառելիքի հետ կապված խնդիրը, որին ի պատասխան ԱԳՆ խոսնակն ասել է, որ Իրանից առաջիկայում պատվիրակություն է մեկնելու Թուրքիա այդ հարցը քննարկելու, ու դա տեխնիկական հարց է։ 

Այս պատասխանը վերագրվել է այն հարցին, որը եղել է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ, ու ստացվել է, որ իբրև ԱԳՆ խոսնակն ասել է, թե «Զանգեզուրի միջանցքի» հարցը քննարկելու համար մեկնելու են Թուրքիա։ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ սակայն նա կրկին վերահաստատել է Իրանի դիրքորոշումը։ Այսինքն՝ եղել է խեղաթյուրում, որը լայն արձագանք է գտել ադրբեջանական ու հայկական ԶԼՄ-ներում, ու խառնաշփոթի պատճառ դարձել։

 – Այսինքն՝ իրականում ոչ թե ադրբեջանական կողմն է մանիպուլացրել, այլ իրանական ԶԼՄ-ների ներկայացուցիչնե՞րը։

– Այո՛, ամեն ինչ սկսվել է հենց իրանական ԶԼՄ-ներից, որովհետև մի շարք ԶԼՄ-ներ սխալ են ներկայացրել, որն էլ տարածել են թե՛ ադրբեջանական, թե՛ հայկական ԶԼՄ-ները։ Իրանական կողմը վերահաստատել է իր դիրքորոշումը «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ, այս մասին հավելյալ բան չի հայտարարվել, չի ասվել, պատվիրակությունը բոլորովին այլ հարցով պետք է Թուրքիա մեկնի։ 

Թուրքիան իրանական բեռնատարների համար վերացրել է արտոնությունը, ու իրանական բեռնատարներից յուրաքանչյուր լիտր վառելիքի դիմաց արդեն գանձելու է շուրջ 29 լիրա, ինչը մեկ բեռնատարի համար կարող է ստացվել մոտ 1000 դոլար: Նախկինում այս վճարը չկար, ու իրանական բեռնատարներն արտոնյալ էին, բայց հիմա նոր որոշում է կայացվել, ինչն էլ իր հերթին պատասխան է եղել իրանական կողմում ներդրված մեկ այլ նախագծի, որով թե՛ իրանական, թե՛ արտասահմանյան բեռնատարների վարորդներին ստիպում են Իրանից դուրս գալիս կամ ամբողջովին լիցքավորել բաքը, կամ վճարել դրան համարժեք գումարը։ 

Այս որոշումն առաջացրել է թե՛ հենց իրանցի, թե՛ արտասահմանցի վարորդների դժգոհությունը, եթե հիշում եք, ապա հայ վարորդներն էլ ընդամենը մեկ ամիս առաջ բողոքի ցույցեր էին անցկացնում, հայ-իրանական սահմանն էին փակել, այսինքն՝ խոսքը այս նույն խնդրի մասին է։ 

Սրան ի պատասխան քայլ է ձեռնարկել Թուրքիան, այժմ այս երկու երկրների սահմանին երթևեկությունը կաթվածահար է, ու բեռնատարների վարորդները սպասում են ինչ-որ լուծումների։ Իրանի իշխանությունները խոստանում են առաջիկա օրերին հարցը կարգավորել, առայժմ նորություն չկա, ու շատ հավանական է, որ իրանցիները ինչ-որ անցակետերում արտոնություն սահմանեն, ենթադրենք՝ թուրքական բեռնատարների համար՝ նույնը ակնկալելով Թուրքիայից։ Դեռ լուծում չկա, խնդիրը սա էր, ու սրանով էր պայմանավորված, ինչն էլ իր հերթին Իրանում բենզինի դեֆիցիտի, բենզինի սուբսիդավորված լինելու, էժան լինելու հետևանքն էր։ 

– Տիկի՛ն Վարդանյան, կարծում եք՝ խնդիրը կողմերը շո՞ւտ կլուծեն։

– Չեմ կարող ասել, բայց ամեն դեպքում, փաստացի, կա իրավիճակ, երբ հազարավոր մեքենաներ կանգնած են սահմանին, ու չեմ կարծում, թե այդ մեքենաները կամ մասնավոր ընկերությունները պատրաստ են յուրաքանչյուր մեքենայի համար վճարել շուրջ 1000 դոլար, որպեսզի Թուրքիա մեկնեն կամ տարանցում իրականացնեն, հետևաբար հրատապ լուծում է անհրաժեշտ, գուցե կողմերը փորձեն լուծման գալ՝ փոխադարձ արտոնություններ սահմանելով, զիջումներ անելով։ 

– Սիրիայում տեղի ունեցած դեպքերից հետո Իրան-Թուրքիա հարաբերություններն ինչպիսի՞ն են, նաև կարծիքներ են հնչում, որ հաջորդը արդեն Իսրայելի կողմից սանձազերծված պատերազմն է լինելու Իրանի դեմ, կա՞ն պատերազմի հիմքեր։

– Իրան-Թուրքիա հարաբերությունները միշտ էլ մրցակցային են եղել, բայց միաժամանակ նրանք նաև տնտեսական խոշոր գործընկերներ են, ու, անկախ տարածաշրջանի տարբեր կետերում մրցակցությունից, տնտեսական համագործակցությունը միշտ շարունակվել է, հարաբերությունները միշտ լի են վայրիվերումներով, ինչ-որ շրջան կարող են լարված լինել, ինչ-որ շրջան՝ հանդարտ, բայց լայն առումով նրանց հարաբերությունների բնույթը չի փոխվելու: 

Անկախ նրանից, ինչ կատարվեց Սիրիայում, այս երկրների հարաբերությունները շարունակելու են ունենալ նույն բնույթը, ու Սիրիայում կատարվածը այդ հարաբերությունների բնույթի բաղկացուցիչ մաս էր միայն, այսինքն՝ ինչ-որ նոր բան չի հաղորդել, Իրան-Թուրքիա պատմական հակասությունների ու մրցակցության զուտ պատմական, տրամաբանական շարունակությունն է։ 

Իրան-Իսրայել հակամարտությունը միշտ եղել է ավելի շատ պրոքսի ուժերի միջոցով, դա «Հըզբոլլահն» էր, Սիրիայում ուժերն էին, ու մենք տեսել ենք, որ վերջին մեկ տարվա ընթացքում Իսրայելը ձեռնամուխ է եղել այդ պրոքսի ուժերը վերացնելուն կամ առնվազն թուլացնելուն, ու դա նրան հաջողվել է: 

Փաստացի այժմ Իրանը կորցրել է Սիրիան, «Հըզբոլլահը» թուլացած է, այսինքն՝ այդ պրոքսի ուժերը թուլացած են, մյուս կողմից՝ մենք 2024-ին ականատես եղանք նրան, որ Իրան-Իսրայել հակամարտությունը թևակոխեց նոր փուլ, ու Իրանն անմիջապես իր տարածքից հարվածներ հասցրեց Իսրայելին, այսինքն՝ ուղիղ բախման հավանականությունն ավելի մեծացավ, ու այն պարագայում, երբ պրոքսի ուժերով գործելու հնարավորություններն ավելի քիչ են, դա ևս մեծացնելու է ուղիղ առճակատման հավանականությունը։ 

Բայց, ինչպես տեսնում ենք Իրանի գործողություններից, նա հնարավորինս զգույշ է գործում ու փորձում է հնարավորինս խուսափել պատերազմից, ու Իսրայելի վերջին գործողությանը մինչև հիմա չի արձագանքել։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am