Դեպի Մաքսային միություն, փրկությունը` տեղական արտադրություն. Գնաճի եւ անակնկալների մասին

Դեպի Մաքսային միություն, փրկությունը` տեղական արտադրություն. Գնաճի եւ անակնկալների մասին
Դեպի Մաքսային միություն, փրկությունը` տեղական արտադրություն. Գնաճի եւ անակնկալների մասին

Մինչ ամբողջ աշխարհը ուշի-ուշով հետեւում է Կիեւում ծավալվող իրադարձություններին, եւ ընդդեմ Մաքսային միության շարունակվող ուկրաինացիների անկոտրում պայքարին,  Հայաստանում տնտեսագետները շարունակում են հաշվարկել եւ կանխատեսումներ անել, թե Հայաստանի` ՄՄ անդամակցելուց հետո գնաճի ինչ անակնկալներ են մեզ սպասվում: 

Չնայած տարբեր գերատեսչությունների հայտարարություններին, թե Մաքսային միությանն անդամակցելուց հետո ավելանալու է թե Հայաստանից արտահանումը եւ թե ներմուծումը, տնտեսագետներն այնքան էլ լավատես չեն, թե գնաճը «չնչին է լինելու»:

Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու դեպքում, ինչպես հայտնի է, առաջին անհրաժեշտության սննդամթերքի հետ միասին թանկանալու են նաև դեղորայքի և ավտոմեքենաների մաքսատուրքերը:

Այս փուլում մինչ Հայաստանի ղեկավարությունը ռուսական կողմի հետ բանակցում է՝ առաջին անհրաժեշտության ապրանքների մաքսատուրքերի մասով արտոնություններ ստանալու ակնկալիքով, մասնագետները մտահոգիչ են համարում հնարավոր թանկացումները:

Մաքսային միության տարածքում միայն ավտոմեքենաների հետ կապված 50-60 մաքսատուրք է գործում:

Տնտեսագետ Սամվել Ավագյանն ասում է, որ այդ մաքսատուրքերը տատանվում են 20-25 տոկոսի շրջանակներում:

Դրա հետևանքով միջին հաշվով հայաստանյան շուկայում ավտոմեքենաների գների 10-15 տոկոս թանկացում է սպասվում:

«Եթե ավելի հին ավտոմեքենաներ են՝ յոթ և ավելի տարի օգտագործված, դրանց շարժիչի ծավալը բազմապատվում է որոշակի թվով ու կարող է այնպես ստացվել, որ հին ավտոմեքենայի համար սահմանվի 4 000 դոլար մաքսատուրք»,- «Մեդիալաբին» ասում է Սամվել Ավագյանը:

Նրա խոսքով՝ դա նշանակում է, որ ներմուծված ավտոմեքենաների գների թանկացումն անխուսափելի է, եթե Հայաստանում այդ ավտոմեքենաները չազատվեն բնապահպանական վճարներից:

«Եթե կոպիտ հաշվարկ անենք, ամենաշատը տուժելու են այն ներմուծողները, որոնք ներմուծում են յոթ և ավելի տարվա արտադրության ավտոմեքենաներ: Իսկ ընդհանրապես, միջինում 10-15 տոկոս թանկացում է սպասվում այն ավտոմեքենաների գների, որոնք արտադրված ու ներմուծված են ոչ Մաքսային միության երկրներից»,- ասում է տնտեսագետը:

Մաքսային միության տարածքում դեղորայքի ներմուծման համար սահմանված է 0-15 տոկոս մաքսատուրք, սակայն Հայաստանում դեղերի համար զրո տոկոս մաքսատուրքեր են գործում:

Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը դեղորայքի և սննդամթերքի թանկացումից խուսափելու համար մի ելք է տեսնում՝ զարգացնել տեղական արտադրությունը:

«Դեղեր քաղաքականությամբ մենք սկսել ենք լրջորեն զբաղվել: Եթե հայկական դեղորայքը ապահովում է տեղական շուկայի 10 տոկոսը, մենք տարեկան 80-90 մլն դոլարի տեղական արտադրության դեղորայք են իրացնում մեր շուկայում, առաջին հերթին դեղերի անվտագության խնդիր ունենք: Եթե երկիրն առնվազն 60-70 տոկոս  դեղեր չի արտադրում, կախվածության մեջ է, և դա լուրջ վտանգ է անվտանգությանը»,- «Մեդիալաբին» ասում է Վազգեն Սաֆարյանը:

Նա կարծում է, որ հնարավոր է զարգացնել դեղորայքի արտադրությունը Հայաստանում, քանի որ Խորհրդրային միության ժամանակներից լուրջ ժառանգություն ենք ստացել:

Եթե թանկանալու է այն դեղորայքը, որը լայն սպառում ունի ու շատ անհրաժեշտ է բնակչությանը, Վազգեն Սաֆարյանի խոսքով, կառավարությունը պետք է որոշակի սուբսիդավորում հատկացնի՝ պոլիկլինիկաների միջոցով դրանք մարդկանց հասցնելու համար:

Նա կարծում է, որ դեղորայքի տեղական արտադրությունը զարգացնելը հնարավորություն կտա մեծացնել արտահանման ծավալները, իսկ արտահանումից ստացվող միջոցները կօգնեն կոմպենսացնել ներմուծվող դեղերի գնային տարբերությունը:

Տնտեսագետ Սամվել Ավագյանն ասում է, որ Մաքսային միության տարածքում զրո տոկոս մաքսատուրք է սահմանված ինսուլինի և հակաբիոտիկների մի մասի համար:

«Այսինքն՝ կա դեղերի մի ցանկ, որ Մաքսային միությունն այնուամենայնիվ չի հարկում: Բայց կա դեղերի մի ցանկ, որոնց վրա կիրառվում է մինչև 15 տոկոս մաքսատուրք, ինչպես օրինակ՝ վիտամինային կոմպլեքսների կամ հակաբիոտիկների որոշ տեսակների դեպքում է: Դրա հետևանքով Հայաստանում դեղորայքի մասնակի թանկացում է սպասվում»,- «Մեդիալաբին» ասում է տնտեսագետը:

Սննդամթերքի թանկացման խնդիրն անդրադառնալով՝ Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահն ասում է, որ պետք է փորձել հիմնական սննդամթերքն արտադրել տեղում: Մեր տնտեսություն, ըստ նրա, ունի այդ ներուժը:

«Դա կարագն է, պանիրն է: Մենք կարող ենք շվեյցարական պանրի որակի պանիր արտադրել: Մենք ունենք 17000 մետր բարձրության տարածքներ, որոնք ալպյան գոտիներ են, և այդտեղ արածող կովերի կաթը ամենալավն է: Մենք կարող ենք շվեյցարական կոչվող և հոլանդական պանրի որակի պանիր հենց տեղում արտադրել, որպեսզի դրսի շուկայից կախվածության մեջ չլինենք»,- ասում է նա:

Սաֆարյանի խոսքով՝ պետք է նաև աշխատանքներ տանել տեղական շուկան մսամթերքով ապահովելու ուղղությամբ:

«Որպեսզի շատ դրսից չբերես, դու պիտի քոնն արտադրես: Մենք տարեկան մոտ 30 հազար տոննա թռչնի միս ենք ներմուծում ոչ Մաքսային միության տարածքի երկրներից՝ Բրազիլիայից, ԱՄՆ-ից, ինչո՞ւ մենք տեղում չենք արտադրում: Մի ժամանակ մենք տեղական շուկան ամբողջությամբ ապահովել են տեղական հավի մսով: Այսօր տարեկան 40 հազար տոննա թռչնի միս ենք սպառում, որից 10 հազար տոննան է տեղում արտադրվում»,- ասում է նա:

Տեղական արտադրությանը զարկ տալը, Սաֆարյանի խոսքով, նաև առողջապահական խնդիր է լուծում:

«Մեր ստամոքսը սովոր է մեր բնակլիմայական պայմաններում արտադրված սննդամթերքին: Այդ պատճառով է, որ տեղական միսն ավելի թանկ է, քան դրսից ներմուծվողը»,- նշում է նա:

Մաքսային միությանը միանալու դեպքում ոչ ՄՄ երկրներից Հայաստան ներմուծվող տավարի մսի համար կսահմանվի 15 տոկոս մաքսատուրք՝ ներկայիս գործող 10 տոկոսի փոխարեն:

Թռչնի մսի ներմուծման դեպքում մաքսատուրքը կկազմի 25 տոկոս՝ ներկայիս 10 տոկոսի փոխարեն: Թանկանալու են նաև պանրի, կարագի, ձեթի, ցորենի, բրնձի և առաջին անհրաժեշտության այլ սննդամթերքի մաքսատուրքերը, ինչը ներքին շուկայում գնաճի պատճառ է դառնալու:

Գնաճի նման տեմպերն ամենեւին էլ լավատեսորեն չեն տրամադրումմ հատկապես այն դեպքում, երբ Հայաստանում սոցիալական բեւեռացումն օրեցօր սրվում է, արտագաղթի տեմպերը գնալով ավելի մտահոգիչ են դառնում, իսկ աղքատությունը երկրում պաշտոնապես կազմում է մոտ 30 տոկոս:

Չնայած տնտեսագետների, քաղաքական վերլուծաբանների հնչեցրած մտահոգություններին, ՀՀ կառավարությունն այս փուլում բանակցություններ է վարում` Մաքսային միություն մտնելուն պես առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքատեսակների համար սահամանված մաքսատուրքերի արտոնություններ ստանալու համար:

Էկոնոմիկայի նախարարության մասնագետների պնդմամբ՝ միայն բանակցությունների ավարտից հետո հնարավոր կլինի ասել, թե որ ապրանքը որքանով կթանկանա:

Ավելի վաղը էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը «Մեդիալաբին» ասել էր, որ Հայաստանը տարեկան մոտ 10 մլրդ դոլարի սպառում ունի:

ՄՄ մտնելու դեպքում, եթե Հայաստանի համար մաքսատուրքերի բացառություն չլինի, ընդհանուր թանկացվումը կազմելու է 145 մլն դոլար: Այսինքն, ըստ նախարարի, դա տարեկան հանգեցնելու է 1.5 տոկոս լրացուցիչ գնաճի:

Սակայն, ըստ տնտեսագետ Սամվել Ավագյանի, այդքան էլ հստակ չէ, թե ինչ պատկեր ենք ունենալու:

«Այն Մաքսային քաղաքականությունը, որը կիրառվում է Մաքսային միությունում, շատ բարդ է: Յուրաքանչյուր ապրանքախմբի համար այնտեղ սահմանվում է մի քանի տասնյակ, անգամ մի քանի հարյուր տեսակավորում: Հայաստանի մաքսային օրենսգիրքը շատ պարզ է»,- «Մեդիալաբին» ասում է տնտեսագետ Սամվել Ավագյանը:

© Medialab.am